Օրերս ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել էր Ֆրանսիա՝ հանդիպումներ ունենալու Ֆրանսիայի հայ համայնքի հետ, սակայն հանդիպումները հարթ չեն ընթացել։ Տեղեկությունների համաձայն՝ Զարեհ Սինանյանի կողմից խախտվել են հրավիրող կողմի՝ Ֆրանսիայի հայկական ընկերության հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչի արդյունքում, Սփյուռքի գլխավոր հանձնակատարը աղքատիկ օրակարգ է գրանցել Ֆրանսիայում։ Զարեհ Սինանյանի այցը բացառապես մերժվել է Ֆրանսիայի հայ համայնքի ավանդական և լուրջ բոլոր կազմակերպությունների կողմից։
«Փաստինֆո»-ն զրուցել է Ֆրանսիայի հայկական ընկերության (CCAF) համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հետ։
– Պարոն Փափազյան, ինչպե՞ս անցավ օրերս Ֆրանսիայի հայ համայնքի կողմից կազմակերպած ավանդական ընթրիքը, ի՞նչ գլխավոր խնդիրներ լուծեց այս տարվա միջոցառումը։
– 2014- թվականից ի վեր մենք կազմակերպում ենք այդ ընթրիքը, ամեն տարի դրան մասնակցում է երկրի առաջին դեմքը՝ նախագահը։ Այս անգամ հայտնի պատճառներով Մակրոնը ներկա չէր, որովհետև Ուկրաինայի հարցով է զբաղված։ Այս օրերին իբրև Եվրոպայի նախագահ, նա մասնակցում է բանակցություններին՝ Մոսկվայում, Կիևում ու Բեռլինում։ Չնայած հարգելի պատճառներով իր բացակայությանը, նա լիազորել էր ընթրիքին մասնակցելու երկրի վարչապետին, ինչը շատ բարձր ենք գնահատում։ Այս տարի, ինչպես նախորդ տարիներին՝ բազմաթիվ պատգամավորներ, նախարարներ, արվեստագետներ, փաստաբաններ, լրագրողներ են մասնակցել, ընդհանուր հաշվարկով մոտ 450 մասնակից։ Պետք է ասեմ, որ այս տարի նույնպես ընթրիքը արդյունավետ անցավ։ Գիտեք, այն մեզ համար քաղաքական աշխատանք է, որի ընթացքում մենք բարձրացնում ենք Հայաստանին, Արցախին վերաբող տարատեսակ հարցեր՝ բնականաբար պաշտպանելով Հայաստանի, Հայ Դատի և Արցախի շահերը: Համենայն դեպս, այստեղ՝ Ֆրանսիայում մեր թշնամիներ Թուրքիան և Ադրբեջանն այս տարիների ընթացքում չեն կարողացել իրենց դերակատարությունն այնքան բարձրացնել, որպեսզի հակակշիռ դառնան մեր համայնքին։ Ինչ վերաբերում է այս տարվա խնդիրներին, ապա Հայաստանում վերջին երկու տարիներին ստեղծված իրավիճակով պայմանավորված, մենք առաջնային և կարևոր համարեցինք շեշտը դնել երկրի անվտանգային խնդիրների և սահմաններին վերաբերող հարցերի վրա, արծարծվեցին նաև հետպատերազմյան խնդիրները, միջանցքի վտանգավորության հարցը, որ, ըստ էության, սպառնում է Հայաստանի պետականության լինելիությանը, վտանգում նաև Հայաստանի համար մեծ կարևորություն ներկայացնող հայ – իրանական սահմանը։ Այս անգամ առաջ քաշեցինք նաև Մինսկի խմբում Ֆրանսիայի դերի կարևորությունը՝ Արցախի անկախության ճանաչման հարցում։ Անշուշտ, այստեղ շատ կարևոր պետք է լինի Ֆրանսիայի Հանրապետության հայանպաստ դիրքորոշումը, որը վստահ ենք շարունակական է լինելու։ Այլ կերպ ասած, այս բոլոր խնդիրներով հանդերձ, Հայաստանը միջազգային հարաբերություններում միայնակ չպետք է մնա։
– Քանի որ խոսք գնաց «Հայ դատ»-ից, չեմ կարող չանդրադառնալ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին ասուլիսի ընթացքում այս թեմայով արված խնդրահարույց ձևակերպումներին, ըստ որի, մեջբերում եմ, «Հայաստանի Հանրապետությունը երբեք «Հայ դատ»-ի քաղաքականություն չի վարել։ Երբե՛ք»։ Կուզենայի իմանալ՝ ինչպե՞ս դուք կմեկնաբանեք այս ձևակերպումը, պարոն Փափազյան։
– Կարծում եմ, սա խիստ վտանգավոր և հակահայկական ձևակերպում է։ Իսկ ինչպե՞ս մեկնաբանել սա՝ հավանաբար Փաշինյանը տեղյակ չէ Հայոց պատմությունից, նա չգիտի ինչ բան է «Հայ դատ»-ն ու Ցեղասպանությունը։ Ի՞նչ է նշանակում Հայաստանի Հանրապետությունը երբեք «Հայ դատ»-ի քաղաքականություն չի վարել… Ի՞նչ է, նա չի՞ հիշում ոչ վաղ անցյալում՝ 1998 – 2008 թվականները, երբ նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության գլխավոր խնդիրներից մեկը, ընդ որում՝ պետական մակարդակով, հավատարմագրված դեսպանների և Դաշնակցական բյուրոյի հետ միասին, համարվում էր «Հայ դատ»-ի և Ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Հենց այդ տարիներին էր, որ տասնյակ երկրներ միջազգայնորեն ճանաչեցին և դատապարտեցին 1915 թվականին Թուրքիայի կողմից կազմակերպված և իրականացված ոճրագործությունը։ Նորից եմ կրկնում, սա այդ տարիներին երկրի գլխավոր գերատեսչության՝ Արտաքին գործերի նախարարության պետական մակարդակով որդեգրած արտաքին քաղաքականությունն էր։ Հիմա ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, թե «Հայ դատ»-ը կամ Ցեղասպանությունը Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականության մաս չեն եղել։ Այդ մարդը տեղյա՞կ է հայկական իրականությունից, Հայոց պատմությունից, գաղափար ունի՞ արդյոք Ցեղասպանության կամ պահանջատիրության խնդիրներից, չգիտեմ…Սա այլ բան չէ, քան պառակտության դասական օրինակ, որով վարչապետը սեպ է փորձում խրել Սփյուռքի և Հայաստանի ամուր կապերի միջև, ինչն, իրեն, ամեն պարագայում, չի հաջողելու։ Սա թող իմանա։
Ամբողջությամբ՝ pastinfo.am