«Արցախի նախագահը ճիշտ է անում, որ ողջունում է Պուտինի որոշումը, բայց ինքնիշխանությունն ու միջազգային ճանաչումը մուրալով ու խնդրելով չեն ստանում». Ալվինա Աղաբաբյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Արցախի նախագահը ճիշտ է անում, որ ողջունում է Պուտինի որոշումը, բայց ինքնիշխանությունն ու միջազգային ճանաչումը մուրալով ու խնդրելով չեն ստանում». Ալվինա Աղաբաբյան

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից.

«34 տարի առաջ՝ փետրվարի 20-ին, ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհուրդն արտահերթ նստաշրջանում ընդունեց մի որոշումը, որը համայն հայության տասնամյակներ փայփայած իղձերին իրավական ձևակերպումն էր՝ դուրս գալ ԱդրԽՍՀ կազմից և վերամիավորվել Հայաստանի հետ:

Երկու օր անց՝ հենց այս օրը, տեղի ունեցավ այն, ինչը պիտի ուղենշային լինի մեզ համար ՄԻՇՏ․ 1988-ի փետրվարի 22-ին, երբ ադրբեջանցիների բազմահազարանոց զինված կատաղած ու զինված ամբոխը Աղդամից գալիս էր Ստեփանակերտ՝ հայերի «հարցերը լուծելու», մենք Ասկերանի մոտ կանգնեցրինք ադրբեջանցի ջարդարարներին։ Չվախեցանք, չփախանք, հայտարարություններ չարեցինք, աղուհացով չդիմավորեցինք, այլ դուրս եկանք թշնամու դեմ ու կանգնեցրինք նրանց։

Այսպես պիտի լիներ/լինի միշտ։ Ցանկացած քաղաքական, իրավական որոշում ու ցանկություն պիտի կարենալ, ի վիճակի լինել պաշտպանել ուժով։

Այսօր, երբ Արցախի Հանրապետության նախագահը, ողջունելով ՌԴ նախագահ Վ․ Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը, շեշտում, որ «Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը», իհարկե ճիշտ է ասում, բայց ինքնիշխանությունն ու միջազգային ճանաչումը օդից չեն ընկնում, մուրալով ու խնդրելով չեն ստանում, բարի փերին հենց այնպես չի բերում, դրանք ծնունդ եմ միմիայն ու բացառապես ուժի, ուժի՝ իր բոլոր դրսևորումների մեջ:

Մեր պաշտպանությունը մեր թուլության մեջ չէ։

Ստախոս է նա, ով էդպես է ասում։

Մեր թուլության մեջ մեր կործանումն է։

Մեր փրկությունը, մեր ապագան մեր ուժի մեջ է՝ ռազմական ուժի, դիվանագիտական ուժի, տնտեսական ուժի, գիտական ուժի․․․ միմիայն ուժի, քանզի ուժն է, որ ծնում է իրավունք, մեր դեպքում՝ իրավունք Հայրենիքի ու Հայրենիքում ազատ, անվտանգ ու ինքնիշխան ապրելու․․․»:



Նման նյութեր