Լեդի Գագա
Իր առաջին «Օսկարը» ստանալու համար Լեդի Գագան ներկայացել է իր ողջ գեղեցկությամբ՝ Alexander McQueen-ի մերկ ուսերով երկար, սեւ զգեստով, կաշվե ձեռնոցներով եւ Tiffany&Co-ի ադամանդե ապարանջանով, որի արժեքը 30 միլիոն դոլար է: Ոսկերչական կոմպոզիցիայի կենտրոնում փայլել է 128 կարատ քաշով դեղին ադամանդը՝ հարուստ, ավելի քան հարյուրամյա պատմությամբ։ Մինչ Լեդի Գագան այն կրել են ընդամենը երկու կին՝ տիկին Մերի Ուայթհաուսը եւ դերասանուհի Օդրի Հեփբերնը, որը դրանում հայտնվել է «Նախաճաշ Տիֆանիի մոտ» ֆիլմի համար պաստառների նկարահանումների ժամանակ:
Ջուլիա Ռոբերթս
2016 թվականին Կաննի կինոփառատոնում հյուրերի եւ պապարացիների բոլոր հայացքները գամված էին Ջուլիա Ռոբերթսին: Պատճառը շքեղ զարդն է, որը աստղը կրել է «Ֆինանսական հրեշ» ֆիլմի պրեմիերային։ Chopard պլատինե վզնոցը՝ 43,41 կարատ քաշով ադամանդներով եւ 52,76 կարատ քաշով զմրուխտով, ընդգծել է դերասանուհու նուրբ պարանոցը եւ սեւ զգեստին հմայք է հաղորդել։ Աստղի այս կերպարը դեռ երկար կհիշվի։
Ադրիանա Լիմա
Իսկ ահա 2018-ի Կաննի կինոփառատոնի ամենավառ պահն Ադրիանա Լիմայի հայտնվելն է եղել, որի պարանոցը զարդարում էր Chopard-ի` ադամանդներով եւ շափյուղաներով զանգվածային վզնոցը: Կապույտ քարերի ֆոնին մոդելի աչքերն էլ ավելի արտահայտիչ են դարձել։
Ռիհաննա
2014 թվականին Ադամանդե պարահանդեսի համար Ռիհաննան ընտրել է իրապես թագավորական հանդերձանք․ Zac Posen ապրանքանիշի վարդագույն երանգի ատլասե զգեստ եւ Chopard պլատինե վզնոց՝ 123,24 կարատ քաշով վարդագույն ռուբելիտով եւ 65 կարատ քաշով ադամանդներով: Այսպիսի «կերպարով» երգչուհին ապահովվել է պարահանդեսի թագուհու կոչումը։
Մոնիկա Բելուչի
Մանյակը, որով 2019-ին Մոնիկա Բելուչին ներկայացել է Կաննի կինոփառատոնին հարուստ պատմություն ունի։ 1975 թվականին Cartier բուտիկ է դիմել մեքսիկացի հայտնի դերասանուհի Մարիա Ֆելիքսը։ Նա ոսկերիչներին խնդրել է իր համար վզնոց ստեղծել՝ երկու կոկորդիլոսների տեսքով (դերասանուհին կենդանի կոկորդիլոս է պահել որպես ընտանի կենդանի, ինչով էլ բացատրել է իր խնդրանքը)։ Մահից առաջ նա որոշել է վաճառել իր ոսկերչական հավաքածուի մի մասը, այդ կերպ Cartier տունը ետ է գնել մանյակը: