Որքան արժե քովիդով 1 հիվանդի բուժումը հիվանդասենյակում և վերակենդանացման բաժանմունքում. hraparak.am
Advertisement 1000 x 90

Որքան արժե քովիդով 1 հիվանդի բուժումը հիվանդասենյակում և վերակենդանացման բաժանմունքում. hraparak.am

Եվ այսպես, առողջապահության նախարարությունը քննարկում է չպատվաստված և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հիվանդանոցային բուժումը փետրվարի 1-ից վճարովի դարձնելու հարցը։ Հետաքրքիր է՝ ինչու է ԱՆ-ն գնում նման սահմանափակող միջոցների ու խստացումների, եթե, օրինակ, հանրապետությունում հիվանդացության թիվն այսօր 161 էր։ Կամ՝ ավելի պարզ հարց՝ ինչի՞ համար է այս ամենը, եթե հանրային տրանսպորտում այն վիճակն է, որի մասին բոլորը գիտեն։ Ավտոբուսների վարորդների գործադուլի օրը, օրինակ, մի երթուղայինի դուռ երկար ժամանակ չէր բացվում, իսկ բացվելուց հետո մարդիկ ուղղակի իրերի պես դուրս թափվեցին։ Ամեն դեպքում, առողջապահության նախարարի խոսնակը հայտնել էր, թե քանի որ վիրուսը շարունակում է մուտացվել, և պարբերաբար նոր շտամներ են ի հայտ գալիս, պատվաստումային ցուցանիշն էլ այնքան գոհացնող չէ, հետևաբար՝ նախարարությունը ստիպված է նոր պահանջներ և սահմանափակումներ կիրառել։

ԱՆ-ի այս նոր որոշումը նշանակում է, որ չպատվաստված վերջին մոհիկանները ստիպված գնալու են պատվաստվեն՝ ընտանիքին 800 հազար դրամի բեռի տակ չգցելու համար։ Հենց այդքան է հաշվարկում ԱՆ-ն մեկ հիվանդի բուժումը, թեև այս պահին ստացիոնար բուժումն իրականացվում է պետպատվերով։ Արդյո՞ք պետությունն այդքան գումար է ծախսում քովիդով մեկ հիվանդի վրա կամ, հարցն այլ կերպ դնենք, այդ բուժումն այդքան արժե։ Մի շարք բժիշկներ, այդ թվում նաև՝ քովիդ բուժող, տարակուսում և կասկածում են, այդ թվում՝ բժշկուհի Լամարա Մանուկյանը, որը մամուլին հայտնել էր, որ Covid-19-ի դեմ բուժումը չի կարող անցնել 150.000 դրամի շեմը։ Որքա՞ն է արժենում քովիդի բուժումը հիվանդասենյակում, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և այն հիվանդների վրա, որոնց միացված են արհեստական շնչառության սարքեր։

Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասում է, որ ամեն մի մասնավոր հիվանդանոց իր գնագոյացումն ունի։ Իսկ միջինացած թիվը, ըստ նրա, հենց 800 հազարն է։ Ինչ վերաբերում է վերակենդանացման բաժանմունքում հիվանդների բուժման գումարներին, ապա, ըստ նրա, սա շատ անհատական է։ «Որովհետև քաղաքացի կա՝ վերակենդանացման բաժանմունքում անցկացնում է 1-3 ամիս, կա քաղաքացի, որը նույն թթվածինը շնչելով՝ հիվանդանոցում 2 շաբաթ է անցկացնում։ Բնականաբար, այս երկու քաղաքացիների վրա պետության ծախսը նույնը չի կարող լինել։ Այնպես որ, նորից եմ ասում, շատ հարաբերական է յուրաքանչյուր հիվանդի համար։ Նաև` կախված բուժօգնության ծավալից ու ձևից՝ վիրահատական բուժօգնություն և այլն»։

Քովիդ բուժող բժիշկ Արմեն Օհանյանը, որը շատ դեպքերում ԱՆ-ի հետ չի համաձայնում, այս հարցում համամիտ էր, ասաց՝ այն, ինչ պետությունը հաշվարկել է, պետք է համարել օպտիմալ գումար։

«Դա շատ հարաբերական է։ Կարա լինի 0 դրամ, կարա լինի 2-3 միլիոն։ Ընդհանուր ստանդարտ գին չկա, դա կախված է բուժման ծավալից։ Կախված նրանից, թե ինչ հետազոտություն ես անում, անու՞մ ես, չես անում»,-ասում է Արմեն Օհանյանը։ Օրինակ՝ 2 «ԿաՏե»-ն կազմում է 50-80 հազար դրամ։

Ինչ վերաբերում է ինտենսիվ թերապիային, ապա, ըստ բժշկի, կիրառվում են շատ թանկարժեք պրեպարատներ, դրա համար էլ այստեղ բուժումը կազմում է 2-3 մլն դրամ։ Իսկ վերակենդանացման բաժանմունքում արժեքը, առհասարակ, հաշվվում է օրով՝ օրական կարող է կազմել 100 հազար դրամ և ավել։ Այսինքն՝ վերակենդանացման բաժանմունքում 10 օրվա համար բուժումը կարող է կազմել 1 մլն դրամ՝ «զուտ ռեանիմացիոն վարում։ Միայն դա»։

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար  Շուշան Դանիելյանն էլ ի պատասխան նշեց, թե քանի որ իրենք երբեք քովիդ վճարովի հիմունքներով չեն բուժել, չեն կարող ասել, թե որքան է կազմում հիվանդասենյակում մեկ հիվանդի բուժումը։ Սակայն «ստանդարտ» թոքաբորբով մեկ հիվանդի բուժումն օրական կազմում է 20-25 հազար դրամ։

Ըստ Հռիփսիմե Խաչատրյանի՝ քովիդ հիվանդների բուժումը, ըստ բժշկական պրոտոկոլի, կատարվում է պետպատվերի շրջանակներում։ Ինչը, ըստ ամենայնի, նշանակում է, որ թանկարժեք դեղերը, որոնք չկան այդ պրոտոկոլներում, հիվանդները գնում են իրենց հաշվին։

Արհեստական օդաչափության սարքերն անվճար են․ հիվանդը շնչում է պետության հաշվին։ Մի շարբ նուրբ հարցի մասին. ինչպես հայտնի է՝ քովիդով հիվանդների որոշակի տոկոս չի առողջանում, մահանում է։ Արդյոք պետությունը հիվանդի մահվան դեպքում ընտանիքից գանձելու՞ է չբուժված հիվանդի համար այդ 800 հազարը։ ԱՆ խոսնակը հարցն անտրամաբանական համարեց՝ ասելով․ «Այլ հիվանդությունների դեպքում և վիրահատությունների, երբ կա վտանգ, որ հիվանդը չի հաղթահարի այն, ինչպես հայտնի է, հիվանդը թուղթ է ստորագրում և աչքի առաջ ունի այդ վտանգը։ Եվ նույնն է, թե աչքի առաջ այդ վտանգն ունենալով՝ վիրահատության համար չվճարի։ Նույնն էլ` քովիդի պարագայում։ Ի վերջո, կարող է անվճար պատվաստվել։ Մեր երկրում, փառք  Աստծո, կա պատվաստանյութերի բացառիկ այնպիսի ընտրություն, որը չկա անգամ շատ զարգացած երկրներում։ ԱՄՆ-ում, օրինակ, մեքենան կանգնեցնում են, պատվաստում և քշում գնում»։

Ինչ վերաբերում է հարցին, թե փետրվարին մտնելիք կարգը վերաբերելու՞ է արդյոք պատվաստանյութի բացարձակ հակացուցումներ ունեցող անձանց, ԱՆ խոսնակն ասաց, թե գոյություն ունի բացարձակ մեկ հակացուցում՝ դա առաջին դեղաչափից հետո անաֆիլակտիկ շոկն է, մյուս հակացուցումները, ըստ այդմ, «խիստ հարաբերական են և ժամանակավոր»։

hraparak.am