Էրդողանի օրակարգում «Ազգային ուխտի» գծած սահմաններն են
Advertisement 1000 x 90

Էրդողանի օրակարգում «Ազգային ուխտի» գծած սահմաններն են

Էրդողանական Թուրքիան կրկին վերակենդանացրել է այս ծավալապաշտական փաստաթուղթը՝ արտաքին քաղաքականությունն իրականացնելիս առաջնորդվելով դրանից բխող մոտեցումներով։ «Ազգային ուխտի» ընդունման 102-րդ տարվան ընդառաջ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ «այն սահմանները, որոնք Թուրքիան պաշտպանում է կամ կարող է դրանց նկատմամբ իրավունքներ ներկայացնել, որոշվել են այդ փաստաթղթի շրջանակներում»՝ հավելելով, որ «Թուրքիան դեռեւս պայքարում է երկրի ինքնիշխանության եւ ազգային արժեքների ոտնահարման փորձերի դեմ»։

«Մենք հավատարիմ ենք 102 տարի առաջ հայտարարված «Ազգային ուխտի» նպատակներին ու ոգուն»,- Շենթոփի խոսքերն է փոխանցում «Անադոլու» գործակալությունը։ Եթե նախկինում հանրապետական Թուրքիայի ռազմաքաղաքական վերնախավը նախընտրում էր արտաքին քաղաքական ոլորտում պահպանել առավելապես չեզոքություն եւ զերծ մնալ տարածաշրջանային եւ համաշխարհային խնդիրներին ակտիվորեն միջամտելուց, ապա Էրդողանը որդեգրեց բոլորովին այլ՝ ծավալապաշտական-հարձակողական քաղաքական գիծ։ Բացի Թուրքիայի նախագահի՝ սահմաններ չճանաչող նկրտումներից, նման քաղաքականության հիմքերն օբյեկտիվ առումով ապահովում է այդ երկրի շարունակաբար աճող ռազմարդյունաբերական ոլորտը։ Թերեւս, հենց դա նկատի ունենալով էլ Ազգային մեծ ժողովի նախագահը նշել է, որ ժամանակակից Թուրքիան բավականաչափ ուժ ունի իր սահմաններից դուրս սպառնալիքները չեզոքացնելու համար։

«Մենք քաջատեղյակ ենք այսօրվա իրողություններին եւ միեւնույն ժամանակ տրամադրված ենք միջազգային իրավունքի շրջանակներում մինչեւ վերջ պաշտպանել Թուրքիայի իրավունքներն ու շահերը»,- վստահեցրել է Շենթոփը, նաեւ ընդգծել, որ «Ազգային ուխտը» սահմանել է ազգային պայքարի նպատակն ու խնդիրը։ «Ազգային ուխտի» սահմաններին ձգտելիս Էրդողանն օրակարգ է բերում նաեւ Լոզանի պայմանագրի վերանայման հարցը, ինչպես նաեւ իր դժգոհությունն է արտահայտում այն տարածքներից հրաժարվելու մասով, որն ամրագրվել էր Սեւրի եւ Լոզանի պայմանագրերով։ Ի դեպ, այս տրամաբանության մեջ է դիտարկվում Արեւելյան Միջերկրածովում լարվածության աճը։

Այս մասով եւս էրդողանական Թուրքիան ունի իր գաղափարական հիմնավորումը, որը հայտնի է որպես «Կապույտ հայրենիք» («Mavi vatan») հայեցակարգ, դրանով առաջ է քաշվում Սեւ, Էգեյան, Մարմարա եւ Միջերկրական ծովերում եւ դրանց սահմաններից դուրս (Պարսից ծոց, Կարմիր ծով) Թուրքիայի՝ ծովային գերակայության հասնելու գաղափարը։ Նշենք, որ «Mavi vatan» հայեցակարգի ճարտարապետներն են համարվում Թուրքիայի ռազմածովային ուժերի պաշտոնաթող գեներալ Ռամազան Ջեմ Գյուրդենիզը եւ ծովակալ Ջիհաթ Յայջըն։ Ի դեպ, Գյուրդենիզը անցած տարվա ապրիլին ձերբակալված պաշտոնաթող սպաներից մեկն էր, որոնք հանդես էին եկել Էրդողանի վարած արտաքին եւ ներքին քաղաքականության որոշ քայլեր քննադատող հայտարարությամբ։

Իրաքում եւ Սիրիայում, մասնավորապես Իդլիբում եւ Աֆրինում թուրքական ուժերի գործողությունները նույնպես «Ազգային ուխտի» տրամաբանության շրջանակներում են: Թուրքական իշխող վերնախավն այդ կերպ «տեր է կանգնում» «Ազգային ուխտի» գծած սահմաններին։ Անգամ Լիբիա ռազմական ուժեր ուղարկելը դիտարկվում է այդ շրջանակներում. 2019 թ. դեկտեմբերին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, անդրադառնալով Սիրիա եւ Իրաք թուրքական ռազմական ներխուժումներին, նաեւ Լիբիա ռազմական ուժեր ուղարկելու մտադրություններին, հայտարարել էր, որ գլոբալացման ժամականակաշրջանում «Ազգային ուխտի» սահմանների անվտանգությունն սկսվում է այդ սահմաններից դուրս, հետեւաբար «ստիպված են անվտանգության շրջագիծը շատ ավելի լայն տարածքի վրա գծել»։

Անվտանգության նման ընկալումն ու քաղաքականությունը թուրքագետ Լեւոն Հովսեփյանն իր հոդվածներից մեկում բնորոշել է որպես նոր երեւույթ թուրքական ռազմավարական մտածողության մեջ, ինչը հատուկ չի եղել նախկին վարչակարգերին ու զինվորականությանը։ Նկատենք, որ «Ազգային ուխտով» սահմանված տարածքներին եւ սահմաններին ձգտելու քաղաքականությունն իր ազդեցությունն է ունեցել նաեւ մեր տարածաշրջանում։ Արցախի եւ հայության դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ Թուրքիան ոչ միայն քաղաքական, այլեւ ռազմական, նյութատեխնիկական աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին։

Սակայն Շենթոփի այն ձեւակերպումը, թե «տրամադրված են միջազգային իրավունքի շրջանակներում մինչեւ վերջ պաշտպանել Թուրքիայի իրավունքներն ու շահերը», հուշում է, որ «միջազգային իրավունքի» անվան տակ թաքնվելով՝ այսքանով չեն սահմանափակվելու իրենց ծավալապաշտական ծրագրերն իրականացնելիս։

hhpress.am

 



Նման նյութեր