Տիեզերական ոլորտների ճամփորդը, ոչ սովորական հայորդին՝ Գրիգոր Գուրզադյան
Advertisement 1000 x 90

Տիեզերական ոլորտների ճամփորդը, ոչ սովորական հայորդին՝ Գրիգոր Գուրզադյան

«Արարիչն Աստված, չգիտես ինչու, բարեհաճ չի եղել Իրեն այդչափ հավատարիմ, մոլեռանդ հավատացյալ հայ ժողովրդի նկատմամբ: «Պարգեւատրել» է ոսոխների ասպատակություններով, բնական աղետներով, հատկապես՝ ամենակործան երկրաշարժերով: Դա բավական չէ, նաեւ շրջափակել է թշնամի հարեւաններով, հայկական հողերի զավթիչներով: Այդ է պատճառը, որ երբեմնի Մեծ Հայաստանից փշրանքներ են մնացել:

Սակայն Աստված Իր մեղքերը ինչ-որ չափով քավել է՝ «թույլ տալով», որ մեր տարաբախտ ժողովուրդն իր ծոցից շարունակաբար ծնի հրաշամանուկներ: Ինչպես ոսկեգրիչ Պարույր Սեւակն է իր իմաստուն «Վարք մեծաց» բանաստեղծության մեջ նշել՝ «Մեծերը ուշ-ուշ են գալիս, բայց ո՛չ ուշացած, ծնվում են նրանք ճիշտ ժամանակին, Եվ ժամանակից առաջ են ընկնում, դրա համար էլ չեն ներում նրանց…»:

Այս խոհուն խոսքերը, իհարկե, կարելի է վերագրել նաեւ իրեն՝ Պարույրին: Սակայն բաժին են ընկնում նաեւ ուրիշներին: Դրանց թվին է պատկանում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը՝ ոչ սովորական հայորդին, որին միանգամայն սազական է «ֆենոմեն», այսինքն՝ բացառիկ իրողություն, եղելություն կամ երեւույթ անվանումը…»:

Վարազդատ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ակադեմիկոս

Արարիչն, հիրավի, ոչ միայն բարեհաճ, այլեւ անսահմանորեն շռայլ է եղել Գրիգոր Գուրզադյան հայորդու հանդեպ՝ ականավոր գիտնական, աստղաֆիզիկոս, գրող, էսսեիստ, գեղանկարիչ, ստեղծագործական միությունների անդամ: Եվ ամենակարեւորը՝ տիեզերական աստղագիտության առաջնեկներից, նախկին միության տիեզերական ծրագրի՝ «Օրիոն» աստղադիտական կապի կայանների նախագծող…:

Աստղաֆիզիկայի հիմնախնդիրներին վերաբերվող նրա երկուհարյուրի հասնող գիտական հոդվածներն ու ստվարածավալ մենագրությունները, հրատարակված աշխարհի խոշոր հրատարակիչների նախաձեռնությամբ, կոչված էին մասնագետների սերունդներ կրթելու: Դեռեւս անցյալ դարի 60-ական թվականներին մոլորակաձեւ միգամածությունների ֆիզիկան եւ դինամիկան ուսումնասիրած գիտնականը կանխատեսել է մագնիսական դաշտի դերը միգամածություններում, ստեղծել աստղերի բռնկման տեսություն՝ հիմնված դրանցում ընթացող ոչ ջերմային երեւույթների վրա: Իսկ 1990-ականներին մշակում է սեղմ կրկնակի աստղերի ընդհանուր գունոլորտներ եւ կրկնակի գնդաձեւ աստղակույտերի էվոլյուցիայի տեսությունները:

«Համբարձումյանը, Մարգարյանը, Գուրզադյանը սովետական հսկա երկրի այն երեք խոշոր աստղաֆիզիկոսներն են եղել,- գրել է աստղաֆիզիկոս Համլետ Աբրահամյանը,- ովքեր այդ երկրի վարկը բարձր են պահել համաշխարհային աստղագիտական մտքի ասպարեզում շուրջ հիսուն երկար ու ձիգ տարիներ: Նրանց բոլորի ավանդը հսկայական է համաշխարհային գիտական մտքի գանձարանում: Նրանք իրոք այն անձերն են, որոնցով կարող է պարծենալ գրտության ասպարեզում ամենամեծ հաջողության հասած որեւէ երկիր…»:

Երկիր պանծացնող գիտնականի մտքի արգասիք են մի շարք գիտական սարքեր ու օպտիկական համակարգեր: Նրա անվան հետ է կապված «Օրիոն» տիեզերական աստղադիտարանի օպտիկական համակարգի աշխատանքի սկզբունքի, ավտոմատ կառավարման մեթոդիկայի ստեղծումը: Դեռեւս 1960-ականներին կիրառելով Ռ-5 բալիստիկ հրթիռներ, նա է ղեկավարել Արեգակի եւ աստղերի գերմանուշակագույն եւ ռենտգենյան դիտարկումները: Առաջին թռիչքը կայանում է 1961 թ. փետրվարի 15-ին՝ Կապուստին-Յար կայանից: 1969-ին նրա ղեկավարությամբ են արձակվում «Պրոցիոն» տիեզերական աստղադիտակը «Կոսմոս-309» ուղեծրային  արբանյակի, ապա՝ «Ալտաիր» ռենտգենյան ուղեծրային աստղադիտակը «Մետեոր» արբանյակի վրա:

Այնուհետեւ Գուրզադյանն անցնում է տիեզերական ուղեծրային աստղադիտարանների նախագծմանը, որոնցից ամենահայտնիներն են «Օրիոնները»: 1971 թ. ապրիլին «Սալյուտ-1» առաջին տիեզերական կայանը ուղեծիր էր բարձրացնում «Օրիոն-1»-ը՝ օբյեկտիվ պրիզմայով առաջին աստղադիտակը: Սակայն գագաթնակետը «Օրիոն-2»-ն էր, որը «Սոյուզ-13» տիեզերանավի վրա աշխատեց 1973-ի դեկտեմբերին: Անշուշտ, հիշատակելի է եւ այն, որ Գուրզադյանի ղեկավարությամբ Գառնիի տիեզերական աստղագիտության լաբորատորիայում իրենց նախաթռիչքային պատրաստումներն են անցել ավելի քան 40 խորհրդային տիեզերագնացներ:

Այսօր մեծ աստղաֆիզիկոսի ծննդյան օրն է: Եվ թվում է, թե նրա անմահ հոգին ճախրանքի մեջ է տիեզերական…