Հունվարի 1-ից Հայաստան այլևս չեն կարող չգրանցված դեղեր ներմուծել։ Ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ կառավարությունը պետք է երկարաձգի չգրանցած դեղերի ներմուծման թույլտվությունը։ Հակառակ դեպքում դա կհանգեցնի շուկայում դեղերի դեֆիցիտին և գների աճին:
Չգրանցված դեղերի ներմուծման որոշումը ՀՀ կառավարության կողմից ընդունվել էր 2020թ. հոկտեմբերի 3-ին՝ Արցախյան պատերազմով պայմանավորված ռազմական դրության ժամանակ։ Այնուհետև COVID-ի պատճառով այն երկարացվել էր մինչև 2021 թվականի դեկտեմբերը։
Ինչպե՞ս է դա ազդել շուկայի վրա, ի՞նչ ռիսկերի կբախվենք թույլտվության չեղարկման դեպքում։ Այս և այլ հարցերին Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատասխանել է «Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը:
Շուկան միայն շահել էր
– Պարոն Վարսանյան, ի՞նչ ազդեցություն է ունեցել Հայաստանում չգրանցված դեղերի շրջանառությունը թույլատրելու վերաբերյալ կառավարության որոշումը:
– Երբ թույլատրվեց չգրանցված դեղերի ներմուծումը, շուկան միայն շահեց: Շրջանառությունը հասել էր մինչև 6 հազար անվանում դեղերի` աճելով գրեթե 2 անգամ։ 2019 թվականին Հայաստան է ներմուծվել 95 մլն դոլարի դեղ, 2020-ին` 145 մլն դոլարի, իսկ 2021 թվականին 20 %-ով ավելի, քան նախորդ տարի։ Շրջանառության մեջ գտնվող դեղերի 95%–ը ներկրվում է, տեղական արտադրությունն ապահովում է շուկայի միայն 5%–ը։
Վերջին 2 տարում դեղերի գները նվազել են։ Օրինակ` նեյրոլեպտիկների խմբի դեղամիջոցներն էժանացել են մինչև 5 անգամ, շաքարային դիաբետի բուժման դեղերը` մինչև 4 անգամ։ Համաձայն դեղերի շրջանառության օրենսդրության՝ ներմուծման գրեթե ամբողջ ծավալի իրավունքը բաժին էր հասնում գրանցման իրավատերերին, և այլ մատակարարներից ներկրումը փաստացի անհնար էր: Մրցակցության բացակայության պայմաններում նրանք գներն անխղճորեն բարձրացնում էին:
Մյուս դրական հանգամանքը՝ չկար դեղերի նման մեծ տեսականի։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am