Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից.
«Գնդապետ Արգամ Գևորգյանին շատ եմ անդրադարձել։
Այս զինվորականն ընկերս չէ, միմյանց չենք ճանաչում, նրան մեկ անգամ եմ տեսել, ցավոք` թռուցիկ։ Բայց գիտեմ նա ով է։ Մեղրու գնդի նախկին հրամանատար Արգամը որդուս հրամանատարն է։ Նրանք միասին են մարտնչել ամենածանր հատվածում` հարավային ճակատում, ու ես առաջին դեմքից եմ տեղյակ, թե ով է հրամանատար Արգամը։ Դեռ նախքան պատերազմը այս հրամանատարը կարողացել է բարձիթողի վիճակում գտնվող, Հայաստանի ամենախնդրահարույց զորամասերից մեկում հաստատել երկաթյա կարգապահություն։ Տեղյակ եմ` ինչ արդյունավետությամբ են արդեն պատերազմի ընթացքում գործել նրա հրամանատարությամբ կռված ստորաբաժանումները, գիտեմ` ինչպես է ինքը վիրավորվել, գիտեմ ինչպես է փախել զինվորական հոսպիտալից, փախել ու վերադարձել է զորքի մոտ, իր զինվորների մոտ։ Փախել է հոսպիտալից, քանի որ երկար տարիներ Ջրականի զորամասում ծառայած լինելով, համոզված է եղել, որ ոչ ոք իր չափ ծանոթ չէ հարավային ճակատում ծավալվող մարտերի տեղանքին, ոչ ոք իր չափ հմուտ չի կարող ղեկավարել իր ենթակա ստորաբաժանումները` հնարավոր մինիմումի հասցնելով մեր կորուստներն ու հնարավոր մաքսիմումի հասցնելով սատկած թուրքերի քանակը։ Այս մարդը միշտ եղել է շարքային զինվորից առաջ, բոլոր վտանգավոր գործողություններին մասնակցել է անձամբ` ինքնաձիգը ձեռքին։
2020 թվականի նոյեմբերի 4-ին գնդապետ Արգամ Գևորգյանին պարգևատրել են «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Հետո արդեն` 2021 թվականի հունիսի 8-ին գնդապետ Գևորգյանին հանեցին, ուղարկեցին տուն, քանի որ թեև քաղաքականությունից հեռու էր, իսկական զինվոր էր, բայց ուներ կյանքում ընկերներ, հայրենասեր ընկերներ, իր հետ կռված ընկերներ։
Իսկ ի՞նչ եղավ հետո։ Ոչինչ։ Մեկ-երկու հրապարակում, մեկ-երկու գրառում համացանցում ու վերջ։ Վերջ։ Մենք մոռացանք Արգամին, մոռացան մեղրեցիները, որոնց արևմտյան սահմանի ամրություններն ու միջդիրքային ճանապարհները Արգամը սարքել ու կահավորել էր իր ու ընկերների անձնական միջոցներով, մոռացան նրա նախկին ենթակաները, մոռացան նրա հրամանատարությամբ ծառայած զինվորների ծնողները, բոլորը մոռացան:
Մեր դժբախտությունների պատճառը կոնկրետ անձ չէ, անգամ թշնամին չէ, մենք ենք, մեր կարճ հիշողությամբ ու անհետևողականությամբ։ Եթե մենք բոլորով լինեինք հետևողական, եթե մշտապես հիշեինք ու գնահատեինք մեզ ու մեր Հայրենիքին նվիրված մարդկանց, ոչ ոք, կրկնում եմ` ոչ ոք, չէր կարող մեզնից խլել մեր Հայրենիքը: Այսօր էլ ոչ մեկի մտքով չէր անցնի, թե կարելի է ինչ-որ քոսոտ իշխանության համար խաղադրույքի վերածել մեր երկիրը»։