Ի՞նչ դիտել հանգստյան օրերին. Հարփեր Լին և «Կոտրվածները»
Advertisement 1000 x 90

Ի՞նչ դիտել հանգստյան օրերին. Հարփեր Լին և «Կոտրվածները»

Եթե գրականության սիրահար եք, ապա անկասկած ընթերցել եք, եթե դեռ ոչ, ապա գիտեք ամերիկացի գրող Հարփեր Լիի աշխարհահռչակ «Ծաղրասարյակ սպանելը» վերպի մասին: 1961 թվականին Պուլիտցերյան մրցանակի արժանացած վեպի սյուժեն, որը համարվում է ամերիկյան գրականության լավագույն ստեղծագործություններից մեկը և ներառված է ամերիկյան դպրոցների կրթական ծրագրերում, հիմնված է հեղինակի ընտանիքի և նրա հարևանների կյանքի հիշատակումների վրա, ինչպես նաև այն իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել 1936 թվականին Հարփեր Լիի ծննդավայրում, երբ նա 10 տարեկան էր։

Վեպի գրական հաջողությունը չէր կարող աննկատ անցնել կինեմատոգրաֆի կողքով: Հանրահայտ է վեպի համանուն էկրանավորումը ռեժիոր Ռոբերտ Մալիգանի կողմից, որի գլխավոր դերում՝ Աթիքուս Ֆինչի կերպարում փայլում է դերասան Գրեգորի Փեքը: Սակայն քչերին է հայտնի կինոյի և թատրոնի բրիտանացի ռեժիսոր Ռուֆուս Նորիսի կողմից 2012 թվականին նկարահանված «Կոտրվածները» ֆիլմը, որը ոչ ամբողջությամբ, բայց պատումի խորքից և նուրբ դետալներով հղում է «Ծաղրասարյակ սպանելը» վերպին:

Ֆիլմի գլխավոր հերոսուհին 11-ամյա Սքանկն է (Էլոիզա Լոուրենս): Վերջինս Արչիի (Թիմ Ռոթ) դուստրն է, ում կինը լքել է նրան։ Նա զգացմունքներ ունի իր երեխայի դաստիարակ Կասիայի (Զանա Մարջանովիչ) հանդեպ, ում ընկեր Մայքը (Քիլիան Մըրֆի) Սքանկի ուսուցիչներից է: Նրանք ապրում են քաղաքամերձ շրջանում, որը մեկ դիպվածից հետո վերածվում է զգացմունքների ականապատ դաշտի։ Սքանկը ականատես է լինում բռնության ակտի, ինչը պետք է լիովին փոխեր միջին վիճակագրական ընտանիքի կյանքը: Ֆիլմի զարգացումը անխուսափելիորեն առաջացնում է հարցեր, թե ինչու են մարդիկ կոտրված և ինչպես կարող են բուժվել: Սա ֆիլմ է մարդկանց մասին, որոնք կոտրված են ֆիզիկապես և հոգեբանորեն, բայց նաև խորապես մխիթարիչ է այն համոզմունքով, որ անկեղծ սիրտը կարող է հաղթել:

Ֆիլմի գլխավոր զարդը երիտասարդ դերասանուհի Էլոիզա Լոուրենսն է, ով տեսախցիկի առջև կարողացել է կառուցել ամուր կերպար և ողջ պատումի ընթացքում նրան տալիս է աճելու և սեփական բնավորությունը ամրապնդելու հնարավորություն: Ի տարբերություն Սքանկի կերպարի, մյուսներն արդեն ավարտուն կերպարներ են և պատումի մեկնարկից մինչ ավարտ հոգեբանական փոփոխությունների չեն ենթարկվում, միայն ձևափոխում են` իրենք իրենց հարմարեցնելով Սքանկի կերպարանափոխություններին:

Դիսֆունկցիոնալությունը ֆիլմում ներկայացված ընտանիքները միմյանց կապող հիմնական գործոնն է, որը ցույց է տալիս՝ յուրաքանչյուր գործողություն իր հետևանքով է բերում: Այստեղ շատ հարցեր կան, բայց ոչ շատ պատասխաններ։ Այն, ինչ կոտրվել է, հնարավոր է վերանորոգել, բայց այն երբեք նույնը չի լինի:

Հեղինակ՝ Անի Գաբուզյան