Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել РБК-ին՝ խոսելով այն մասին, թե ինչպիսի Հայաստան է պետք կառուցել, սոցհարցումների արդյունքում բացահայտված երևույթների, ինչպես նաև երկրի «հավաքարարն ու նախագահը» դառնալու պատրաստակամության մասին:
Հասարակության շրջանում տիրող տրամադրությունների մասին
«Առաջին հերթին, պետք է խոստովանել, որ պատերազմը շատ լուրջ և խոր հետք է թողել հայերի գիտակցության մեջ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում: Այս առումով նոյեմբերի 9-ը սառը ցնցուղ էր, սակայն կարևոր պահ էր հասկանալու համար՝ որտեղ ենք մենք գտնվում: Մյուս կողմից՝ պետք է նշել, որ ոչ խաղաղության, ոչ պատերազմի իրավիճակը, որում ապրել ենք նաև նախքան պատերազմական գործողությունները, ցավոք մնացել է նաև պատերազմից հետո: Երրորդ, իհարկե, սա քաղաքական ճգնաժամ է, որը ողջ տարվա ընթացքում եղել է ողջ հայկական հասարակության շրջանում, այդ թվում իշխանափոխության փորձով՝ ի դեպ տարբեր դրսևորումներով»,- նշել է գործարարը:
Ըստ Վարդանյանի՝ հասարակության մեջ երեք խումբ է ձևավորվել: Առաջինն ամբողջովին հիասթափվել է ամեն ինչից և որևէ ապագա չի տեսնում: Երկրորդ խումբն ասում է. «Ես տանն եմ, ես թաքնվել եմ այս ողջ իրականությունից, ոչինչ չեմ ուզում լսել»: Եվ ոչ մեծ խումբ, որն ասում է. «Ոչ, մենք ուզում ենք փոփոխություններ: Եկեք վերլուծենք, թե ինչն է սխալ եղել, եզրակացություններ անենք, որպեսզի թույլ չտանք, որ դա կրկնվի»:
Վարդանյանը նշել է, որ անցյալ տարվա դեկտեմբերից կանոնավոր հարցումներ են իրականացնում միջազգային մասնագետների հետ համատեղ: Յուրաքանչյուր երեք ամիսը մեկ հարցում է իրականացվում, որի արդյունքները ցույց են տալիս, որ չնայած իրավիճակի ողջ ծանրությանը՝ մարդկանց մոտ 70 տոկոսն ավելի շուտ բավարարված է իր կյանքով, քան հակառակը: «Այդ երևույթը դժվար է պատկերացնել, քանի որ տեսնում ենք, որ մարդիկ վատ են ապրում: Դա վտանգավոր ազդակ է այն մասին, որ հասարակությունը գոյատևում է, որ մարդիկ ապրում են ամեն օր միայն գոյատևելու համար»,- ընդգծում է Վարդանյանը:
Ամբողջությամբ՝ tert.am