Ինչպես հայտնի է, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախաձեռնել է Հայաստանում տեղադրել Հիսուս Քրիստոսի արձանը։ Նախաձեռնությունը հանրային լայն արձագանք ստացավ։ Ոմանք քննադատում էին, ոմանք՝ ողջունում այս քայլը։ Ծառուկյանը այսօր հայտարարությամբ էր հանդես եկել՝ հարցադրում անելով, թե ի՞նչ վատ բան կա, որ այդ արձանը օգնի տուրիստական հոսքերի մեծացմանը դեպի մեր երկիր։
«Տեղեկացնեմ նաև, որ այլ երկրներում արդեն խանդով են վերաբերվել այս գաղափարին՝ համարելով, որ Հայաստանը կարող է քրիստոնյա աշխարհի կողմից մեծ հետաքրքրություն ստանալ»,- ասված էր Ծառուկյանի հայտարարության մեջ։
ArmDaily.am-ի հետ զրույցում «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանն ասաց, որ զբոսաշրջության մեջ ամեն ինչ էլ կարելի է օգտագործել, եթե այդ ամեն ինչը արվի գրագետ և ճիշտ։
«Խոշոր հաշվով Հայաստանը՝ որպես պետություն, շատ մեծ խնդիր ունի իր զբոսաշրջային մարկետինգի հետ։ Այսօր Հայաստանը առանձնապես ոչ շատ հայտնի զբոսաշրջային ուղղություն է աշխարհում, և մենք արդեն տասնամյակ շարունակ չենք կարողանում լուրջ մարկետինգային արշավներ անել, որպեսզի երկիրը ճիշտ գովազդենք։ Հիմա պատկերացրեք՝ մի երկիր, որը չի կարողանում իրեն որպես բրենդ ճիշտ դիրքավորել և գովազդել, ինչպե՞ս է աշխարհին պատմելու իր 33 մետրանոց արձանի մասին։ Մենք ունենք գինեսի ռեկորդակիր ճոպանուղի, որը ռեալ զբոսաշրջային արժեք է, բայց դրա մասին շատ քչերը գիտեն։ Անգամ շատ զբոսաշրջիկներ, երբ փաթեթն առել են և եկել, հասել են Տաթև, տեղում են իմանում, որ նման բան կար»,- ասաց Սոլոմոնյանը։
Նա նշում է, որ զբոսաշրջության անունը այսպիսի նախագծերի մեջ շոշափելը ոչ այլ ինչ է, քան պոպուլիզմ։
«Որևէ վիճակագրական տվյալ չի ներկայացվել, և դժվար թե կարողանա ներկայացնել հաշվարկներով, թե ինչպիսի թռիչքաձև աճ կարող է դա ունենալ զբոսաշրջության համար»,- ասաց փորձագետը։
Դիտարկմանը, որ Հայաստանում հոգևոր-մշակութային կառույցներն ու հուշաքարերը միշտ շատ են եղել, և փորձը ցույց է տալիս, որ դրանք այնքան էլ մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում զբոսաշրջիկների համար, չի արժանանա արդյոք այս արձանը մնացածի ճակատագրին, Սոլոմոնյանը արձագանքեց, որ այդ հարցի վերաբերյալ մեր հոգևոր հայրերն են ավելի հանգամանորեն խոսել։
«Նախևառաջ՝ նման արձանը հատուկ չի մեր կրոնական, պատմամշակութային աուտենտիզմին, որովհետև Հայաստանում երբևիցե կրոնական արձաններ չեն դրվել՝ ի տարբերություն կաթոլիկ երկրների։ Մեր եկեղեցուն հատուկ չէ արձանների ավանդույթը։ Դա առաջին հերթին աուտենտիկ չէ մեր երկրի մշակույթի և կրոնի համար։ Երկրորդ խնդիրը՝ երբ մենք խոսում ենք նման արձաններով զբոսաշրջիկներին ներգրավվելու մասին՝ պետք է հասկանանք, թե այսօր ինչ են իրենցից ներկայացնում զբոսաշրջիկները, և ինչ տենդենցներ կան։ Առհասարակ, կրոնական, պատմամշակութային զբոսաշրջությունը շատ լուրջ ճգնաժամ է այսօր ապրում։ Վերջին տասնամյակում ակտիվ խոսվում է միլենիալների մասին՝ 2000-ականներին և 90-ականներից հետո ծնված սերունդն է, ովքեր այսօր աշխարհում զբոսաշրջիկների 80+ տոկոսն են կազմում։ Իրենք ունեն լրիվ այլ նպատակներ, լրիվ այլ նախասիրություններ, և այդ կրոնական, մշակութային երևույթներով շատ դժվար է իրենց ներգրավել»,- ասաց Սոլոմոնյանը։
Նա նշում է, որ կրոնական տուրիզմը հիմնականում հետաքրքրում է տարեց մարդկանց, ովքեր հասկանալի պատճառներով՝ գնալով պակասում են։
«Մենք պետք է հասկանանք, թե մեր թիրախը ով է, և ինչի վրա ենք խաղադրույք անում։ Միլիոնավոր գումարներ ծախսել շատ նեղ տուրիստական խմբեր ներգրավվելու համար՝ բիզնեսի տեսանկյունից էլ նվազագույնը արդարացված չէ»,- ասաց փորձագետը։
Սոլոմոնյանը այստեղ տեսնում է նաև պետության խնդիրը և չի մեղադրում մասնավոր ներդրողին։ «Այստեղ օրենսդրության խնդիր կա։ Օրինակ՝ այնպիսի երկիր, ինչպիսին Շվեցարիան է, ունեն լանդշաֆտների հետ կապված օրենքներ, և անգամ հոսանքի լար օրենքով չես կարող անցկացնել, որը կարող է բացասաբար ազդել լանդշաֆտի և տեսարանի վրա։ Իսկ Հայաստանը՝ որպես այդպիսի գեղեցիկ բնություն և բնապատկերներ ունեցող երկիր, ընդհանրապես թքած ունեն տեսարանի վրա։ Երբ մենք ունենանք հստակ օրենսդրական կարգավորումներ, ապա որևէ մասնավոր ներդրող չի կարող իր ճաշակին և իր նպատակներին հարիր ինչ-որ բաներ սարքել, ու հասարակությունը վեր կենա և սկսի դրա մասին գոռգոռալ։ Չէ, կլինեն հստակ օրենքներ, որոնք կկարողանան ճիշտ սահմանափակումներ անել։ Այստեղ ես տեսնում եմ այս խնդիրը»,- ասաց փորձագետը։