Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերակենդանացրել է չափահաս կայքերի օգտատերերի տարիքը ստուգելու պլանները, հայտնում է The Verge-ը: Այս նախաձեռնությունը չեղարկվել էր 2019 թվականին՝ տեխնիկական խնդիրների և քննադատության պատճառով։
Նոր կանոնները կկազմեն Մեծ Բրիտանիայի Համացանցի անվտանգության օրինագծի մի մասը, որը հսկայածավալ օրենսդրություն է` նախատեսված երկրում թվային հարթակների կարգավորումը փոխելու համար: Ի սկզբանե, միայն օգտատերերի կողմից ստեղծված բովանդակությամբ պոռնո կայքերը, ինչպիսիք են OnlyFans-ը, պետք է ստուգեն օգտատերերի տարիքը, սակայն թարմացված տարբերակը կկիրառվի բոլոր պոռնո կայքերի վրա:
Կոնկրետ մանրամասներ չկան, թե ինչպես է իրականացվելու այցելուների տարիքային ստուգումը։ Հաղորդվում է, որ ընկերություններն իրենք կորոշեն, թե ինչպես պահպանել նոր կանոնները։
Փորձագետները, ինչպես 2019 թվականին, մի շարք կասկածներ են հայտնում օգտատերերի տվյալների անվտանգության վերաբերյալ։ Նշվում է, որ պոռնոկայքերից օգտվողների տվյալների բազաների ստեղծումը «համեղ պատառ» կլինի հաքերների համար, ովքեր կարող են շանտաժի ենթարկել կամ շորթում կատարել։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ մեծահասակների համար նախատեսված կայքերի այցելուների տարիքը ստուգելու հնարավոր մեթոդները կարող են ներառել բջջային օպերատորի կողմից պահվող տվյալների, կրեդիտ քարտի և անձնագրի ստուգումը:
Կայքերը, որոնք չեն իրականացնում տարիքային ստուգումը, կարող են արգելվել Մեծ Բրիտանիայում և տուգանվել իրենց տարեկան եկամտի 10 տոկոսով: