Դրվագային հիշողության եւ ուշադրության կենտրոնացման խանգարումներ ունենում են անգամ այն մարդիկ, ովքեր թեթեւ են տարել COVID-19-ը։ ԱՄՆ-ում կատարված նոր հետազոտության բոլոր մասնակիցներն այդպիսի խնդիրներ ունեին անգամ հիվանդությունից 9 ամիս հետո։
Ինչպես նշում է Medportal.ru-ն, Օքսֆորդի համալսարանի մասնագետները որոշել են գնահատել այն մարդկանց հիշողության որակը, որոնք հետքովիդային համախտանիշի ակնհայտ նշաններ չունեին։
Գիտնականները հրավիրել են 136 կամավորի, որոնք ինն ամիս առաջ հիվանդացել էին կորոնավիրուսով առանց բարդությունների եւ երկարատեւ ախտանշաններ չէին ունեցել։ Մասնակիցները մի շարք թեստեր են հանձնել եւ վարժություններ կատարել՝ ստուգելու համար հիշողությունը եւ իմացական կարողությունները։
Պարզվել է, որ հետազոտության բոլոր մասնակիցներն, առանց բացառության, ունեն այսպես կոչված դրվագային հիշողության խանգարումներ, նրանք նախկինից ավելի վատ են հիշել իրենց անձնական փորձը վարակվելուց կես տարի հետո անցած ժամանակաշրջանում։ Նրանց մոտ նաեւ նկատվել են ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ։ Բայց եւ բոլոր մասնակիցների մոտ եղել են աշխատանքային հիշողության թեստերի, պլանավորման եւ իմացական այլ կարողությունների լավ արդյունքներ։
Հետաքրքիր է, որ մասնակիցներն իրենք որեւէ ախտանշան չեն զգացել թեստավորման ժամանակ, բայց ուշադրության եւ հիշողության վատացում են ունեցել։ Այդ ամենը, գիտնականների խոսքով, վկայում է այն մասին, որ կորոնավիրուսային վարակից հետո մարդիկ կարող են ամիսներ շարունակ քրոնիկական կոգնիտիվ հետեւանքներ զգալ։