Վանա լճի մակարդակը նվազում է․ վտանգված է նաև Վանա տառեխի գոյությունը
Advertisement 1000 x 90

Վանա լճի մակարդակը նվազում է․ վտանգված է նաև Վանա տառեխի գոյությունը

Երաշտի պատճառով շարունակում է նվազել Վանա լճի մակարդակը։ Կորալային խութերը, որոնք նախկինում միայն սուզվելիս կարելի էր տեսնել, հիմա ջրի մակերեսից են տեսանելի։ Ermenihaber–ն անդրադարձել է Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի ակվակուլտուրայի ֆակուլտետի դասախոս Մուստաֆա Աքուշի այն պնդմանը, թե տիեզերքից արված լուսանկարներում երևում է՝ Վանա լճի տեսքը փոխվում է։

«Վանա լճի 2019 և 2021 թվականներին արված լուսանկարներում մեծ տարբերություններ են առկա։ Թվում է` լճի ձևը մասնակի փոխվում է։ Այն հատվածները, որոնք 2019 թվականին ջրի տակ էին, այսօր ափ են դուրս եկել»,- ներկայացնում է Աքուշը։

Նրա խոսքով՝ ջրի մակարդակի նվազումը վտանգում է լճի ստորջրյա աշխարհը, այդ թվում՝ Վանա տառեխի գոյությունը, որը միայն այստեղ է տարածված։

«Վանա լճում ապրող տառեխները բազմացման շրջանում ամեն տարի «գաղթում են» հոսող ջրեր։ Այժմ այն կետերում, որտեղից ջուրը ետ է քաշվել, բազմացման շրջանում տառեխները սպասում են մոտ երկու շաբաթ։ Տառեխների համար սպասելու հարմար վայրերում ջուրը ցամաքել է»,- ընդգծում է Աքուշը։

Նա հույս ունի, որ անձրևի և ձյան տեղումների շնորհիվ լճի մակարդակը կրկին կբարձրանա։ Այդ դեպքում, ըստ մասնագետի, ապրիլին՝ «բազմացման գաղթի» ժամանակ, այդ տարածքները կրկին ջրի տակ կլինեն։

armeniasputnik.am



Նման նյութեր