Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`
- լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած,
- լինեք առնվազն 52 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք և 62 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
- հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները` (կանանց համար 125-180գրամ/լիտր, տղամարդկանց համար` 135-188գրամ/լիտր):
- արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/ դիաստոլիկ ճնշումը` 60-100 միլիմետր սնդիկի սյուն և սիստոլիկ զարկերակային ճնշումը 90-160 միլիմետր սնդիկի սյուն
- երակազարկը լինի 60-90 զարկ 1 րոպեում
Արյունատվության հակացուցումները
Հակացուցումները կարող են լինել.
- բացարձակ, երբ մարդը երբևէ չի կարող հանձնել արյուն
- ժամանակավոր, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր:
Բացարձակ հակացուցումներն են.
- Վարակիչ հիվանդությունները (ՄԻԱՎ-վարակակրություն, ՁԻԱՀ, վիրուսային հեպատիտներ (երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ) սիֆիլիսի (բնածին կամ ձեռքբերովի), տուբերկուլյոզի բոլոր ձևերը, բրուցելոզ, բծավոր տիֆ, տուլարեմիա, բոր, էխինոկոկոզ և այլն):
- Սոմատիկ հիվանդություններ (չարորակ նորագոյացություններ և արյան հիվանդությունները, կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներ, հոգեկան հիվանդություններ, խուլհամրություն, ալկոհոլիզմ, թմրամոլություն)
- Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ (գերճնշումային (հիպերտոնիկ) հիվանդություն, սրտի իշեմիկ հիվանդություն, ուղեղի անոթային հիվանդություններ, թրոմբոֆլեբիտ, երակների վարիկոզ լայնացում, սրտի արատներ (բնածին և ձեռքբերովի) էնդոկարդիտ, միոկարդիտ):
- Շնչառական օրգանների հիվանդություններ (թոքերի էմֆիզեմա, թոքային ֆիբրոզ, ասթմա (հեղձուկ), օբստրուկտիվ բրոնխիտ, բրոնխոէկտատիկ հիվանդություն)
- Լյարդի և լեղուղիների հիվանդություններ (քրոնիկ հեպատիտ, լյարդի ցիռոզ, լեղապարկի քարեր խոլեցիստիտով, խոլանգիտ)
- Երիկամների և միզուղիների հիվանդություններ (երիկամների խողովակամիջանկյալային (տուբուլոինտերստիցիալ) հիվանդություններ, երիկամային անբավարարություն)
- Շարակցական հյուսվածքի սիստեմային (տարածուն) ախտահարումներ
- Ճառագայթային հիվանդություն
- Ներզատական համակարգի հիվանդություններ (նյութափոխանակության արտահայտված խանգարումներով)
- Աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ՝ տեսողություն (± 6 դիոպտրիա և ավելի), անոթացանցենու բորբոքման մնացորդային երևույթներ (խորիոռետինային բորբոքում, իրիտ, իրիդոցիկլիտ), տրախոմա:
- Մաշկի և ենթամաշկային բջջանքի հիվանդություններ (ներառյալ պսորիազ, վիտիլիգո)
- Ոսկրաբորբ (օստեոմիելիտ)
- Վիրահատություններ (կյանքի ընթացքում որևէ օրգանի հեռացում (ստամոքս, երիկամ, փայծաղ, արգանդ իր հավելումներով, ձեռք, ոտք, աչք և այլն))
Բացի մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաև հետևյալ ռիսկային խմբերին պատկանող անձիք` նույնասեռականները, մարմնավաճառները, կալանավայրերում գտնվող անձիք, մարդու արյան և արյան բաղադրամասերի, բժշկական գործիքների հետ մշտական շփման մեջ գտնվող բուժանձնակազմ, վիրուսային հեպատիտ Ց-ով, ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով պացիենտների և վարակակիրների ընտանիքի անդամներ (համատեղ բնակվելու պայմանում), արյան միջոցով փոխանցվող վարակների հետազոտման կրկնակի (3ամիս անց) կասկածելի արդյունքներ:
Դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումներն են.
Հ/Հ | ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՎԻՃԱԿԸ | ԺԱՄԿԵՏԸ |
1) | Արյան բաղադրամասերի փոխներարկում, դաջվածք, մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով ուղեկցվող բժշկական այլ միջամտություններ, ատամի նյարդի հեռացում | 6 ամիս |
2) | Ատամի հեռացում | 10 օր |
3) | Վիրահատություններ, այդ թվում նաև հղիության արհեստական ընդհատում | 6 ամիս |
4) | Միզաքարային հիվանդություն, ստամոքսի խոց, տասներկումատնյա աղիքի խոց | Բուժումից և լիարժեք առողջացումից 2 տարի |
5) | Հղիության և լակտացիայի շրջան
|
Ոչ պակաս, քան 1 տարի ծննդաբերությունից հետո, ոչ պակաս, քան 3 ամիս լակտացիայի ավարտից հետո |
6) | Դաշտանի շրջան
|
Դաշտանի ավարտից հետո ոչ պակաս, քան 5 օր |
7) | Ալերգիկ վիճակներ | 1 ամիս |
8) | Ջերմության բարձրացում 370C ջերմաստիճանից բարձր, վերին շնչառական ուղիների սուր բորբոքումներ | 14 օր |
9) | Պատվաստումներ` | |
ա.կենդանի վակցինա
|
1 ամիս | |
բ.սպանված վակցինա | 10 օր | |
գ.կատաղության և հեպատիտ Բ-ի դեմ | 6 ամիս | |
10) | Դեղերի օգտագործում` | |
ա. հակաբիոտիկներ | 14 օր | |
բ. ասպիրին | 5 օր | |
գ. ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ | 3 օր | |
11) | Հայաստանի Հանրապետությունից դուրս էնդեմիկ օջախներում երկարատև (1 ամսից ավելի) գտնվելու դեպքում | 6 ամիս |
12) | Մալարիայի բուժումն ավարտելուց հետո | 5 տարի |
13) | Ոգելից խմիչքների ընդունում | 24 ժամ |
14) | Ալանինամինատրանսֆերազայի բարձրացում մինչև 2 անգամ | 2 ամիս |
Ինչպես նախապատրաստվել արյունատվության
Եթե Դուք համապատասխանում եք նշված պայմաններին, ապա`
- արյունատվության օրը չպետք է օգտագործեք յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, կարելի է ընդունել միայն թեյ կամ սուրճ,
- արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործեք ոգելից խմիչքներ,
- Ձեր ընտրած արյան կետը ներկայանաք անձնագրով և/կամ զինվորական գրքույկով/:
Դոնորը լրացնում է հարցաթերթիկը, որում նշում է իր առողջական վիճակի և ապրելակերպի մասին, որից հետո անցնում է լաբորատոր հետազոտություն և զննվում է թերապևտի կողմից: Արյունատվության գործընթացն իրականացվում է միանվագ ստերիլ պարագաներով: Արյունատվությունն իրականացվում է ժամը 9.00-13.00-ը ամեն օր, բացի հանգստյան և տոնական օրերից: Ցանկալի է չնախատեսել արյունատվություն քննություններից, մրցումներից և այլ ինտենսիվ աշխատանքներից առաջ:
Արյունատվությունից հետո անհրաժեշտ է.
- 10-15 րոպե մնալ հանգիստ պառկած վիճակում,
- վիրակապը պահել 1.5-2 ժամ,
- այդ օրը չզբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով,
- չօգտագործել ոգելից խմիչք,
- լավ սնվել և խմել շատ հեղուկ:
Պատվաստումների կատարում թույլատրվում է արյունատվությունից առնվազն 10 օր հետո: