Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը հոր՝ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահվանից հետո վերադարձել է աշխատանքի։ Հանրային հեռուստաընկերության եթերում Մանեն նշել է, որ մեծ դժվարությամբ է վերադառնում աշխատանքի, եւ իր համար ծանր է խոսել իր մեծ կորստի մասին։
«Իմ եւ մեր ընտանիքի անունից անչափ շնորհակալ եմ բոլորի ջերմ խոսքերի, կարեկցանքի ու պապայի հանդեպ անսահման սիրո համար։ Ես նրա արվեստի մեծ երկրպագուն եմ, նա եղել է նաեւ իմ ուսուցիչը, բայց նախեւառաջ իմ ամենամոտ ընկերն էր, ու ես անսահման հպարտ եմ, որ ծնվել եմ հենց իր ընտանիքում, իր դուստրն եմ։ Ես միշտ եղել եմ պապայի աղջիկ ու այդպես էլ կլինի։
Նա ինձ սովորեցրել է ամեն ինչ, եղել է իմ ուժը, բայց եւ թուլությունս։ Նրա կյանքի, ստեղծագործողությունների, սերունդներ կրթելու մասին մի օր անպայման երկար կխոսեմ։ Բայց հիմա ուզում եմ մի պատմություն պատմել ու հենց այդ պատմությունով էլ փորձեմ եթեր վերադառնալ։
Պապայի հիվանդության մասին իմացանք այս սեպտեմբերին, ու միանգամից սկսվեց «Առաջին ալիքի» նոր եթերաշրջանը։ Շատ ծանր էր ինձ համար, բայց մշտապես փորձել եմ լինել պրոֆեսիոնալ եւ աշխատել եմ նախեւառաջ իր համար, որ հանկարծ չտեսնի՝ տխուր եմ, ընկճված, հոգնած ու հանկարծ չմտածի, որ գուցե հույսս կորցրել եմ։ Միշտ դիտում էր եթերներս ու վերջերս՝ հոկտեմբերին կամ նոյեմբերին, մի օր հարցրեց․ «Այսօր ինչո՞ւ էիր տխուր»։ Շատ լարվեցի, շփոթվեցի, ասացի՝ չէ՛, տխուր չէի։ Ասաց՝ աչքերդ մատնել են։ Շատ արագ ինչ-որ բան հնարեցի, ուշադիր նայեց աչքերիս ու ասաց․ «Պատկերացրու հեռու գյուղում ապրող մարդ, ով առավոտյան միացնում է հաղորդումդ՝ երկու-երեք ժամով առօրյա հոգսերից կտրվելու համար ու աչքերդ տխուր տեսնում, տեսնում վատ տրամադրությունդ, ազնի՞վ է։ Քո օրվա վատ տրամադրությունը երբեք չպիտի փոխանցես հեռուստադիտողին, թույլ չտաս՝ քեզ տեսնեն թուլացած, հոգնած կամ ընկճված ու կյանքում ինչ էլ լինի, մնա նույն ուժեղ աղջիկս, ինչպես կաս»։
Ինձ շատ դժվար է առանց քեզ, պապ, բայց ես քո ուժեղ աղջիկն եմ ու խոստանում եմ լինել պրոֆեսիոնալ ու հիշել քո խորհուրդները ու կանեմ ամեն ինչ, որ իմ թուլությունն էլ երբեք չփոխի իմ հեռուստադիտողի տրամադրությունը։ Շնորհակալ եմ, հպարտ եմ ու սիրում եմ անսահման»,- եթերում ասել է Մանեն։