«Իրավունքի» զրուցակիցը արձակագիր, սցենարիստ Արմինե Բոյաջյանն է:
– Արմինե Բոյաջյանն ավելի շատ սցենարի՞ստ է, թե՞ արձակագիր:
– Կինոդրամատուրգիան եւ արձակ գրական տեքստը, իսկապես, շատ տարբեր են, ուստի եւ տարբեր եմ ես՝ նրանց մոտենալիս: Չեմ կարող ասել, թե դեպի որ կողմ է ծանրանում նժարը, բայց հստակ կարող եմ ասել, որ գործ ունեմ տեքստային տարբեր կապրիզների հետ: Թեեւ ասում են, որ իմ արձակում կա կինոյի շունչ, երբեմն ես էլ եմ դա զգում. շատ եմ կենտրոնանում բառի էներգետիկ տեսակի, բնույթի վրա, որովհետեւ դա ձեւավորում է տեքստին համապատասխան հոտ, շունչ, միջավայր: Սիրում եմ, երբ ամեն տեքստ իր առանձին ու սեփական լուսոլորտն է ունենում: Այս մոտեցումը, կարծում եմ, գալիս է սցենարական սկզբունքներից. այնտեղ միջավայրը պակաս չէ կերպարից ու ակտից: Միջավայրը գործող անձ է:
– Արմինե, ստացվո՞ւմ է Ձեր եւ Ձեր ստեղծած կերպարների միջեւ հեռավորություն պահպանել:
– Հորինված յուրաքանչյուր կերպար միշտ մարդու գիտակցական այս կամ այն շերտում ունի իր նախատիպը կամ իր ծնվելու պատճառը: Ոչ մի ծնունդ հենց այնպես տեղի չի ունենում մոլորակում, այդ թվում’ տեքստի մոլորակում: Գուցե կերպարը արտաքուստ, իմ կողմից ընտրված արտահայտչաձեւերով ու ներաշխարհով նման չլինի ինձ, բայց մեր միջեւ չի կարող լինել հեռավորություն հենց միայն այն պատճառով, որ ես եմ ծնել իրեն, նա պորտալարով կապված է իմ երեւացող կամ չերեւացող էության հետ, նա սնվել է ինձնից: Եթե նույնիսկ այդ կերպարը կոնկրետ իմ շրջապատում եղած իքս մարդու մարմնավորումն է, միեւնույնն է, այն ֆիլտրված է ինձնով եւ կատարում է այն գործառույթը, որը ես եմ «դրել իր պարանոցին»:
– Հայկական հեռուստատեսությունը ողողված է անորակ հեռուստասերիալներով: Որակյալ սերիալի սցենար գրելու առաջարկ չի՞ եղել:
– Դեռ` ոչ:
– Օրինակ՝ դասական գրողները հիմնականում տղամարդիկ են, սակայն այսօր ժամանակակիցների մեջ քիչ չեն կանայք: Սա ինչո՞վ է պայմանավորված:
– Էդ դասական գրողների ժամանակներում էլ են եղել շատ ստեղծագործող կանայք, այստեղ հարց է, թե ովքեր են հետո մնում պատմության մեջ (եթե խոսում ենք դասականության մասին): Արվեստում ես սեռեր չեմ առանձնացնում, ծանրակշիռ տեքստը իր ճանապարհը հարթում է՝ անկախ հեղինակի ով լինելուց (իհարկե, հայաստանյան շուկան շատ յուրահատուկ է իր տեսակով, այստեղ ավելի շատ թայֆաներն են որոշում՝ ում տեքստն է լավ, եւ կան գովազդային մենաշնորհներ, ինչի արդյունքում, ցավոք, շատ լավ գրողներ իրենց ստեղծագործություններով այդպես էլ մնում են ստվերում. փոքր հանրույթ ենք, ենթադրելի է, որ էդպես էլ պիտի լիներ): Անձամբ ես շատ ռոմանտիկ տեքստեր չեմ սիրում կարդալ (դու մարմնիս քո հոտը թողեցիր, մայթերում ստվերդ եմ որոնում եւ այլն…), հիմնականում էլ նման տեքստեր գրում են կանայք: Բայց, անշուշտ, կան պինդ կանացի ձեռագրեր, որոնց նկատմամբ անտարբեր մնալը մեղք է:
– Կարդո՞ւմ եք ժամանակակից գրականություն:
– Գրողին էդպիսի հարց կտա՞ն, Հայկ ջան (ժպտում է): Ես լուրջ չեմ վերաբերվում բոլոր այն «գրողներին», որոնք չգիտեն՝ որտեղից է գալիս գրական միտքը, ինչ էվոլյուցիա է ապրել, ինչ է ասում հիմա այն մեզ եւ դեպի ուր է այն մեզ ուղղորդում (գուցե ոչ մի տեղ, դա այլ հարց է): Չկարդացող գրողի տեքստը կարդալ չեմ ուզում պարզապես: Ասեմ, որ միանգամից էլ զգում եմ…
Հայկ Գեւորգյան