Նիկոլ Փաշինյանը կփորձի գնալ կառավարման համակարգի փոփոխության՝ խորհրդարանականից անցում կատարելով կիսանախագահական համակարգի, քանի որ կառավարման գործող համակարգը անկայուն է, իսկ կիսանախագահական համակարգի դեպքում իշխանություն պահելն ավելի հեշտ է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը և հավելեց.
«Խորհրդարանական համակարգը ենթադրում է կուսակցությունների պայքար, իսկ Նիկոլ Փաշինյանը կուսակցություն չունի, ունի «կոճակ սեղմողների» մեծ բազմություն, որը ցանկացած ֆորսմաժորի դեպքում լքելու է քաղաքական թիմը: Եթե կուսակցության հեղինակությունն այսպես թե այնպես հիմնված է միայն մեկ մարդու վրա, Փաշինյանը մտածում է՝ լավ կլինի, որ հենց անձերի միջև էլ լինեն ընտրությունները և ոչ թե՝ կուսակցությունների»:
Հարցին՝ այս դեպքում ՔՊ-ն կկարողանա՞ խորհրդարանում մեծամասնություն կազմել, փորձագետը վստահեցրեց՝ կկարողանա, բայց բացառապես պետական և վարչական ռեսուրսներ կիրառելու միջոցով.
«Եթե Փաշինյանը դառնա նախագահ, ՔՊ-ում կլցվեն բոլոր պատեհապաշտները, օլիգարխները, չինովնիկները և քրեական տարրերը, մի խոսքով՝ ՔՊ-ն կդառնա Հայաստանում դասական իշխող կուսակցություն և հայտնի լծակների միջոցով մեծամասնություն կկազմի, բայց սա այն դեպքում՝ եթե Նիկոլ Փաշինյանը դառնա նախագահ, ինչի հնարավորությունը մեծ չէ »,-ասաց Բաղդասարյանը և հավելեց, որ կառավարման կիսանախագահական համակարգի դեպքում ընդդիմության շանսերն ավելի կմեծանան, եթե կարողանա ավելի արդյունավետ դարձնել իր կուսակցական կառույցները և հանդես գա նոր դեմքերով.
«Այն դեպքերը որոնք մենք տեսնում ենք ՝Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, այդ դեմքերով ընտրություններին հաջողության հասնելու շանսերը չնչին են»,-շեշտեց Արմեն Բաղդասարյանը:
Վերլուծաբանը կարծում է՝ կառավարման համակարգի փոփոխության համար արտաքին քաղաքական ազդակներ նաև կան, գործող անվտանգային և տնտեսական համակարգում՝ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ բանակցություններին բոլոր երկրները մասնակցում են նախագահի մակարդակով և միայն Հայաստանն է վարչապետի մակարդակով մասնակցում:
Ինչ վերաբերում է քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնանկությանը և նրա շուրջ ստեղծված աղմուկին, փորձագետը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում շատ լուրջ արտաքին քաղաքական մարտահրավերների առաջ է կանգնելու, ստիպված է լինելու շատ ցավալի որոշումներ ընդունել, դրանից առաջ նա փորձում է իշխանության բոլոր ոլորտներում լիակատար վերահսկողությունը հաստատել, ինչպես դա եղավ ՏԻՄ ընտրությունների դեպքում, քաղաքապետի հեռացումն էլ, ըստ փորձագետի, դրա շարունակությունն էր, որպեսզի ցավոտ որոշումներ կայացնելուց հետո բողոքի լուրջ ալիքներ բարձրանալու դեպքում իր թիկունքն ամուր լինի.
«Նա փորձում է վերցնել համայնքային իշխանությունը, ՄԻՊ ինստիտուտը, Երևանը, բոլոր այն տեղերում, որտեղ դժգոհության պոտենցիալ օջախներ կան, Նիկոլ Փաշինյանը փորձում է դրանք վերահսկել և ամենաբիրտ մեթոդներով պահել իր վերահսկողության տակ:
Երբ սկսվեն հայ-թուրքական հարաբերությունների և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, կարծում եմ, մեր հասարակությունը և քաղաքական ուժերը բողոքի ալիք բարձրացնելու շատ լուրջ փաստեր կունենան »,-ասաց Արմեն Բաղդասարյանը և նկատեց՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու իշխանության նախաձեռնությունը հակառակ ազդեցությունն ունեցավ՝ արդյունքում Հայկ Մարությանի վարկանիշը բարձրացավ, իսկ ՔՊ-ինը, հակառակը՝ իջավ:
«Իշխող խմբակցության կոնկրետ Երևանի ավագանու թիմը բացահայտեց իր դեմքը, չնայած՝ բոլորի համար էլ պարզ էր, որ իրենք ընդամենը կոճակ սեղմող են, դա ավելի բացահայտ երևաց»,-ասաց Արմեն Բաղդասարյանը:
Փորձագետը նաև արձանագրեց, որ Հայկ Մարությանը վարկանիշը Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշի ֆոնին բարձրացնում էր, ինչը նույնպես դուր չէր գալիս Նիկոլ Փաշինյանին
«Այնպես չէ, որ քաղաքացիները շատ գոհ են Հայկ Մարությանի աշխատանքից, պարզապես, մյուս կառույցների համեմատ, քաղաքացիներն ինչ-որ աշխատանք տեսնում էին, այսինքն՝ համեմատության մեջ են նրանից գոհ:Մարությանի վարկանիշի բարձրացմանը նպաստեց նաև պատերազմից հետո ներքաղաքական շատ իրադարձություններից անմասն մնալը ,հատկապես այն , որ Հայկ Մարությանը իրեն հեռու պահեց խորհրդարանական վերջին ընտրություններից, հաշվի առնելով իշխանությունների գահավիժող վարկանիշը ՝ հասարակության զգալի մասը դրական գնահատական ներկայացրել»,-ասաց Բաղդասարյանը:
Փորձագետը չի կարծում, թե Մարությանը հետագայում քաղաքական հայտ կներկայացնի, սակայն դա չի նշանակում, որ հաջողության կհասնի։
«Նա գուցե քաղաքապետի պաշտոնում իրեն դրսևորել է որպես լավ մենեջեր ,բայց որպես քաղաքական գործիչ իրեն ընդհանրապես որևէ կերպ չի դրսևորել: Կարծում եմ, այնքան ողջամտություն կունենա, որ մեծ քաղաքականություն չի մտնի»,-ասաց Արմեն Բաղդասարյանը:
Նկատենք, որ մինչ այս ՔՊ-ն լքած առաջնային դեմքերը՝ Տիգրան Ավինյանը, Դավիթ Սանասարյանը, ինչպես նաև Հայկ Մարությանը, շեշտել են՝ որ թիմը հեռացել է հեղափոխական գաղափարներից: Արմեն Բաղդասարյանը շեշտեց, որ Տիգրան Ավինյան էլ Դավիթ Սանասարյանն, Հայկ Մարությանն էլ դուրս են եկել թիմից միայն այն ժամանակ , որբ իրենց ամբիցիաները չեն բավարարվել.
«Նույն թիմն է, մարդկային նույն տեսակն է, այստեղ նրանց սկզբունքների հարցը չի, այլ՝ ամբիցիաների:Երեքն էլ քաղաքական թիմից դուրս գալիս շեշտել են, որ թիմը շեղվել է հեղափոխական գաղափարներից, բայց երեքն էլ դա շեշտում են միայն այն ժամանակ, երբ իրենց նկատմամբ քաղաքական թիմում վերին հրահանգով անվստահություն հայտնելու հրահանգ է իջեցվում, բայց երբ իրենց կոմֆորտի մեջ էին, չէին նկատում դա:
Ամեն մեկն ուներ ստվերային դերակատարումը իշխող թիմում, իր ազդեցության ոլորտը, երբ դրանք նվազեցին, իրենք նոր նկատեցին՝ իշխանությունները շեղվում են հեղափոխական արժեքներից»,-ասաց Արմեն Բաղդասարյանը:
Աղբյուր` Փաստինֆո