Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը երկու օրում կորցրել է ավելի քան 50 մլրդ դոլար՝ իրեն պատկանող Tesla ընկերության արժեթղթերի գնանկման պատճառով։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg գործակալությունը։
Էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության արժեթղթերը սկսել են նվազել այն բանից հետո, երբ շաբաթ օրը Մասկը Twitter-ի օգտատերերին հարցրել է՝ արժե՞ արդյոք վաճառել ընկերությունում իր 10% բաժնեմասը։ Նշվում է, որ նրան կանխիկ գումար է անհրաժեշտ հարկերի վճարման համար, քանի որ նրա կարողությունն անկանխիկ է կամ բաժնետոմսերի տեսքով։ Երեքշաբթի օրը Նյու Յորքի ֆոնդային բորսայում սակարկությունների ավարտին Tesla-ի բաժնետոմսերի գնանկումը կազմել է ավելի քան 16%։
Ըստ Bloomberg-ի՝ երկու օրում մոլորակի ամենահարուստ մարդն աղքատացել է ավելի քան 50 միլիարդ դոլարով։ Գործակալության կայքում երեքշաբթի օրը չի նշվում Մասկի կարողության չափը, սակայն ընդգծվում է, որ նրա տարբերությունը երկրորդ տեղից, որը պահպանում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, կազմում է մինչև 83 միլիարդ դոլար: Երկուշաբթի օրը Bloomberg-ը Մասկի կարողությունը գնահատել է 323 մլրդ դոլար, Բեզոսինը՝ 201 մլրդ դոլար։