Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը, որը նկարահանման հրապարակում պատահաբար սպանել է 42-ամյա օպերատոր Հալինա Հատչինսին, Հելոուինը նշել է ընտանեկան միջավայրում։ Ընտանեկան երեկույթի ընթացքում արված լուսանկարներն ինստագրամյան էջում հրապարակել է դերասանի կինը՝ Հիլարիան։
Լուսանկարներից մեկում Բոլդուինը, որը կրում է «Այնտեղ, ուր ապրում են հրեշները» մանկական գրքի հերոսի կոստյումը, ժպտում է։ Դերասանի կինը հայտնել է, որ տոնը զուսպ է եղել։
«Այսօր մենք հավաքվել ենք՝ երեխաներին տոն նվիրելու համար»,- գրել է Հիլարիան։
Ոչ բոլոր օգտատերերն են հրապարակումը տեղին համարել ողբերգությունից հետո, որը տեղի է ունեցել «Ժանգը» վեսթերնի նկարահանման հրապարակում։ «Ոչ մի հարգանք մահացածի ընտանիքի նկատմամբ»,- նշել է օգտատերերից մեկը։