«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ զրուցել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Ալեքսանյանի հետ: Դերասանուհին մեզ հետ զրույցում կիսվել է իր մտորումների, կյանքի ճգնաժամային փուլի եւ մարդկային յուրահատուկ տեսակի իր ընկալման մասին:
–Նարինե՛, Ձեզ համար մարդկային ամենայուրահատուկ որակը ո՞րն է:
-Ինձ համար մարդկային յուրահատուկ որակ կարող է համարվել ազնիվ, անկեղծ, նվիրված, խելացի, մտածող մարդը: Ես չեմ կարծում, որ կգտնվի որեւէ մեկը, ով կսիրի հիմար, ձանձրալի մարդուն: Շատ կարեւոր է այսօր խելացի մարդու հետ ճանապարհ անցնելը, շփվելը, թերեւս դրանք այն բացարձակ արժեքներն են, որոնք երբեք չեն արժեզրկվում:
– Ինչպե՞ս եք ճիշտ բաշխում ժամանակն ամուսնու եւ երեխաների միջեւ, որպեսզի երկուսն էլ գոհ մնան: Կա՞ բանաձեւ:
-Դա շատ դժվար է, բայց նաեւ շատ հեշտ: Ինչպես՞…Եթե դու ընտանիքի մասնիկն ես, երբ դու քո զավակների կողքին ես, ապրում ես նրանց հոգսերով, նրանց ուրախություններով ուրախանում, նրանց տխրությամբ տխրում, հաջողություններով հպարտանում, ձեռբերումներով հրճվում, ապա դա նշանակում է, որ դու կարողանում ես ճիշտ լուծում գտնել և ժամանակ տրամադրել բոլորոին էլ՝ երբեք որեւէ մեկին չթողնելով միայնակ, տխուր, անուշադրության մատնված: Մեզանից ոչինչ չի գնա եթե ավել մի «ջան» ասենք, մի «արեւս» ասենք, մի «սիրտս» ասենք: Ես կարծում եմ այդ խոսքերը շատ են նպաստում, որպեսզի մենք ավելի մեղմ ու հանգիստ, ներողամիտ լինենք, միմյանց պարուրենք ուշադրությամբ ու ջերմությամբ, եւ դրա միակ բանաձեւը սերն է, եւ ամեն ինչի բանաձեւն է սերը: Ամեն ինչի հիմքը սերն է: Այս կյանքում ամեն բան սիրով է պայմանավորված:
–Դժվարությամբ եք հասկանում այն մարդկանց, որոնք…
-Ես դժվարությամբ եմ հասկանում երկերեսանի մարդկանց, ովքեր «բութ» են: Ատում եմ «բութ» մարդկանց: Ատում եմ տասը դեմք ունեցող մարդկանց: Այդպիսինները կան եւ ամեն անգամ ես ինքս ինձ համոզում եմ, որ անպայման մի դիմակ պակասելու է, բայց ես դարձյալ սխալ եմ լինում: Անկեղծ ասած, շատ դժվար եմ հասկանում այդ մարդկանց:
–Ձեր կյանքի ճգնաժամային փուլը ինչի՞ հետ եք կապում:
-Լինելով արտիստիկ, խարիզմատիկ ստեղծագործող մարդ՝ չգիտեմ, թե որն է ինձ համար ճգնաժամային փուլը: Իհարկե, կյանքում լինում են պահեր, երբ ուզում ես առանձնանալ բոլորից, միայնակ մնալ, ինքդ քեզ հասկանալ, թե ինչ եմ ես ուզում, եւ ինչ եմ դիմացինից սպասում: Այս պահին իմ ճգնաժամային փուլը կվերագրեմ իմ ժամանակավոր ստեղծագործական դադարով: Ճգնաժամային է, երբ չեմ խաղում, երբ ես լինում եմ ոչ պահանջված, եթե Դուք ասեք, իսկապե՞ս Դուք պահանջված դերասանուհի չեք, այո՛, այս պահին կխոսեմ անկուշտ դերասանի մասին: Դերասանը երբեմն-երբեմն պետք է հանգիստ ունենա, եւ դրա կարիքն իսկապես զգացվում է, դա ճիշտ է: Երբ ես հանձնում եմ մի ներկայացում, մի տարի չեմ խաղում, դա արդեն ինձ համար ճգնաժամ է, ես դիմում եմ մտերիմներիս, հարազատներիս, ամուսնուս օգնությանը եւ շատ հաճախ ամուսինս ինձ փորձում է բացատրել, որ անընդհատ դու չես կարող խաղալ: Երբ երկիրը գտնվում էր ճգնաժամի մեջ, ես երիտասարդ էի, բայց մենք հաղթահարեցինք, որովհետեւ մենք երիտասարդ էինք, իսկ երիտասարդները ճգնաժամը հեշտ են հաղթահարում, իսկ 2020 թվականի պատերազմից հետո այդ ճգնաժամն անհաղթահարելի է դարձել: Ճգնաժամային փուլը կապում եմ նաեւ երկրիս հետ, որը կկարողանանք հաղթահարել առողջ, խելացի հայրենասեր մարդկանց շնորհիվ եւ ավելի ամուր ոտքի կանգնել:
–Ի՞նչ եք անում, երբ թվում է, թե ամեն ինչ անհետ կորած է…
-Երբեք նման բան չեմ մտածում: Ոչինչ անհետ չի կորում՝ սկսած ջրից, վերջացրած ծաղկով, տրամադրությամբ, լավ ներկայացումով: Անհետ որեւէ բան չի կարող կորել: Ցանկացած խոսք կարող է բուժել, ցանկացած վերաբերմունք կարող է թեւեր տալ: Անգամ վատ խոսքը կարող է իր լավ ազդեցությունը ունենալ, եղել են շատ դեպքեր, երբ վատ խոսքը, վատ միքտը հակառակ ազդեցությունն է թողել:
–Վախենում եք, որ…
-Վախենում եմ պատերազմից, եւ թող երբեք պատերազմ չլինի:
–Ափսոսում եք, որ…
-Ափսոսում եմ, որ մեր տղաները չունեցան այն, ինչի մասին երազել են եւ հինգ հազար ընտանիք քանդվեց: Ափսոսում եմ, որ մեր լավ տղաները, մեր կարող ուժերն այլեւս չկան: Հուսանք, որ դա կլինի վերջինը: Նրանք ընկան, որ մենք ապրենք…(Հառաչանքով կրկնում է նա )
Ամբողջությամբ՝ armlur.am