Եվրոպայում ձմռանը կփորձեն ապրել առանց էլեկտրականության
Advertisement 1000 x 90

Եվրոպայում ձմռանը կփորձեն ապրել առանց էլեկտրականության

Եվրոպայում լրջորեն խոսում են այս ձմռանը էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների հնարավորության մասին, մանավանդ եթե ձմեռը ցուրտ լինի։ Մասնավորապես, այդ թեմային անդրադարձել է Trafigura խոշորագույն հումքային թրեյդեր ընկերություններից մեկի տնօրեն Ջերեմի Վեյրը. «Անկեղծ ասած, մենք ձմռան համար պաշարներ չենք հավաքում։ Դրա համար էլ իրական մտավախություն կա, որ եթե ցուրտ ձմեռ լինի, ապա Եվրոպայում կարող են էլեկտրաէներգիայի անջատումներ գրանցվել»։

Անշուշտ, եվրոպացիների ներկա սերունդը դժվար թե նույնիսկ տեսական մակարդակով ծանոթ լինի՝ ինչ ասել է հովհարային անջատում։ Եվ, մի կողմից, զարմանալի է, թե որքան արագ է բարեկեցիկ Եվրամիությունը հասել նման իրավիճակի։ Մյուս կողմից՝ էներգաշուկայում իրենց անփույթ գործողություններով եվրոպական բյուրոկրատները մոտեցնում էին այս սցենարը։

Բոլորին վաղուց ծանոթ են Ուկրաինայում էլեկտրաէներգիայի հնարավոր հովհարային անջատումների մասին խոսակցությունները։ Օրերս, ի դեպ, այդ սպառնալիքի մասին խոսել էր Օդեսայի քաղաքապետ Տրուխանովը՝ Կիևի քաղաքապետ Կլիչկոյի ավելի վաղ արած հայտարարությունից հետո։ Ուկրաինայում վերջին անգամ նման անջատումներ եղել են 2014-2015 թվականների ձմռանը։

Այս տարվա սեպտեմբերին հովհարային անջատումների էր բախվել Չինաստանը, որը կտրուկ կրճատել է ածուխի արդյունահանումը՝ կանաչ էներգաարդյունավետության գաղափարախոսության շրջանակում: Ճիշտ է, չինացիները շատ արագ վերականգնեցին արտադրությունն ու ներմուծումը և հաղթահարեցին խնդիրը նոյեմբերի կեսերին:

Բայց որ նման բան կարող է նաև Եվրոպայում տեղի ունենալ, մի հինգ տարի առաջ ոչ մեկի մտքով նույնիսկ չէր անցնի։

Սակայն, այսպես կոչված` ԵՄ-ի երրորդ էներգետիկ փաթեթը, ածխաջրածինների հետախուզման ու արդյունահանման կրճատումը` կանաչ հիստերիայի ֆոնին, անցյալ ցուրտ ձմեռն ու այս շոգ ամառը, որոնք ամրապնդվել են նաև Եվրոպայում, բնական գազի գների հետ կապված նոր իրողություն են ստեղծել ու գազի պակասուրդ առաջացրել։

Գերմանական կարգավորիչի կողմից «Հյուսիսային հոսք- 2»-ի սերտիֆիկացման տեխնիկական դադարեցման ֆոնին Եվրոպայում գազի գինը վերադարձրել է հազար խորանարդ մետրի դիմաց հազար դոլարի: Վեյրն ընդունել է, որ այս աշնանը գազի գների աննախադեպ աճը խնդիրներ է ստեղծել շուկայից օգտվողների համար: «Արդյունքում շուկան գրեթե ի վիճակի չէ նորմալ գործել», – ասել է նա: Նավթի դեֆիցիտը նույնպես պահպանվում է, իսկ նոր նախագծերում ներդրումների բացակայությունը նշանակում է, որ «եռանիշ գինը», այսինքն՝ բարելի դիմաց 100 դոլարը շատ հավանական է։ Brent նավթը վաճառվում է 81 դոլարից մի փոքր բարձր գնով, թեև տարեսկզբին գինը մոտ 50 էր:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր