Պեղումները կշարունակվեն մինչև նոյեմբերի 7-ը. iravunk.com
Advertisement 1000 x 90

Պեղումները կշարունակվեն մինչև նոյեմբերի 7-ը. iravunk.com

«Իրավունքը» զրուցեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

Կարմիր բլուր հուշարձանի տարածքում հայտնաբերել են ուրարտական շրջանից կարեւոր շինություն: Կմանրամասնե՞ք:

– Կարմիր բլուր հնավայրում պեղումներ է իրականացնում հայ-ավստրիական հնագիտական արշավախումբը: Միջնաբերդից հարավ ընկած տարածքում աշխատում էին մեր ավստրիացի գործընկերները: Պեղումների արդյունքում ֆիքսվեցին մի քանի շերտեր, բացվեց սալահատակով փոքրիկ գոմ, գտնվեց բրոնզե բոժոժ, որը կախել են ինչ-որ կենդանու, հավանաբար կովի վզից:

Միջնաբերդից հարավ-արեւելք ընկած հատվածում պեղումներ է իրականացնում արշավախմբի հայկական կողմը: Այստեղ բացվել է հզոր պատով, նրան զուգահեռ  սյան խարիսխներով մեկ այլ պատով եւ դրանց միջեւ սալահատակով մի շատ կարեւոր կառույցի հատված: Այն խիստ նման է Մակու քաղաքից  այդքան հեռու գտնվող ուրարտական նշանավոր Բաստամ հնավայրած պեղված ձիու ախոռներին: Ըստ ամենայնի, մեր կողմից բացվել է  Թեյշեբաինի քաղաքի արքայական ձիու ախոռի մի հատվածը: Դատելով օդալուսանկարներից` այս կառույցն ունի շատ մեծ ծավալներ` մոտ 12×30-35 մ: Պեղումների ընթացքում գտնվել են տարատեսակ խեցեղենի, կենդանական ոսկորների, այրված փայտերի մնացորդներ: Այժմ պատրաստվում ենք ընդլայնել պեղավայրը` իրավիճակն առավել լավ ընկալելու համար: Մեզ համար ներկայումս խիստ կարեւոր է պարզել` արդյոք մեր կողմից պեղվող կառույցն ուրարտական, թե հետուրարտական ժամանակաշրջանին է պատկանում:

Առաջիկայում թանգարանում ի՞նչ ցուցադրություն եք նախատեսել:

– Ներկայումս լայն թափով ընթանում են Մեղրու Անապաստանաց վանքում իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերված հնագիտական իրերի ցուցադրությունը, որը նվիրված է լինելու հայ վաստակաշատ ճարտարապետ-վերակազմող Ստեփան Նալբանդյանի հիշատակին: Եթե տեխնիկական խնդիրներ չլինեն, ապա ցուցադրությունը կբացվի նոյեմբերի 4-ին` նրա ծննդյան օրը:

Աշխատում ենք եւս այլ ցուցադրությունների վրա, որոնց մասին կխոսենք որոշ ժամանակ անց:

Պեղումները մինչեւ ե՞րբ կշարունակվեն:

– Պեղումները կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 7-ը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

iravunk.com



Նման նյութեր