Համավարակի պայմաններում աշխարհում յուրաքանչյուր երրորդ չափահաս մարդը ծանր սթրես է ապրում, եւ դա, ինչպես պարզվում է, բացասաբար է անդրադառնում կանանց առողջության վրա:
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ առողջապահական հասարակական Northwestern Medicine համակարգի նոր հետազոտությանը մասնակցել է 18-45 տարեկան 210 կին: Նրանք բոլորը 2020 թվականի հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում դաշտանային ցիկլի փոփոխությունների վերաբերյալ հարցաթերթիկ են լրացրել:
Պարզվել է, որ մասնակիցների կեսից ավելին (54%) համավարակի հետեւանքով սթրեսի պայմաններում բախվել է խնդիրների: Կանանց մեծամասնությունը հայտնել է դաշտանային ցիկլի տեւողության (50%), դաշտանի տեւողության (34%), ինչպես նաեւ տարբեր նախադաշտանային ախտանիշների փոփոխությունների մասին, որոնք նախկինում չեն եղել:
Ինչպես պարզվել է, ավելի երկար դաշտանային ցիկլը եւ առատ արյունահոսությունը կապված են սթրեսի եւ դեպրեսիայի առավել բարձր ցուցանիշների հետ: Որքան ավելի լարված եւ ընկճված է կինը, այնքան ավելի հավանական է, որ դա կազդի նրա վերարտադրողական առողջության վրա: