ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑ
Ալեքսանդր Մանթաշյանցը բոլոր ժամանակների հայոց գործարարության և բարերարության մեծ քրմապետն է, ով համաշխարհային բիզնեսի երևելիներից էր, ում սիրում էին բոլորը՝ անկախ դավանանքից ու ազգային պատկանելությունից: Այսօր նրա ծննդյան օրն է: Առավոտյան մոտեցա արձանին ու դառնացած հոգով հիշեցի տասնամյակներ առաջ Իսահակյանի ասած մարգարեական խոսքերը՝
Ես ձեզ եմ ասում՝ կգա ոգու սով,
Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ…
Հենց այդ ոգու սովի արդյունքն է, որ անհայտ տականքները փորձել են գողանալ մեծ բարերարի արձանի ցուցանակի մետաղը: Կեսից նկատել են, որ թանկարժեք մետաղ չէ, հեռացել են… Հիշենք Իսահակյանի նաև «Կտակը» բանաստեղծությունը՝
Լսի՛ր, որդիս, ինձ կթաղես
Հեռու մի տեղ՝ աննշան,
Որ չիմանան, մարդիկ չգան
Շիրմիս քարը գողանան…
Շատերն անգամ կփորձեն արդարացնել սինլքորի արարքը՝ «Դե երևի սոված էր, հացի փող էր տանում»…
Ինչքան սովածների ու անգործների է փրկել Մանթաշյանցը: Նա երբ Թիֆլիսի փողոցներով անցնում էր, նկատում էր կարիքավոր երեխաներին, կանչում էր մոտը, բարևում, մտերմաբար հարցնում՝ «Ո՞նց են հայրիկն ու մայրիկը»: Երեխաները մտածում էին, որ անծանոթ քեռին ճանաչում է իրենց ծնողներին: Եվ Մանթաշյանցը աննկատ մի ոսկեդրամ էր գցում նրա գրպանը և հրաժեշտ տալիս՝ «Հայրիկիդ կբարևե՛ս»:
Մեծ հայորդին ժամանակին հրաշալի գիտակցում էր, որ գիտությունն ու կրթությունն են մեր ազգի առաջընթացի կերտողները: Եվ նա հարյուրավոր երիտասարդների հովանավորեց սովորելու եվրոպական ամենահայտնի համալսարաններում, զորակցեց մշակույթի շատ գործիչներին…
Հիրավի՝ շատ ենք վրդովվում, որ Թիֆլիսը այդպես շենացրած Մանթաշյանի դամբարանը, ուր ամփոփված էին իր և կնոջ մարմինները, 1937 թվականին Բերիայի թելադրանքով քանդում են, պղծում նրա գերեզմանը: Եվ մինչև այսօր հայտնի չէ, թե որտեղ են մեծ երախտավորի անհանգիստ ոսկորները… Իսկ Երևանում Մանթաշյանցի արձանի ցուցանակը պղծողները ինչո՞վ են տարբերվում Բերիայի սրիկաներից: Չփորձեք արդարացնել, թե սովածներն են արել: Թող գնար ամեն տեղ թափված մետաղի մնացորդներ հավաքեր, դեն նետված շշեր ու այլ առարկաներ… Ավելին կվաստակեր: Անշուշտ սոցիալական կարիքը մարդուն մղում է ամեն զոհողության կամ ստորության, բայց ազգ պահած մեծ հայի հիշատակն այսպես պղծելը ստորության ամենաբարձր դոզան է: Ի՞նչ իմանաս, եթե իմանային, թե ով է Մանթաշյանցը, գուցե այդպես չվարվեին: Եվ կրկին՝ նորին մեծություն տգիտությունը: Չենք ճանաչում մեր մեծերին, մեր արժեքները… Այսօր հարյուրից մեկը կիմանա Նարեկացու մասին, իսկ 99-ը ճանաչում են սերիալների առանձին սեքսուալ հերոսներին, անհամ տեքստերով ագռավակռինչ երգիչ ձևացողներին, օտար ֆուտբոլիստներին… Հազիվ մի քիչ լցվել էինք, էս ինչքա՜ն ենք դատարկվել…
Այսօր և վաղը բոլորս պարտավոր ենք մեր մշտանորոգ հիշողությամբ երախտիքի տուրք մատուցել հատկապես մեծ երախտավորի՝ Մանթաշյանցի հիշատակին, ում հանդեպ չմարած պարտքեր ունենք:
Ախր էս ինչքա՜ն պարտքեր ունենք…