Սնվելու 5 սկզբունք՝ COVID-19-ից հետո վերականգնվելու համար
Advertisement 1000 x 90

Սնվելու 5 սկզբունք՝ COVID-19-ից հետո վերականգնվելու համար

COVID-19 տարած շատ մարդիկ տեւական ժամանակ հետեւանքների եւ, այսպես կոչված, հետքովիդային համախտանիշին են բախվում: Թերապեւտ Իլյա Խոխլովը կիսվել է սնվելու որոշ սկզբունքներով, որոնք կարող են օգնել ավելի արագ վերականգնել կորոնավիրուսային վարակից հետո։

Ավելի շատ սպիտակուց եւ ավելի քիչ շաքար

Քաղցր սնունդն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում է առաջացնում։ Համարվում է, որ քաղցր սնունդը նպաստում է նաեւ օրգանիզմում բորբոքային գործընթացներին, որոնք կորոնավիրուսային վարակից հետո կարող են միայն լրացուցիչ խնդիրներ առաջացնել։ Իսկ, ահա, սպիտակուցը նյութ է ոչ միայն մկանների, այլեւ հակամարմին-իմունոգոլոբուլինների համար, որոնք արգելափակում են պաթոգենների ակտիվությունը եւ հեռացնում են պաթոգեններն օրգանիզմից, ուստի սննդակարգում պետք է բավարար սպիտակուց լինի:

Բջջանյութեր եւ պրոբիոտիկներ

Այս երկու տարրերը կօգնեն վերականգնել աղիների միկրոբիոմը, որը խանգարում է դեղերի, հատկապես հակաբիոտիկների և հիվանդության ժամանակ վատ սննդակարգի պատճառով:

Վիտամին D

Վիտամին D-ն ձմռանն անհրաժեշտ է գրեթե բոլոր մարդկանց, քանի որ սովորաբար արեւի լույսը բավարար չէ։ Այս վիտամինը պարունակվում է այնպիսի մթերքներում, ինչպիսիք են յուղոտ ծովային ձուկը, ձիթապտղի յուղը, ավոկադոն եւ ընկույզը:

Այս վիտամինը կարող եք ընդունել նաև սննդային հավելումների տեսքով։ The Lancet ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ վիտամին D-ի 400-1000 IU պրոֆիլակտիկ դեղաչափով ընդունումը 22 տոկոսով  նվազեցնում է շնչառական վարակների վտանգը եւ զգալիորեն մեծացնում է օրգանիզմի ընդհանուր պաշտպանողական գործառույթները: Համարվում է նաեւ, որ վիտամին D-ի մակարդակի նորմալացումը կօգնի դադարեցնել մազաթափությունը, եթե այն սկսվել է հիվանդությունից հետո:

Առողջ ճարպաթթուներ

Օմեգա-3 ճարպաթթուները բարելավում են վիտամին D-ի յուրացումը, պահպանում են ճարպագեղձերի բնականոն գործունեությունը եւ մաշկի ջրային ճարպային հավասարակշռությունը: Օմեգա-3-ն ուղեղի եւ սրտի բջջային թաղանթների մի մասն է եւ հավասարապես կարեւոր է այդ երկու օրգանների աշխատանքի համար: Omega-3-ը պարունակվում է յուղոտ ձկների մեջ: Այն կարելի է  նաեւ որպես սննդային հավելում ընդունել:

Մագնեզիում եւ վիտամին B6

The Lancet-ում հրապարակված մեկ այլ հետազոտության համաձայն՝ կորոնավիրուսն ազդում է մարդու ճանաչողական ունակությունների վրա՝ այսպես կոչված մառախուղ առաջացնելով ուղեղում՝ անտարբերություն ինտելեկտուալ աշխատանքի ժամանակ, անհասկանալի մտքեր, երկար ժամանակ կենտրոնանալու հետ կապված դժվարություն։ Ենթադրվում է, որ մագնեզիումի՝ վիտամին B6-ով կոմպլեքսը կօգնի ամրապնդել նյարդային համակարգը, թուլացնել նյարդային լարվածությունը եւ բարելավել քունը:

news.am