Նոր Տարվա Սովորույթը
19-րդ դարում գյումրեցիները սվորաբար Ծննդյան տոնն ավելի շուքով են տոնել, քան Նոր տարին:
Մինչեւ հունվարի 13-ը Նոր տարի էր, այսինքն՝ մինչեւ հին տոմարով Նոր տարին, մարդկանց սեղանները չէր հավաքվում եւ ծփում էր լիությունից: Նոր տարվա պատրաստությունները սկսվում էին 15-20 օր առաջ: Մարդիկ տաշտերով տեսակ-տեսակ գաթա ու խմորեղեններ էին թխում ու շարում: Իսկ որպեսզի հարեւանը իմանար, որ ինքն այս կամ այն տեսակը արդեն թխել է, գնում էին ու ասում. «մի հատ ձեր փախլավի դանակը չէիք տա, մեր դանակը քոռ է, չի կտրե»:
Դեկտեմբերի 31-ին թխվում է ծիսական «տարի» կոչվող գաթան` մանրադրամը մեջը, որ կտրում են հունվարի 4-ին` Ջրօրհնեքի նախորդ օրը` բաժին հանելով տան բոլոր անդամներին: Ում բաժնից դուրս գար դրամը, համարվում էր նոր տարվա հաջողակն ու երջանիկը:
Օրերով հերթ էր հացի փռերում՝ գոջիներն ու հնդկահավերը կարմրացնելու համար: Մեծ հերթեր էին գոյանում խանութներում, լիմոնադ առնելու համար, նամանավանդ Վայենտորգի դուռը:
Սեղանին տարբեր բաների հետ միասին` կաղամբի թերթիկներով, ձավարով, ոսպով, ոլոռով, սիսեռով պատրաստվող պասուց տոլմեն պարտադիր էր:
Հետաքրքիր մի ճաշատեսակ էլ պատրաստվում է թթու կաղամբով, բրնձով ու չրեղենի տեսականիով եւ կոչվում քաղցր տոլմա: Այն հազվադեպ հանդիպող կերակրատեսակներից է, այն էլ` միայն բնիկ գյումրեցիների ընտանիքներում, որտեղ դեռ մեծահասակներ կան:
Ալեքպոլցու սեղանին Պարտադիր էր նաեւ չրով կամպոտը. գյումրեցիք ասում էին «խոշաբ»: Նախօրոք եփում, դնում էին դուրսը, սառեցնում: Երբ ներս էին բերում, սառույցը սկսում էր հալվել, եւ քանի որ Հայաստանում ծիրանը որդոտ էր, ապա բաժակի մեջ լցնելուց հետո, որդերը դուրս էին գալիս բաժակի երես: Գյումրեցիք դրանց ասում էին «ճիջու», եւ երբ մեկն ուզում էր հանել բաժակի միջից, չէին թողնում, խփում էին ձեռքին ու ասում, «մինչեւ ճիջուն քեզի ուտե, դու իրան կուտես» կամ «մինչեւ ճիջուն էղնի քու չափ, դու կեղնիս փղի չափ», հետո ավելացնում էին. «Կամպոտը բդի մսոտ էղնի, համը ըդօր մեջ է»:
Ընդունված էր, որպես հարգանքի նշան, առաջինը գնալ նրանց տուն, ով նոր ննջեցյալ ուներ, այսինքն մահվան առաջին տարին էր: Առաջին երկու օրը շատերը, նստած իրենց տանը, սպասում են, թե ով պիտի գա իրենց տուն, հետո նոր դուրս են գալիս տնից-տուն շրջելու: Նոր տարվա ամենահարգալից մարդը տվյալ ընտանիքի քավորն էր: Եւ առաջինը գնում էին քավորենց տուն: Կամ եթե պետք էր մեկի աչքը մտնել, ասում էին. «Տես, քեզ ինչքան եմ սիրում ու հարգում, որ դեռ քավորի տուն չգնացած, եկել եմ քո Նոր տարին շնորհավորելու»: Չնայած քեֆը լավ է արդեն ու մի քանի տուն էլ մտել հելել էր: Կամ էլ հարց ունի՝ կախված էդ մարդուց, դրա համար է առաջինը նրա դուռը բացել, Նոր տարին շնորհավորել:
Մեկը մյուսի տուն գնալիս ընդունված էր՝ դատարկ չէին գնում, խմիչք կամ շոկոլադի տուփ էին տանում: Պատահում էր այնպես, որ քո տարած խմիչքը տնից-տուն պտտվելուց հետո, նորից քո տուն էր գալիս:
Էլ չեմ խոսում սեղանների լիության ու առատության մասին:
Հետո քննարկում էին, ում սեղանն էր ավելի մեծ, ում սեղանին ինչն էր ավել, ինչը՝ պակաս: Անպայման կար այդ մրցակցությունը: Նոր տարին անցնելուց հետո, մեկը մյուսին ասում էր՝ գնանք էսինչի տունը «կռճոն» ուտելու, խոսքը Նոր տարվա ավելցուկների մասին էր: Սրանք հետաքրքիր մանրամասներ են, որ կհիշեն Գյումրեցիները:
Լուսանկարում՝ 14 փողոցն է՝ մեր օրերում…