Սխալ քայլելը՝ ազդրերի եւ ծնկների վրա ավելորդ ծանրաբեռնվածությամբ, կարող է հանգեցնել օստեոարթրիտի վաղաժամ զարգացման՝ անբուժելի հիվանդություն, որը հանգեցնում է քրոնիկ ցավի եւ հաշմանդամության: Սիդնեյի համալսարանի գիտնականները հայտնում են իրենց հետազոտության արդյունքների մասին Osteoarthritis and Cartilage ամսագրում հրապարակված հոդվածում:
Հետազոտության հեղինակները վերլուծել են ավելի քան 4000 մարդու մասնակցությամբ 23 գիտական հետազոտությունների տվյալները: Այս տվյալների շնորհիվ գիտնականներին հաջողվել է ստեղծել քայլքի ընթացքում ծնկահոդի տեղաշարժի մանրակրկիտ մոդել։
Ինչպես պարզվել է, եթե քայլելիս ծունկը շարժվում է նախ դեպի դուրս, ապա ներս, ապա օստեոարթրիտի սրման վտանգը կրկնապատկվում է։
Ներկայումս գիտնականները մեթոդներ են մշակում ծնկի օստեոարթրիտով հիվանդների հոդերի վրա վտանգավոր բեռը նվազեցնելու համար, որպեսզի դանդաղեցնեն հիվանդության զարգացումը: Մասնագետներն ուսումնասիրում են նաեւ քայլելու տարբեր ոճերի ազդեցությունը արթրիտի կանխարգելման վրա։