Շուտով Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, սկսում է նոր նախագիծ, որը կոչվում է «Սիրո հասակ»։ Այն տարբերվելու է մյուս բոլոր նախագծերից. այս անգամ սիթքոմի փոխարեն լինելու է հումորային սերիալ, որը բաղկացած է լինելու ընդամենը 24 մասից:
Նախագծում խաղում են Գարիկ Սեփխանյանը, Գրիգոր Դանիելյանը, Գոռ Հակոբյանը, Լուզիա Ներսիսյանը, Աղաս Մանուկյանը, Եվա Բաղդասարյանը, Անիտա Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Էմմա Սապունջյանը, Վահան Թովմասյանը, Էրմինա Զախարովան, Ելենա Բորիսենկոն, Իլոնա Մկրտչյանը եւ այլք։
Նոր նախագծի մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցել է սցենարիստ, դերասան Գարիկ Սեփխանյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ գաղափարն առաջացել է Մենչի մոտ դեռեւս 2018 թվականին, սակայն այդպես էլ կյանքի չի կոչվել:
«Սցենարային աշխատանքներով զբաղվել ենք ես եւ Գրիգորը: Սերիալից փակագծեր շատ չեմ ցանկանում բացել, բայց կասեմ, որ այն մի տարեց կնոջ մասին է, որը սիրահարվում է մի երիտասարդ տղայի եւ այդտեղից էլ հյուսվում է մնացած ողջ պատմությունը: Վերադառնալով իմ կերպարին՝ կարող եմ ասել, որ այն շատ հետաքրքիր, ակտիվ կերպար է: Մարմնավորում եմ հերոսի ընկերոջը, որը նույնպես ունի սիրային դրվագներ, եւ անկեղծ ասած՝ մի քիչ անփույթ կերպար է»,-նշեց դերասանը:
Գարիկ Սեփխանյանի խոսքով՝ նախագիծը ժամանցային է եւ փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի հեռուստադիտողի հաճելի ժամանցն ապահովվեն. «Կարծում եմ՝ լինելու է գժանոցային ուրախ սերիալ եւ մեր բոլոր սպասելիքներն արդարացվելու են: Ամեն սերիային, ամեն րոպեին հանդիսատեսը սպասելու է սրտատրոփ, թե հաջորդ սերիալում ինչ է լինելու: Սերիաները շատ հագեցած են ծիծաղաշարժ տեսարաններով, ինչը դուր կգա ե՛ւ փոքրերին ե՛ւ մեծերին»: