Երևանի ժամանակակից խորհրդանիշերը. քաղաքի բոհո-սիրտը՝ Ants (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանի ժամանակակից խորհրդանիշերը. քաղաքի բոհո-սիրտը՝ Ants

Երևան քաղաքում խանութները բազմաթիվ են: Ամեն անկյունում կարելի է բախվել հագուստի, աքսեսուարների և հուշանվերների բուտիկների: Բայց դրանցում դժվար թե գտնեք այն, ինչը սպասում է Ձեզ Արամի 70 հասցեում: Ants-ը խանութ է, ուր մարդիկ այցելում են իրենց նախասիրություններին համապատասխան գնումներ կատարելու համար: Բայց մեկ բան պարզ է. Ants-ն ավելին է, քան խանութ. հոգևոր միջավայր, ուր յուրաքանչյուրը կգտնի իրեն համապատսխան գույներ ու նախշեր: Խանութի ստեղծման, հիմքերի և հավաքածուների մասին 168.am-ը զրուցել է Ants-ի հիմնադիր, երաժիշտ, հագուստի և զարդերի դիզայներ Վահան Փափազյանի հետ:

Երևանի բոհո-սիրտը

Ants թարգմանաբար նշանակում է «մրջյուն»: Բոլորիս է հայտնի մրջյունների կյանքը՝ ամռանն աշխատում են, ձմռանը՝ վայելում իրենց աշխատանքի արդյունքները: Այդպես էլ սկսվել է Վահանի կարիերան, ով ամռան տաք ամիսներին մի ցուցադրությունից մյուսն էր գնում՝ իր աշխատանքները վաճառելու:

«Ես թինեյջեր տարիքես կաշվից թևնոցներ, պայուսակներ կսարքեի: Լիբանանում ցուցադրությունների կմասնակցեի, ամեն շրջաններուն մեջ, և կվաճառեի իմ գործերը: Մրջյունի միտքը ինչպես եկավ. երբ 14 տարեկան էի, ամառները կաշխատեի` ձմեռվա փող հավաքելու: Մրջյունը միշտ արևոտ ժամանակ իր բույնեն դուրս կելլե: Իմ պրոֆեսիոնալ կյանքը այդպես սկսվեց: Կաշխատեի՝ ձմեռվա ուսումիս փողը ապահովելու համար: Ու արդեն 18 տարեկան էի, երբ առաջին խանութս բացի Բեյրութ:

Որ խանութը բացի, արդեն պրոֆեսիոնալ դարձա: Սկսեցի ճամփորդել, ծանոթացա կտորներու տեսակներու և արծաթի գործերու, քարերու հետ, Ռաջաստանի մեջ սկսեցա հագուստի դիզայններ անել: Հիմա խանութում ցուցադրված հագուստը իմ դիզայնով է»:

Այժմ Ants-ի երկու խանութ կա: Մեկը գտնվում է Բեյրութում, մյուսը՝ Երևանում: Վահանն ասում է՝ Բեյրութում խանութը շատ հռչակավոր է, բայց 2001-ից Երևանում գործող Ants-ն ունի բազմաթիվ հաճախորդներ:

«Ants-ի հաճախորդը ուզում է տարբերվել իր ոճով, կամ փնտրում է իր ոճը: Ունենք թինեյջ տարիքի հաճախորդներ, որ ուզում են իրենց բնավորությունը կազմեն, կամ ունենք արտիստական ոճի հաճախորդներ: Բեյրութ ամեն տարիքի հաճախորդներ կան: Բայց կզգամ, որ հիմնական արտիստներն են մեր հաճախորդները»:

«Մեր ոճը բոհոն է ու այն լայն մտահորիզոնով, կրեատիվ, գունեղ ներաշխարհով մարդկանց է գրավում ու խանութի հիմնական հաճախորդները տարբերվող մարդիկ են: Տարբեր ոճերի սիրահարների համար ամեն ինչ ունենք: Ռոքի սիրահարների համար բենդերի պատկերներով շապիկներ, աքսեսուարներ ունենք, ռեգիի սիրահարների համար՝ ռաստաման ոճի իրեր: Նույնիսկ դասական ոճը սիրող մարդն իր համար կարող է աքսեսուարներ գտնել»,- հավելեց խանութի աշխատակից Մարիաննան:

Վահանն ու Մարիաննան վստահեցնում են՝ խանութում յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն համապատասխան աքսեսուար, հագուստ: Խանութում կա յոգայի համար անհրաժեշտ ամեն ինչ, լի են հոտաձողիկները և զարդերը՝ պատրաստված Վահանի ձեռամբ:

Սկիզբը՝ Հնդկաստանից

Խանութի հիմնադիր Վահան Փափզյանը համալսարանական կրթությամբ ինքնաթիռների տեխնիկական սպասարկման մասնագետ է: Բացի այդ, Վահանը նաև երաժիշտ է: Դասական կիթառահար Վահանը 2006 թվականին ուղևորվում է Հնդկաստան՝ սիթառ սովորելու:

«Դա էր Հնդկաստան գնալու բուն պլանը: Բայց նույն ատեն արդեն աքսեսուարների խանութ ունեի, քարերով գործեր էի անում: Որ Հնդկաստան՝ Վարանասի գնացի, ասես ուրիշ մոլորակում լինեի: Այնտեղ ծանոթացա գույներուն, այնտեղ հոյակապ է. հոտերը, գույները ուրիշ են: Դա շատ տպավորեց ինձ: Ես ծանոթացա մարդկանց հետ, որ ձեռային գործեր կանեն, բայց ավելի պրոֆեսիոնալ: Ծանոթացա ընտանեկան գործարաններու հետ, որ շորեր կսարքեն, դիզայն կանեն: Երբ սովորում էի սիթառ, իմ մնալս երկարացրի ու Ռաջիստանի մեջ ըսի` ես էլ դիզայնով զբաղվեմ: Հագուստ կարեցի, ապրանքը ուղարկեցի Լիբանան, մեկ ամսվա մեջ, ինչ սարքել էի, վաճառվեց:

Շատ քաջալերվեցա, նորից գնացի: Մեկ տարվա մեջ երեք անգամ Հնդկաստան կգնայի, նոր հավաքածու կսարքեի: Երաժշտությունն ինձ Հնդկաստան տարավ, որ նորեն արվեստի մեջ է: Երաժշտության հետ եկան գույները, քարերը: Քարերի հետ էլ ես Հնդկաստանում ծանոթացա: Շատ սիրեցի քարերու գործը, որովհետև արծաթի, ոսկու մեջ էլ կկիրառեի»:

Վահանը նաև քարերի փորձագետ է: GIA: Gemological Institute Of America-ում սովորել է զարդերի դիզայն, ինչը մեր զրուցակցին, ինչպես ինքն է ասում, «պրոֆեիսոնալ ուժ տվավ»:

Դժվարությունները չեն անցել Ants-ի կողքով

«Որ նոր բացվի, մի քիչ դժվար էր: Քաղաքականությունն էլ տարբեր էր այդ օրերուն: Շատ իշխանություններ փոխվեցան և յուրաքանչյուրի հետ մաքսայինի օրենքներն էլ էին փոխվում: Երկիրը միշտ կթանկանա:

Հիմա, որ ամեն ինչի գինը թանկանա, ժողովուրդ ալ ավելորդ հաշիվ կընե, եթե այսպիսի բան պիտի գա վերցնելու: Սա ճողություն կհաշվվի ավելի: Դուն, որ կաշխատիս, փող կստանաս, քեզ հիմնականը ինչ է պետք՝ հացը, ուտելիքը, տունի վարձքը` հոսանքը, գազը, ջուրը պիտի մուծես, հետո կմտածես աքեսուար կամ մատանի գնես: Մատանիներ ունես, բայց ամեն ամիս չես գնի:

Դժվար էր գործը Քովիդ-ի ժամանակ. ամեն ինչ ստիպված էիր լինում գրպանից մուծել: Բայց ես Հայաստան եկա, որ Հայաստան էլ մնամ միշտ: Եթե ես ինձ զբաղում մը կամ գործ մը չստեղծեմ, արտասահմանցի հայերուն պես պիտ գամ Համահայկական խաղերուն, պտտիմ, ուտեմ, խմեմ, երթամ: Բայց ես ուրիշ պլանով այստեղ եկա»: