Ուկրաինայի արեւելքում բռնկված բախումը շատերի մոտ նոր զուգահեռներ առաջացրեց Արցախյան պատերազմի հետ՝ առիթ տալով Ադրբեջանին, ինչպես կարծում են ոմանք, այդ հողի վրա ավելի սերտացնել իրենց հարաբերությունները։ Իրականում այդ մերձեցումն այլ ելակետերից է հաստատված եւ դոնբասյան հակամարտությունից շատ ավելի առաջ։ Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ Ուկրաինան ցուցաբերեց շատ ավելի լոյալ մոտեցում, քան նախկինում էր։ Հայաստանը պետք է կարողանա օգտվել այս վիճակից` Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ Արեւմուտքի այս խճճված դիրքորոշումների արանքում պահելու նուրբ հավասարակշռությունը, խուսափելու սադրանքներից եւ խթանելու ազնիվ հարաբերությունները մեր ժողովրդի հետ հազարամյա կապերի մեջ գտնվող այս երկրի հետ։
Այն թեզը, թե Ուկրաինային եւ Ադրբեջանին կապում են քաղաքական ընդհանրությունները, իմա` տարածքային ամբողջականության պահպանման ընդհանուր ելակետը, մակերեսային է։
Այսօր, այո, կան ընդհանրություններ Արցախում եւ այս երկրում ծավալված ազգային-ազատագրական պայքարի խնդիրներում, վաղը կփորձենք բացատրել, որ դրանք այնքան էլ նման չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Սակայն ուկրաինա-ադրբեջանական հատուկ մտերմությունն սկսվել էր դոնբաս-լուգանսկյան հակամարտության ծագումից տասնամյակներ առաջ` ԽՍՀՄ փլուզումից հետո հենց առաջին տարիներին, եւ այդ ժամանակվանից տեսանք ուկրաինական ուղղորդված օգնությունն ադրբեջանական կողմին` զենքով, հայտնի դիպուկահար(ուհի)ներով, միջազգային քաղաքական աջակցությամբ եւ այլն։
1997 թ. հիմնադրվեց ՎՈՒԱՄ կազմակերպությունը, երբ չկային ո՛չ ուկրաինական, ո՛չ վրացական բախումները։ Ակնհայտորեն այս կազմակերպությունը ստեղծվել էր հակառուսական տրամադրությունների հիմքի վրա։ Վերադառնանք ուկրաինա-ադրբեջանական սերտացմանը։ Վերը վկայեցինք, որ այստեղ միակ հանգամանքը տարածքային ամբողջականության սկզբունքը չէ։ Այդ մասին է խոսում նաեւ ադրբեջանական «ախպերությունը» Բելառուսի ղեկավարի հետ` մի երկրի, որը տարածքային ամբողջականության խնդիր ընդհանրապես չունի։ Այստեղ մեծ դեր է խաղում սովորական օգտաշահությունը` ուտիլիտարիզմը։ Նավթի գայթակղիչ բուրմունքը, որ դեռ մեկ դարից ավելի առաջ անգլիացիներին էր բերել Հարավային Կովկաս, բնական է, որ այս անկախացած եւ դեռ ոտքի կանգնելու խնդիրներ ունեցող հետխորհրդային երկրներին կարող էր մոռանալ տալ հավատքի, մշակութային, պատմական, քաղաքակրթական ընդհանրությունները` հանուն շահի առաջնային դարձող գործոնի։ Ժամանակակից ինդուստրիալ քաղաքակրթության ստեղծող արեւմտյան (եվրոպական) մշակույթի բարոյական այս անկումը դեպի հասարակ շահամոլություն սկսվել էր դեռեւս 19-րդ դարի կեսերին` լորդ Պալմերսթոնի հայտնի ասույթով` մենք չունենք մշտական դաշնակիցներ եւ մշտական թշնամիներ, այլ ունենք մշտական շահեր…
Զարմանալ միայն կարելի է, թե մանր բյուրգերական այս մտածողությունը, որ այսօր էլ լայն շրջանակների կենսակերպն է, ինչպես կարողացավ Եվրոպայում, ապա եւ ամբողջ աշխարհում Բայրոնի, Շելլիի, Շիլլերի, Հյուգոյի, Լամարտինի եւ բազմաթիվ մյուս փայլուն անհատականությունների հաստատած արիստոկրատական առաքինության կանոնները փոխարինել ցածր, շահախնդիր այս ուտիլիտարիզմով։ Վստահեցնում եմ՝ այսօր զարգացման նոր ուղի դուրս եկած եւ տարածվող թուրքական պարզ էգոիստական նվաճողականությունը քաղաքակիրթ աշխարհում ա՛յս օգտապաշտական մտածողության հաղթանակի արդյունքն է։
Սրանք համառոտ ուրվագծեր էին միայն` բացատրելու մշակութաբանորեն, քաղաքականապես եւ դավանանքով հակադիր ծագման սլավոնական պետությունների այսպիսի հակումը դեպի թուրքականություն։ Այսօր Ուկրաինայի` Ադրբեջանի հետեւից գնալու դրսեւորումները չափազանց ակներեւ են։ Դիտարկենք դրանցից մի քանիսը։ Մեր ժամանակներում ամենացայտուն կերպով Ադրբեջանն ընտրեց եւ կիրառության դրեց ինքնահաստատման այնպիսի գործելակերպ, ինչպես` պատմություն խեղաթյուրելը, սեփական կեղծված, ազգայնական կենսագրություն հնարելը եւ տարածելը` ուրիշների մշակույթի ու պատմության հաշվին։ Փոքրամասնության (ոչ տիտղոսային ազգի) լեզուների սահմանափակումը, ազգային ինքնության աղավաղումը, ազգային հակամարտության գրգռումը։
Ադրբեջանականին բնորոշ նման երեւույթներ ուկրաինական միջավայրում եւս, որոշ հող ունենալով, երբեմն հաստատվելու միտումներ են ցուցաբերում։ Դրսեւորվում են նաեւ քաղաքական մոտեցումներ, որոնք ձեւավորվել են հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում, այդ թվում դրսի, ավելի հիմնարար պատմական փորձ ունեցող երկրների օգնությամբ։ Այսպես՝ Ադրբեջանում միշտ եւ հետեւողականորեն ձգտել են արցախյան հակամարտությունը ներկայացնել որպես միջպետական` Հայաստան-Ադրբեջան բախում՝ սքողելով դրա ներքին պատճառները, ազգային ազատագրական բնույթը, փոքրամասնություն անվանված բնիկ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը։
Ուկրաինական հակամարտությունում եւս ուրվագծվում է նման քաղաքական գիծ` Դոնբաս-Լուգանսկի վարչակազմի համառորեն չճանաչում, նրանց հետ ուղղակի բանակցությունների բացառում եւ բոյկոտում նրանց ինքնուրույն դրսեւորումը միջազգային ատյաններում՝ փոխարինելով այդ ներկայացուցչականությունը ռուսներով։
Ամբողջությամբ՝ hhpress.am