«Համաճարակն ու պատերազմը գերտերությունների միաժամանակյա ապտակն էր՝ ուղղված մեզ ու մեր երկրին». Արման Երիցյան
Advertisement 1000 x 90

«Համաճարակն ու պատերազմը գերտերությունների միաժամանակյա ապտակն էր՝ ուղղված մեզ ու մեր երկրին». Արման Երիցյան

«Երբ պատերազմը սկսվեց, ես կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ ֆիլմի նկարահանումների մեջ էի։ Հասկացա, որ այս քաոսի մեջ մեզ պարտադրված պատերազմն ավելի է բարդացնում մեր՝ առանց այն էլ վատթարագույն վիճակը և որոշեցի ֆիլմում անդրադառնալ միաժամանակ երկու արհավիրքներին՝ պատերազմին և համաճարակին», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է վավերագրող ռեժիսոր Արման Երիցյանը, խոսելով վերջին՝ «Դիմակայություն» ֆիլմի մասին։

Միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցանակների արժանացած ռեժիսորը նկատում է՝ այն, ինչ կատարվեց մեզ հետ 2020 թվականին, ոչ այլ ինչ էր, քան միջազգային ծանր ապտակ, միաժամանակ երկու ճակատով՝ մի կողմից ժողովուրդը պայքարում էր հարյուրավոր կյանքեր խլող համաճարակի դեմ, մյուս կողմից՝ հենց համաճարակի պիկին, մեզ դեմ տվեցին մի պատերազմ, որի արդյունքում մենք ոչ միայն հազարավոր երիտասարդ կյանքեր կորցրինք, այլ նաև հայրենիքի զգալի հատվածը. «Հիմա, երբ հետահայաց եմ գցում, չեմ կարողանում ինքս ինձ համար պարզել՝ ո՞րն էր առավել մեծ պարտություն՝ պատերա՞զմը, թե՞ համաճարակը։ Հիշում եմ, հոկտեմբերին գնացի հարազատներիցս մեկի հոգեհանգստի արարողությանը։ Տղան զոհվել էր՝ պատերազմում։ Մտա եկեղեցի։ Անտանելի տոթ էր։ Կորստի ցավը մի կողմից էր խեղդում ինձ, դիմակն էլ շնչելու տեղ չէր թողնում։ Զգում էի, որ շնչահեղձ եմ լինում։ Արցունքներիցս ջուր դարձած դիմակը կպել էր դեմքիս՝ պոկ չէր գալիս, ակնոցներիս ապակիները սեփական ծանր շնչառությունից ջուր էին կապել, ոչինչ չէի տեսնում… Մի կերպ ինձ դուրս գցեցի եկեղեցու բակ ու մտածում եմ՝ սա հենց այն իրավիճակն էր, որում հայտնվել էր մեր երկիրը… Մենք շնչահեղձ էինք լինում, քաոսից կորցրել էինք տեսանելիության հնարավորությունը, բայց դիմակայում էինք,- պատմում է ռեժիսորն ու հավելում,- նույն ժամանակահատվածում կորոնավիրուսից մահացավ ընկերներից մեկի հայրը։ Հանգուցյալին պետք էր Երևանից հյուսիսային մարզ տեղափոխեինք՝ ընտանեկան գերեզմանատանը հուղարկավորելու։ Կարո՞ղ ես պատկերացնել՝ օրեր շարունակ մի ազատ կատաֆալկա չէինք կարողանում գտնել, որ դիակը հասցներ Տավուշ։ Տաքսիները հրաժարվում էին կորոնավիրուսով մահացածի դիակ տեղափոխել, իսկ պատերազմի զոհերն այնքան շատ էին, որ ազատ մեքենա չէր մնացել։ Մի կերպ, մի քանի ժամով մի ազատ մեքենա գտնվեց, հանգուցյալին հասցրինք մարզ…Երբեք չեմ մոռանա այդ տեսարանը…Արդեն մութն ընկել էր՝ ֆանարիկներով հուղարկավորություն իրականացրինք, իսկ ողջ ընտանիքը Երևանում՝ կորոնայով ու տաքությունով հիվանդ պառկած էին…Ես չգիտեմ ինչպե՞ս նկարագրեմ այն ամենը, ինչ կատարվում էր մեզ հետ այդ օրերին…Դա ուղղակի ողբերգություն չէր, դա մի այլ բան էր…Բայց մենք դիմակայում էինք»,- պատմում է Արման Երիցյանը։

Ավելի մանրամասն՝ pastinfo.am



Նման նյութեր