Ժամանակակից սեր. ամեն վայրկյան իրարից հեռանալու վտանգի առաջ ենք կանգնած եղել
Advertisement 1000 x 90

Ժամանակակից սեր. ամեն վայրկյան իրարից հեռանալու վտանգի առաջ ենք կանգնած եղել

168.am-ի նոր՝ «Ժամանակակից սեր» շարքը շարունակում է ներկայացնել սիրո պատմություններ իր ընթերցողին: Մեր հերթական հերոսուհին անկեղծորեն պատմեց իր սիրո պատմությունը, թեև խնդրեց անուններ և լուսանկար չհապարակել: Հարգելով վերջինիս խնդրանքը՝ ներկայացնում ենք պատմությունը, որի գեղեցկությունը չի տուժում անունների և նկարի բացակայությունից:

«Մինչև իրեն հանդիպելը չէի պատկերացնում, որ կարելի է ինչ-որ մեկին այդքան սիրել, ինչ-որ մեկով այդքան հիանալ: Ինքն իր բացերով, խնդիրներով հանդերձ՝ ինձ համար իդեալ է, նույնիսկ զարմանում եմ՝ ոնց է հնարավոր այդպես:

Մեր առաջին հանդիպմանը հուզված սպասում եմ, մտածում եմ՝ ինքն ի՞նչ տեսք է ունենալու, միայն նկարներով եմ տեսել, ինձ հավանելո՞ւ է, ես ի՞նչ տեսք ունեմ, սիրո՞ւն են արդյոք, սիրո՞ւն չեմ… Ու եկավ կինոյի տղան: Ֆորմայով, կասկայով, մոտոցիկլետով եկավ, կասկան հանեց, ժպտաց, ու ես հասկացա՝ գրողը տանի, ես այս մարդուն սիրում եմ:

Չորս տարի է անցել, բայց հիացմունքը ոչ մի վայրկյան չի անցնում: Ինքը պարզապես քայլում է, գործ է անում մոտոցիկլետի վրա, և ես նույն հիացած հայացքով իրեն եմ նայում, ինչ մեր առաջին հանդիպմանը:

Մեր հարաբերությունները շատ խնդրահարույց են եղել. ամեն վայրկյան իրարից հեռանալու վտանգի առաջ ենք կանգնած եղել, բայց բոլոր խնդիրներն արժեր հաղթահարել հանուն մեր զգացած էմոցիաների, ադրենալինի, վախի, սիրո. իրար կորցնելուց հետո միմյանց նորից գտնելը լրիվ այլ բան է: Պետք է յուրաքանչյուր աղջիկ և յուրաքանչյուր տղա այդ էմոցիաները զգա»:

Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան

Հ.Գ. Լուսանկարում պատկերված անձինք որևէ առնչություն չունեն պատմության հերոսների հետ: