Չուտող երեխա. ի՞նչ անել և ի՞նչ չանել
Advertisement 1000 x 90

Չուտող երեխա. ի՞նչ անել և ի՞նչ չանել

«Կեր, որ մեծանաս, կեր, որ առողջ լինես, այս մեկն էլ կեր հայրիկի համար». այս շարքը կարելի է անվերջ շարունակել, քանի որ ծնողները հազար ու մի տարբերակ են գտնում, որ երեխան սկսի լավ ուտել:  Արդյոք սա ճիշտ մոտեցում է և ի՞նչ անել, եթե Ձեր երեխան, ինչպես ընդունված է ասել, չուտող է:

Մարդն ունի բնածին ախորժակ և ուտում է ոչ միայն քաղցը հագեցնելու, այլ նաև սննդից հաճույք ստանալու համար:  Չնայած այս ամենին՝ շատ ծնողներ կփաստեն, որ իրենց երեխաները հաճախ են հրաժարվում սննդից:  Այս ամենն իհարկե առաջացնում է ծնողների անհանգստությունը: Նրանք սկսում են համոզել, ստիպել կամ սպառնալ երեխային, որ չհրաժարվի սննդից:

Ինչու՞ են ծնողները ստիպում, որ երեխան ուտի

Նախ ծնողները մտահոգվում են երեխայի առողջության համար՝ ենթադրելով, որ եթե նա վատ է սնվում, ապա առողջական խնդիր ունի և չեն դիտարկում այն տարբերակը, որ նա պարզապես չի ցանկանում ուտել: Բացի այս ծնողները երեխային կերակրելը ենթագիտակցորեն նույնացնում են նրան սիրելու հետ և ուտելիքից հրաժարվելը ընկալում են որպես արհամարհանք իրենց դրսևորած սիրո և ուշադրության հանդեպ: Առհասարակ սիրելի մարդկանց սովը հագեցնելու ցանկությունը մարդկային սիրո ամենաառաջին դրսևորումներից է: Հիշեք, թե ինչ է կատարվում, երբ մեր տանը հյուրընկալում ենք սիրելի մարդկանց: Մենք նրանց համար պատրաստում ենք ամենահամեղ ուտեստները՝ այդպիսով արտահայտելով մեր սերն ու ջերմությունը:

Ի՞նչ է կատարվում, երբ երեխան ուտում է ստիպված

  • Ուտելու գործընթացը երեխաների համար դառնում է տհաճ և որպես արդյունք նրանք կորցնում են ախորժակը: Այս ամենի պատճառով ծնողները սկսում են ավելի շատ անհանգստանալ և ավելի շատ ճնշել երեխային, որ սնունդ ընդունի: Այսպիսով սնվելու խնդիրը ավելի է բարդանում: Երեխաները սկսում են կամակորություններ անել և ուտելուց խուսափելու նոր ձևեր գտնել: Օրինակ, կարող են շատ երկար ծամել սնունդը կամ պահել այն բերանում ու կուլ չտալ: Եթե ունեն սիրելի կերակրատեսակներ, ապա պահանջում են, որ դա պատրաստված լինի միայն իրենց ուզած ձևով և հրաժարվում են մյուս տարբերակներից: Որպես կանոն սա հուսահատեցնում է ծնողներին, քանի որ նրանք տեսնում են, թե ինչպես է երեխան շարունակ մերժում մեծ սիրով պատրաստված կերակուրը:
  • Երբ ծնողները ստիպում են երեխային ուտել, նրա օրգանիզմում դրան ի պատասխան կարող է փսխման ռեֆլեքս առաջանալ: Նա արագ գլխի է ընկնում, որ հեշտորեն կարելի է ազատվել անցանկալի սննդից փսխման  տարբերակով: Այս ամենը բացասաբար է ազդում երեխայի մարսողական համակարգի աշխատանքի վրա, իսկ փսխման սովորությունը կարող է պահպանվել տարիներ շարունակ՝ երբեմն անհանգստացնելով ողջ կյանքի ընթացքում:
  • Բացի ֆիզիոլոգիական խնդիրներից երեխայի մոտ կարող են նաև հոգեբանական խնդիրներ առաջանալ: Եթե ծնողները ստիպում են երեխային սնունդ ընդունել առանց նրա ցանկության, երեխայի մոտ բողոք և ագրեսիա է առաջանում, որը բացի ծնողների  հանդեպ դրսևորվելուց կարող է արտահայտվել նաև այլ ոլորտներում՝ դառնալով կյանքի որակը վատացնող գործոն:

Ի՞նչ անել, եթե Ձեր երեխան չուտող է 

Որքան էլ զարմանալի թվա այս իրավիճակում կարիք չկա հնարքների կամ խորամանկությունների դիմել, որ երեխան սկսի ուտել:  Եթե Ձեր երեխայի վարքի մեջ այլ փոփոխություններ չեք նկատում, նա առույգ և ակտիվ է, ապա ամենանախընտրելի տարբերակը ոչինչ չանելն է: Եթե երեխան զգա, որ ուտել է ուզում, ապա կուտի, հակառակ դեպքում նրան պարզապես հանգիստ թողեք և մի՛ պնդեք ուտել: Անհանգստանալու կարիք չկա, եթե երեխան այդ ընթացքում մի փոքր նիհարի:

Իհարկե, այս ինֆորմացիան իմանալը մի բան է, իսկ այն գործնականում կիրառելը մեկ այլ բան: Ծնողների համար ավելի հեշտ է որևէ բան ձեռնարկել, քան հաշտվել այն մտքի հետ, որ որևէ բան անելու կարիք չկա:  Սակայն ավելի լավ է որոշ ժամանակ կամք դրսևորել՝ երեխային չստիպելով իր ցանկությանը հակառակ ուտել, քան ավելի բարդացնել խնդիրը:

Անհանգստացած ծնողների զգացումների վրա ազդելու մի շատ հետաքրքիր մեթոդ կա, որը կիրառվում է մանկաբույժների կողմից ծնողներին ավելի ակնառու կերպով խնդիրը ներկայացնելու համար: Պատկարացրեք, որ Դուք տանն ունեք ընտանի կենդանի, օրինակ՝ շուն, որը հրաժարվում է սննդից: Կարծում ենք այս պարագայում Դուք ոչ թե կսկսեք համոզել կամ ստիպել նրան, որ ուտի, այլ պարզապես կմտածեք, որ ինչ որ բան արդեն կերել է և այժմ չունի քաղցի զգացում: Միայն այն դեպքում, երբ նկատվեն այլ վարքային փոփոխություններ, կարելի է մտածել, որ առողջական խնդիրներ կան: Դեռ ավելին՝ եթե շունը քաղցած լինի, ապա նույնիսկ կկծի նրան, ով կփորձի վերցնել իր սնունդը: Հենց այս օրինակը հիշելով էլ մի՛ ստիպեք Ձեր երեխային սնվել և նրա ուտելու ցանկությունը ինքն իրեն կվերականգնվի. չէ՞ որ սնվելու պահանջմունքը բնածին է և մենք այսպես թե այնպես սնվելու կարիք ենք ունենալու:

Փորձե՛ք երեխայի հանդեպ Ձեր սերն արտահայտելու այլ տարբերակներ գտնել, իսկ արդյունքում կլինի այն, ինչ Դուք ցանկանում եք՝ երեխան կսկսի ախորժակով սնվել և ավելի շատ կսիրի թե՛ ուտելու պրոցեսը, թե՛ իրեն, թե՛ Ձեզ:

doctors.am