Ի՞նչ գիտենք ՔՈՎԻԴ-19-ի Օմիկրոն ենթատեսակի մասին
Advertisement 1000 x 90

Ի՞նչ գիտենք ՔՈՎԻԴ-19-ի Օմիկրոն ենթատեսակի մասին

Ի՞նչ է Օմիկրոնը, և ինչպիսի՞ կանխարգելիչ միջոցներ պետք է ձեռնարկես՝ քեզ և ընտանիքդ պաշտպանելու համար:

Ամբողջ աշխարհում մարդիկ մտահոգված են ՔՈՎԻԴ-19-ի Օմիկրոն ենթատեսակով։ Մենք հավաքել ենք ամենաթարմ փորձագիտական տեղեկատվությունը այս նոր ենթատեսակի մասին և կշարունակենք թարմացնել այս հոդվածը՝ նոր տեղեկությունների և հետազոտության արդյունքների հայտնվելուն պես։

Ի՞նչ է Օմիկրոն ենթատեսակը։

ՔՈՎԻԴ-19-ի Օմիկրոն ենթատեսակը ԱՀԿ-ի կողմից սահմանվել է որպես անհանգստություն առաջացնող տեսակ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ ենթատեսակն ունի բազմաթիվ մուտացիաներ, որոնք կարող են ազդել վարակի վարքագծի վրա։ Օմիկրոնի հետ կապված դեռևս զգալի անորոշություններ կան, և բազմաթիվ հետազոտություններ են իրականացվում՝ գնահատելու դրա տարածման դինամիկան, ծանրությունը և կրկնավարակի ռիսկը:

Ինչպե՞ս է առաջացել Օմիկրոն ենթատեսակը։

Երբ վիրուսը լայնորեն տարածվում է և դառնում է բազմաթիվ վարակների պատճառ, վերջինիս մուտացիայի հավանականությունը մեծանում է։ Որքան շատ տարածվի վիրուսը, այնքան այն ավելի շատ փոփոխությունների կենթարկվի։

Օմիկրոնի նման նոր ենթատեսակները հիշեցնում են, որ այս համավարակը դեռ շարունակվում է և քիչ է հավանականությունը, որ շուտով կավարտվի։ Ուստի, անչափ կարևոր է, որ մարդիկ պատվաստվեն և շարունակեն հետևել վարակի կանխարգելմանն ուղղված առկա միջոցառումներին, այդ թվում՝ պահպանեն ֆիզիկական հեռավորություն, կրեն դիմակ, հաճախակի լվանան ձեռքերը և օդափոխեն տարածքները։

Բացի այդ, շատ կարևոր է, որ պատվաստանյութերը և հանրային առողջության այլ միջոցները բոլորին հասանելի լինեն։ Պատվաստանյութերի անհավասար հասանելիությունը մի շարք ցածր եկամուտ ունեցող երկրներին, որոնցից շատերը գտնվում են Աֆրիկայում, բոլորիս թողնում է ՔՈՎԻԴ-19-ի իշխանության տակ։ Կարևոր է, որ հարուստ երկրները վերջիններիս օգնության հասնեն՝ տրամադրելով պատվաստանյութեր։

Ո՞ր երկրներում է գրանցվել Օմիկրոն ենթատեսակը։

Օմիկրոն ենթատեսակը հայտնաբերվել է աշխարհի մի քանի տարածաշրջաններում։ ԱՀԿ-ն հայտնում է, որ աշխարհով մեկ Օմիկրոն ենթատեսակի տարածման հավանականությունը բարձր է։

Արդո՞ք Օմիկրոն ենթատեսակն ավելի վտանգավոր է, քան ՔՈՎԻԴ-ի մյուս ենթատեսակները։

Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Օմիկրոն ենթատեսակը ՔՈՎԻԴ-19-ի մյուս ենթատեսակներից, այդ թվում՝ Դելտայից, ավելի՞ վտանգավոր է, թե՞ ոչ։ Իրականացվում են հետազոտություններ, և այս տեղեկությունը կթարմացվի, երբ որևէ բան պարզվի։

Կարևոր է հիշել, որ ՔՈՎԻԴ-19-ի բոլոր ենթատեսակները կարող են հանգեցնել ծանր ընթացքի կամ մահվան, այդ թվում՝ Դելտա ենթատեսակը, որն այս պահին գերակշռում է աշխարհում, ահա թե ինչու է այսքան կարևոր կանխարգելել վարակի տարածումը և նվազեցնել վարակվելու վտանգը։

Արդո՞ք Օմիկրոն ենթատեսակն ավելի վարակիչ է։

Դեռևս պարզ չէ՝ արդյոք Օմիկրոնը կարող է մյուս ենթատեսակներից, այդ թվում՝ Դելտայից, ավելի հեշտ փոխանցվել անձից անձ, թե՝ ոչ։ Այդուհանդերձ, պատվաստված լինելը և կանխարգելիչ միջոցառումներին հետևելը՝ մարդաշատ վայրերից խուսափելը, ֆիզիկական հեռավորություն պահպանելը և դիմակ կրելը կրիտիկական նշանակություն ունեն ՔՈՎԻԴ-19-ի տարածումը կանխարգելելու հարցում։ Մենք հստակ գիտենք, որ այս գործողություններն արդյունավետ են եղել վարակի մյուս ենթատեսակների պարագայում։

Արդյո՞ք Օմիկրոն ենթատեսակի ախտանշաններն այլ են։

Չկա տեղեկատվություն, որը կենթադրի, որ Օմիկրոնի ախտանշանները տարբերվում են ՔՈՎԻԴ-19-ի մյուս ենթատեսակների ախտանշաններից։

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերն արդյունավե՞տ են Օմիկրոն ենթատեսակի դեմ։

Գիտնականները ուսումնասիրում են Օմիկրոնի հնարավոր ազդեցությունը ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետության վրա։ Չնայած, որ տեղեկատվությունը դեռ սահմանափակ է, ըստ ԱՀԿ-ի, ներկայում առկա պատվաստանյութերը որոշակիորեն պաշտպանում են հիվանդության ծանր ընթացքից և մահից:

Բացի այդ, կարևոր է պատվաստվել՝ պաշտպանվելու համար մյուս՝ այս պահին ավելի լայն տարածում գտած ենթատեսակներից, ինչպիսին է, օրինակ, Դելտան։ Երբ հնարավորություն ունենաք, անպայման պատվաստվեք։ Եթե ձեր ստացած պատվաստանյութը երկու դեղաչափով է, կարևոր է երկուսն էլ ստանալ՝ առավելագույն պաշտպանություն ձևավորելու համար։

ՔՈՎԻԴ-19-ով նախկինում վարակված լինելը Օմիկրոնի դեմ արդյունավե՞տ պաշտպանություն է։

Ըստ ԱՀԿ-ի՝ նախնական հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր նախկինում վարակվել են ՔՈՎԻԴ -19-ով, ավելի հեշտությամբ կարող են վարակվել Օմիկրոնով, քան մյուս ենթատեսակներով: Սակայն տեղեկությունները դեռևս սահմանափակ են, և մենք կտեղեկացնենք, երբ որևէ նոր բան պարզ դառնա:

ՔՈՎԻԴ-19-ի ներկայի թեստերը կարողանո՞ւմ են հայտնաբերել Օմիկրոն ենթատեսակը։

Լայնորեն կիրառվող ՊՇՌ թեստերը շարունակում են հայտնաբերել ՔՈՎԻԴ-19-ի վարակը, այդ թվում՝ Օմիկրոնը։ Իրականացվում են հետազատություններ՝ գնահատելու՝ արդյոք կա որևէ տարբերություն ուրիշ տեսակի թեստերի, այդ թվում՝ արագ հակագեն թեստերի դեպքում։

Արյո՞ք ավելի հավանական է, որ երեխաները վարակվեն Օմիկրոն ենթատեսակով։

Հետազոտություններ են իրականցվում՝ պարզելու Օմիկրոնի փոխանցելիությունը, և մենք կտեղեկացնենք, երբ ավելի շատ բան պարզ դառնա։ Այդուհանդերձ, հարկ է նշել, որ այն մարդիկ, ովքեր սոցիալական շատ շփումներ են ունենում և նրանք, ովքեր պատվաստված չեն, ավելի մեծ է ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու հավանականությունը։

Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել ինձ և ընտանիքիս Օմիկրոն ենթատեսակից։

Ամենակարևորը վարակվելու վտանգը նվազեցնելն է։ Ձեզ և ձեր սիրելիներին պաշտանելու համար․

Կրեք դիմակ, որը ծածկում է ձեր բերանը և քիթը։ Համոզվեք, որ դիմակը դնելիս և հանելիս ձեր ձեռքերը մաքուր են։

Պահպանեք մյուսներից ամենաքիչը մեկ մետր ֆիզիկական հեռավորություն։

Խուսափեք վատ օդափոխվող և մարդաշատ վայրերից։

Բացեք պատուհանները՝ ներսում օդափոխությունը բարելավելու համար։

Հաճախակի լվացեք ձեր ձեռքերը։

Պավաստվեք։ ԱՀԿ-ի կողմից հաստատված բոլոր պատվաստանյութերն ապահով են և արդյունավետ։

Ինչպե՞ս կարող եմ երեխաներիս հետ խոսել Օմիկրոնի և ՔՈՎԻԴ-19-ի մյուս ենթատեսակների մասին։

ՔՈՎԻԴ-19-ի և այժմ նաև Օմիկրոնի մասին լուրերը հեղեղել են մեր առօրյան, և բնական է, որ հետաքրքրասեր փոքրիկները բազմաթիվ հարցեր ունենան: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք արժե մտապահել և որոնք կօգնեն պարզ և հուսադրող բառերով բացատրել այս բարդ թեման:

Երեխաներն իրավունք ունեն իմանալու, թե ինչ է կատարվում, բայց բացատրությունը պետք է լինի նրանց տարիքին համապատասխան:

Խնդրեք ձեր երեխային պատմել այն, ինչ նա լսել է և լսեք նրա պատասխանները: Կարևոր է լիովին ներգրավված լինել և լրջորեն վերաբերվել երեխայի մտավախություններին: Եղեք համբերատար, համավարակը և ապատեղեկատվությունը բոլորի համար մեծ անհանգստություն և անորոշություն են առաջացրել։

Համոզվեք, որ դուք ինքներդ տիրապետում եք ամենաթարմ տեղեկությանը: Այնպիսի միջազգային կազմակերպությունների կայքերը, ինպիսիք են՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն, համավարակի մասին ճշգրիտ տեղեկության հրաշալի աղբյուր են:

Եթե չգիտեք պատասխանը, մի գուշակեք։ Պատասխանները կարող եք միասին ուսումնասիրել։

Հիշեք, որ երեխաների հուզական վիճակը կախված է մեծերից։ Այնպես որ, նույնիսկ եթե դուք անհանգստանում եք, փորձեք ձեր վախերը երեխայի վրա չտարածել:

oriflame.org