Ո՞վ էր Պոլոզ Մուկուչը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ո՞վ էր Պոլոզ Մուկուչը

Պոլոզ Մուկուչը՝ անձնագրային տվյալներով՝ Մկրտիչ Ղազարի Մելքոնյանը ծնվել է 1881 թ-ի հունվարի 7-ին, Գյումրիում, երկաթագործ-արծաթագործ Ղազարի ընտանիքում: Վերջինիս արհեստանոցը դարբինների արհեստանոցի կողքին էր, 45 համարի տակ: Մկրտիչը Ղազարի երկրորդ զավակն էր: Բարձր հասակի համար գյումրեցիները նրան «Պոլոզ» մականունն էին տվել:

Լինելով բնիկ գյումրեցի, Մկրտիչը հագնում էր «ֆանառի» ձեւով կարված թափովի շալվար, լաստիկ կտորից արխալուղ, կրում էր կաստոր կտորից գլխարկ, որին գյումրեցիները շափխա էին ասում, փափուկ կաշվից կոշիկներ: Չնայած հայրը քաղաքի հայտնի եւ հմուտ արհեստավորներից էր, սակայն Մկրտիչն այդպես էլ ոչ մի արհեստ չի սովորում: Մկրտիչն ընդամենը տարրական կրթություն էր ստացել «դայտոպլան» կոչվող դպրոցում ու դրանով էլ սահմանափակվել էր ուսման նկատմամբ եղած ձգտումները: Չունենալով կրթություն եւ չտիրապետելով որեւէ արհեստի, Պոլոզն այնուամենայնիվ ուներ զբաղմունք՝ փոդրատչի էր, այսինքն՝ պատվիրատու:

Գրեթե ամեն օր նրա ձիասայլը հայտնվում էր քաղաքի տարբեր մասերում գտնվող խանութ-կրպակներում ու շուկայում: Պոլոզ Մուկուչը հաճախորդներին մրգի հետ միասին մատուցում էր համով-հոտով կատակներ: Պոլոզ Մուկուչին վերագրվող անեկդոտի վերածված եւ ժողովրդի մեջ տարածված շատ պատմություններ իրական հիմքեր ունեին: Պոլոզն այն հազվագույտ մարդկանցից էր, որոնք պատասխանի համար «գրպանը մտնելու» կարիք չունեին: Այդ յուրահատկությունը Պոլոզ Մուկուչի մոտ նկատվել էր դեռ մանկությունից:

Հակառակ Մուկուչի կատակասեր ու համեստ բնավորության, Ծիտրոն շատ կռվարար էր եւ սիրում էր խոսքը համեմել հայհոյանքներով: Ծնվել է 1886թ-ին, Պոլոզ Մուկուչի ծննդից 5 տարի անց: Բնակվել է 39 փողոցի 212 տանը: Նրա հայրը հին շուկայի տարածքում ունեցել է սրճարան, որը հոր մահից հետո Ծիտրոն է տնօրինել: Թե ինչու է Տիգրանը դարձել Ծիտրո, դրա հետ կապված հիշատակվում է հետեւյալ պատմությունը:

Գյումրիում շատ էին աղավնու սիրահարները: Աղավնի պահողներին կոչում էին ղուշբազներ: Աղավնասեր էր նաեւ Տիգրանը: Եվ ահա, մի կիրակի նա տոնական հագուստներով մտնում է քիլարը, աղավնիներին կեր ու ջուր տալու: Դուրս գալիս հայրը նկատում է, որ Տիգրանի նոր կարած չուխայի վրա աղավնու ծերտ կա: Հայրը խիստ զայրացած ապտակում է նրան եւ ասում.

-Այ օղուլ, քեզի վով ստիպեց թազա շորով մտնիս հավնոց, որ դոխի ծերտ էղնի:

Իսկ թե ինչու Ծիտրոյից բացի տղային է կպնում նաեւ Ալեք անունը, կա այսպիսի մի պատմություն: Անհայտ քրեական գործի կապակցությամբ Տիգրանի հորը տանում են ոստիկանատուն: Այդ լուրը հասնում է Պոլոզ Մուկուչի ավագ եղբորը՝ Ալեքին, ով շատ մոտ է եղել Ծիտրոյի հոր հետ: Երբ Ալեքը գնում է ոստիկանատուն, Թորոսը նրան տեսնելով, ասում է.

-Ալեք ջան, կարող է ընձի դատեն, գուզեմ քեզի մե օսյաթ (հանձնարարություն) տամ; Ծիտրոյիս հանձնում եմ քեզ, քեզի էլ՝ Աստծուն: Եթե ընձի բան էղնի, իրան զավակիդ պես կնայես: Թող ըսեն Ծիտրո Ալեքի: Ահա այդ օրվանից էլ Տիգրանին կոչում են Ծիտրո Ալեք:

Ձախ կողմում՝ Պոլոզ Մուկուչը (Մկրտիչ Մելքոնյան),

Կենտրոնում՝ Պոլոզ Մուկուչի եղբայրը՝ Ալեք Մելքոնյան

Աջում՝ Ծիտրո Ալեքը (Տիգրան Հարությունյան)