Համադրելով երկրաբանական և պալեոկլիմատոլոգիական տվյալները՝ գիտնականները ստեղծել են օվկիանոսի դինամիկայի էվոլյուցիայի մոդելը: Արդյունքները ցույց են տվել, որ տեկտոնական տեղաշարժը, որը տեղի է ունեցել 34 միլիոն տարի առաջ, հանգեցրել է Հարավային օվկիանոսում հոսանքների լուրջ վերակազմավորմանը, որն էլ հանգեցրել է Անտարկտիդայի տարածաշրջանում ուժեղ սառեցման: Հոդվածը հրապարակվել է Nature Communications ամսագրում։
Վերջին ցամաքային կամուրջները, որոնք Անտարկտիդան կապում են նրա շրջակա մայրցամաքների՝ Ավստրալիայի և Հարավային Ամերիկայի հետ, պոկվել են մոտ 34 միլիոն տարի առաջ, երբ տեկտոնական շարժումները մեկուսացրին բևեռային մայրցամաքը այլ ցամաքային զանգվածներից: Բայց թե ինչու դրանից հետո Անտարկտիդայում շատ ավելի ցուրտ դարձավ, և սառցե ծածկույթը սկսեց աճել, գիտնականները դեռ միանշանակ պատասխան չեն գտել:
Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Գերմանիայի և Նորվեգիայի հետազոտողների կողմից իրականացված օվկիանոսի շրջանառության բարձր լուծաչափման մոդելավորումները ցույց են տվել, որ 34 միլիոն տարի առաջ Հարավային օվկիանոսի ծովային ուղիների մի քանի հարյուր մետրով խորացումը կարող է լինել պատճառը: Սա հանգեցրել է մակերևութային ջրերի կտրուկ սառեցմանը և Անտարկտիդայի շուրջ շրջանաձև հոսանքի ձևավորմանը, որը թույլ չի տալիս ենթաբևեռ պտույտներին տաք մակերևութային ջրերը տեղափոխել մայրցամաքի ափ:
Այդ ժամանակաշրջանում մթնոլորտում ածխաթթու գազի կոնցենտրացիայի նվազման հետ մեկտեղ տեկտոնական իրադարձությունները որոշիչ դեր են խաղացել Անտարկտիդայի առաջին սառցադաշտի և կլիմայի գլոբալ փոփոխության մեջ, կարծում են հեղինակները։ Արդյունքում սառցաշերտերը սկսեցին գոյանալ ոչ միայն Անտարկտիդայում, այլեւ մոլորակի այլ հատվածներում, որոնք մտան սառցե փուլ։