Պակիստանի Փեշավարի հիվանդանոցներից մեկում հղի կին է ընդունվել այն բանից հետո, երբ նա մեխով ծակել է իր գլուխը։ Տեղացի «բուժարարը» ասել է, թե դա կօգնի իրեն տղա ծնել, հայտնում է Sputnik-ը։
Դեռևս պարզ չէ, թե կոնկրետ ով է մեխ խփել հղի կնոջ գլխին՝ «բուժարարը», թե՞ հենց ինքը՝ նրա խորհրդով։ Տուժածի ընտանիքի անդամները պատմել են, որ փորձել են ինքնուրույն հանել իրը, սակայն չի հաջողվել։
Ըստ կլինիկայի վիրաբույժ բժիշկ Հայդեր Սուլմանի՝ տուժածի մոտ ուժեղ արյունահոսություն է եղել, մեխը խորը թափանցել է նրա գանգի մեջ։ Առարկայի դուրսբերման վիրահատությունը հաջող է անցել, կնոջն արդեն տուն են ուղարկել։ Sputnik-ի փոխանցմամբ՝ երբ ոստիկանությունը լրատվամիջոցներից տեղեկացել է կատարվածի մասին, սկսել է հետաքննել։ Մինչդեռ դրա արդյունքները չեն հաղորդվում։
Տուժածը հիվանդանոցի աշխատակիցներին ասել է, որ իրեն ստիպել են գնալ այս քայլին՝ նա արդեն երեք դուստր է լույս աշխարհ բերել, իսկ ամուսինը սպառնացել է թողնել իրեն, եթե չորրորդ երեխան նույնպես աղջիկ լինի։