Իրանի հետ պատերազմը կարող է անակնկալի բերել Իսրայելին
Advertisement 1000 x 90

Իրանի հետ պատերազմը կարող է անակնկալի բերել Իսրայելին

Վերջին շրջանում հաճախ է խոսվում իրանա-իսրայելական հնարավոր պատերազմի մասին: Վերլուծաբանները ռազմական բախման հավանականությունը կապում են իրանական միջուկային ծրագրի հետ:

Երբ վերջերս ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության տնօրենը նշեց, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի, որ ագրեսիա դրսեւորվում է միայն Իսրայելի կողմից, որ Միացյալ Նահանգներն այս դեպքում չի դառնա իսրայելական նկրտումների իրականացնողը, Թել Ավիվը պաշտոնապես հայտարարեց, որ պատրաստ է միայնակ ռազմական գործողություններ սկսել Թեհրանի դեմ: Հայտարարություն, որը, ըստ էության, ոչ այնքան պատերազմի կոչ էր, որքան պնդում, որ ինքը չի ստել, որ Իրանի դեմ իր հնչեցրած մեղադրանքները համապատասխանում են իրականությանը: Սա մոտավորապես հիշեցնում է մի իրավիճակ, երբ ուղեւորը վագոնից դուրս թռչելուց հետո սկսում է վազել արագ հեռացող գնացքի հետեւից՝ իր տեղը վերադառնալու համար…

Թեմային նվիրված նախորդ հրապարակումներում «ՀՀ»-ն հիմնականում անդրադարձել է Իրանի հնարավորություններին եւ միջուկային ծրագրի շուրջ զարգացումներին: Իսկ ինչպիսի՞ն են Իսրայելի հնարավորությունները, եւ արդյոք հրեական պետությունը կարո՞ղ է միայնակ դուրս գալ Իրանի դեմ: Պարզվում է՝ Թել Ավիվը կարող է պատրաստ չլինել Իրանի միջուկային օբյեկտների դեմ լիարժեք ռազմական սցենարին: Նման զգուշացումներ են հնչեցնում հրեական պետության պաշտոնաթող ու գործող պաշտոնատար անձինք՝ կանխատեսելով, որ պատերազմին նախապատրաստությունը կտեւի նվազագույնը երկու տարի: Իրավիճակը բարդացնում է նաեւ Իրանի պաշտպանական հնարավորությունների բարելավումը, ինչը տեղի է ունեցել վերջին տասնամյակում: Բացառված չէ, որ իսրայելական կողմի համար «աշխատանքային» տարբերակը մնում է միջուկային օբյեկտների դեմ թիրախային դիվերսիաների կազմակերպումը: Բայց դա էլ, անկասկած, իր գինը կունենա: Հարցը, թե արդյոք իրանական դիրքերի դեմ լայնամասշտաբ օպերացիա կկազմակերպվի՞, ծագել է իսրայելական ղեկավարության կողմից հրապարակային սպառնալիքների ֆոնին:

ԱՄՆ-ի մերձավորարեւելյան դաշնակիցն անհանգստացած է Վիեննայի բանակցությունների ընթացքից՝ կապված «միջուկային գործարքի» հնարավոր վերականգնման հետ: Իրանցի բանակցողները, ինչպես վերջերս հայտնի դարձավ, սկզբունքորեն համաձայնել են նորից տեղադրել տեսախցիկներ, որոնք ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին հնարավորություն կտան հետեւել Քերեջ քաղաքի միջուկային ենթակառուցվածքներին, նույնիսկ միջազգային միջնորդների հետ տեքստի համանման ըմբռնում էին ցուցադրել, տեքստ, որը հիմք կդառնա հնարավոր գործարքի համար։ Սակայն իսրայելցիները վախենում են, որ էական զիջումները կօգնեն Թեհրանին՝ շարունակելու իր գաղտնի շարժումը դեպի ատոմային ռումբի ստեղծումը։ Ամերիկյան «New York Times»-ի հետ զրույցում իսրայելցի մի քանի այժմյան եւ պաշտոնաթող բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, ի դեպ, նշել են, որ իրենց երկիրը չունի այնպիսի ռեսուրսներ, որոնք հնարավորություն կտան ոչնչացնել կամ զգալիորեն դանդաղեցնել Իրանի միջուկային ծրագիրը։ Զրուցակիցներից մեկն ասել է, որ լայնամասշտաբ քարոզարշավ նախապատրաստելու համար, որով հաճախ սպառնում են Իսրայելի իշխանությունները, կպահանջվի առնվազն երկու տարի:

Հետախուզությունում «New York Times»-ի աղբյուրը ճշգրտել է, որ Իրանի տարածքում պոտենցիալ թիրախները, ինչպիսիք են Նաթանզի եւ Ֆորդոյի օբյեկտները, ունեն ընդարձակ ստորգետնյա ենթակառուցվածք, եւ դժվար է դրանց էական վնաս հասցնել: Առանձին խնդիր է լիցքավորող ինքնաթիռների անբավարարությունը։ Վառելիքի փոխանցման հնարավորությունը վճռորոշ նշանակություն ունի Իսրայելի ավիացիայի համար, որը հիպոթետիկ ուժային սցենարի դեպքում ստիպված է լինելու հատել արաբական որոշ երկրների օդային տարածքը, որոնք Իրանից կախվածության պատճառով վախենում են օգնություն ցուցաբերել նրա հիմնական հակառակորդին:

Ամբողջությամբ՝ hhpress.am



Նման նյութեր