Թուրք սուլթանի առողջությունը համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։ Տեղեկություններն այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրջ հիվանդ է, մամուլում նախկինում էլ է հայտնվել, բայց ոչ այսքան ակտիվ։ Լուրերը թեժանում են կադրերով, որոնցում երևում է, թե ինչպես է Էրդողանը ծանր շարժվում, սկսում է քնել ուղիղ հեռուստաեթերի ժամանակ, դժվարությամբ է բառեր ընտրում։ Ալիքը բարձրացել է ամերիկյան Foreign Policy պարբերականի հրապարակումից, որից հետո այն շարունակեցին արտասահմանյան այլ լրատվամիջոցներ, իսկ հետո նաև սոցցանցերի թուրքական տիրույթը: Բանը հասել է նրան, որ թուրքական իշխանությունը 30 մարդու դեմ քրգործ է հարուցել Twitter-ում «նա մահացել է» (#ölmüş) հեշթեգով մի շարք հաղորդագրությունների պատճառով։
Էրդողանի առաքելությունը
Եվ ահա նախագահական վարչակազմը ստիպված էր շտապ տեսանյութ հրապարակել, որտեղ թուրքական սուլթանը սպորտային հագուստով իր նախարարների հետ բասկետբոլ է խաղում և նույնիսկ մի քանի հաջող նետումներ է անում։ Twitter-ում այդ տեսանյութի տակ Էրդողանը գրել է, որ շաբաթական երեք օր սպորտով է զբաղվում։ Մեսիջը բոլորին հասկանալի է. իբր, վաղ է ինձ թաղել։
Թաղել միգուցե վաղ է (թեև ոչ ոք այս կյանքում հավերժ չէ), սակայն Թուրքիայի նախագահի առջև, այնուամենայնիվ, բարդ խնդիր է դրված՝ ոչ միայն «ձգել» մինչև 2023 թվականին Թուրքիայում սպասվող նախագահական ընտրությունները, այլև հաղթել։ Թեև ամեն ինչ կարող է շատ ավելի շուտ տեղի ունենալ՝ հաշվի առնելով իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» ընկնող վարկանիշը, երկրի ընկղմումը տնտեսական ճգնաժամի մեջ, նախագահի քաղաքականությունից դժգոհությունը ոչ միայն ընդդիմության, այլև իր սեփական թիմում` արտահերթ ընտրությունները բացառված չեն։
Ինչ արժե վերջերս Թուրքիայում 10 երկրների դեսպաններին արտաքսելու սպառնալիքի հետ կապված սկանդալը։ Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Չավուշօղլուն, որն այդ պահին արտասահմանյան գործուղման մեջ էր, սպառնացել է հրաժարական տալ, եթե Էրդողանն իսկապես ստիպի ՆԱՏՕ-ի դաշնակից պետությունների դեսպաններին լքել երկիրը։ Իշխող կուսակցության անդամները նույնպես զգուշացրել են նման որոշման լուրջ հետևանքների մասին: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ արդյունքում հաղթել է թուրքական բյուրոկրատիան՝ նախագահի վարչակազմն ու ԱԳՆ-ն, փաստացի շրջանցելով Էրդողանին, հաջողացրել են փոխզիջումային տարբերակ գտնել՝ դեսպանատներին համոզելով հայտարարություններ անել՝ դիվանագիտական աղետից խուսափելու համար։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am