Որոշ մթերքներ ընդունված է օգտակար համարել, բայց իրականում դրանք կարող են վնասակար լինել, հավաստիացնում է սննդաբան եւ ֆիթնես-մարզիչ Սվետլանա Պանչենկոն (Ռուսաստան)։
Նա այդպիսի մթերքներ է համարում չրերը, ընկույզները, յոգուրտները, ճարպազերծված կաթնաշոռը եւ պանիրները։
Չրերը, մասնավորապես, կարող են այնքան էլ անվնաս չլինել, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Հաճախ փայլի եւ փափկության համար դրանց մեջ ավելացնում են ճարպ եւ գլիցերին, իսկ չորանալն արագացնելու համար օգտագործում են թունելային վառարաններ եւ բենզինով աշխատող այրիչներ։ Արդյունքում ստացվում է ոչ այնքան օգտակար մթերք։
Սննդաբանը վնասակար է համարում նաեւ ընկույզները, որովհետեւ դրանք պարունակում են ֆիտինաթթու, որը խանգարում է հանքանյութերի մարսմանը։ Այդ մթերքը նաեւ ալերգենների թվին է պատկանում եւ սխալ պահելու հետեւանքով բորբոսնում է։
Ինչ վերաբերում է յոգուրտներին, խանութի յոգուրտների մեջ նաեւ շաքար, բուսայուղ, գունավորիչներ եւ կոնսերվանտներ կան։ Բացի այդ, դրանք ջերմային մշակման են ենթարկվում եւ զրկվում օգտակար միկրոֆլորայից, «որը դրանց օգտագործման միակ պատճառն է»։
Սննդաբանը խորհուրդ է տալիս հրաժարվել նաեւ պանիրներից, որոնք վաճառվում են «պանրամթերք» մակնիշի տակ, քանի որ դրանց մեջ կարող են լինել բուսայուղերի տեսակներ եւ քլորային կալցիում, ինչպես նաեւ սոյա, համն ու հոտն ուժեղացնող նյութեր։ Պակաս վնասակար չեն նաեւ հատիկաբույսերով հացերն ու ճարպազերծված կաթնաշոռը;
«Շատ կաթնամթերքների, այդ թվում եւ ճարպազերծված, ինսուլինային ինդեքսը բավական բարձր է։ Դա նշանակում է, որ ավելի լավ է դրանք չուտել երեկոյան ժամը 17-ից հետո, մանավանդ արյան մեջ շաքարի եւ ինսուլինի խնդիրներ ունեցողները»,- ասել է Պանչենկոն։