ԱՄՆ-ի ռազմական բյուջեն հասել է 778 մլրդ դոլարի։ Պենտագոնը ԱՄՆ ռազմածովային ուժերի համար գերձայնային հրթիռի ստեղծման պայմանագրի գումարը հասցրել է 3 մլրդ դոլարի: Ամերիկացիները 8 տարբեր ծրագրերով գրոհում են «գերձայնային տիրույթը», և 2022թ․-ի ֆինանսական տարում մտադիր են ծախսել ևս 3,8 մլրդ դոլար։ Ծախսերը համադրելի են Եվրոպական պաշտպանական նախաձեռնության (4 մլրդ դոլար) հետ։
Պենտագոնի հաշվարկներով՝ ավելի քան 2700 կմ հեռահարությամբ ծովային բազավորման գերձայնային հրթիռի մշակումը պետք է ավարտվի հինգ տարվա ընթացքում, մինչև 2024 թվականի գարունը՝ «ընտրված և կրիտիկական թիրախներ» խոցելու, «երկրագնդի ցանկացած կետում ընդամենը մեկ ժամվա ընթացքում» հարվածներ հասցնելու ունակության ցուցադրմամբ: Իրականությունն այն է, որ ամերիկացիները դեռ չեն հաղթահարել սկզբնական արագացման խնդիրը, իսկ գերձայնային արագություններով կառավարվող թռիչքն է՛լ ավելի մեծ տեխնոլոգիական խնդիր է։
ԱՄՆ-ում AGM-183A (ARRW) օդային տեղակայման գերձայնային հրթիռի մշակումը նախատեսում էին ավարտել (սպառազինության ընդունել) 2022 թվականի աշնանը, սակայն փորձարկայիննախատիպերը ոչ մի գնով չեն արագանում: 2021 թվականի հուլիսին ու ապրիլին AGM-183A-ի թռիչքային փորձարկումները ձախողվեցին։
Պենտագոնի ցամաքային ուժերը ծրագրում են մինչև 3000 կմ հեռահարությամբ LRHW (Long Range Hypersonic Weapon) հեռահար շարժական գերձայնային համակարգը ստանալ «2023թ․-ից ոչ շուտ», իսկ բազմաստիճան արագացուցիչների փորձարկումներն առայժմ այնքան էլ համոզիչ չեն:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հեռանկարային հետազոտական ծրագրերի վարչությունը սեպտեմբերին խիստ ժլատ տեղեկություններ ներկայացրեց HAWC (Hypersonic Air – breathing Weapon Concept) հրթիռի նախատիպի հաջող փորձարկման մասին․ հայտնի չէ, թե որտեղ և երբ է հրթիռը հաղթահարել գերձայնային շեմը և հասել 5 Մախ արագության: Մասնագետները թերահավատությամբ գնահատեցին արդյունքը։
Պլազմայի ջերմաստիճանը
Ամերիկյան գերձայնային նախագծերի իրականացումն ուղեկցվում է տեխնոլոգիական և ինժեներատեխնիկական խնդիրներով, այդ թվում՝ նյութերի և ջերմության հետ կապված: Գերձայնային արագության թափառքից հետո մանևրային թռիչք է սկսվում մթնոլորտում՝ բարձր ջերմաստիճանի պլազմայի ամպի մեջ, որը կարող է այրել կորպուսը, էլ չենք խոսում ալեհավաքների և սենսորների մասին: Ընդ որում` ինքնաթիռի էլեկտրոնիկան պետք է կայուն կերպով ապահովի ուղղության հաշվարկն ու մանևրները։ Այստեղ մեծ դաշտ կա նյութագիտության, շարժիչների կառուցման, էլեկտրոնիկայի, աերոդինամիկայի զարգացման համար։
Օրինակ` Ալյասկայում Х-43А ամերիկյան գերձայնային հրթիռի փորձարկումների ընթացքում մոտ 6500 կմ/ժամ արագությամբ թռիչքի յոթերորդ վայրկյանից սարքն այրվել է մթնոլորտում: Ռուսական «Ցիրկոնները» չեն այրվում։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am