Տարեսկզբին հեռուստադիտողին հանձնվեց «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալը, որի գլխավոր հերոսուհիներից մեկը դերասանուհի Ռոզի Ավետիսովան է:
Նոր աշխատանքի մասին դերասանուհին պատմել է Life.panorama.am-ին` նշելով, որ Դիանայի կերպարն իր համար շատ սպասված է եղել.
«Նախ պետք է ասեմ, որ այս հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ընդունելու առաջին նախապայմանը եղել է այն փաստը, որ դերս բացասական էր: Նախկինում երբեք բացասական հերոսուհու չեմ մարմնավորել ու շատ էի ցանկանում նման դերով ևս հանդես գալ: Մշտապես զոհի ու դժբախտ կնոջ կերպարներ եմ մարմնավորել, իսկ այս դեպքում, ճիշտ է, կրկին դժբախտ կին է, սակայն իր դժբախտության մի մասն ու պատճառը կազմում է իր չարությունը: Չգիտեմ, թե հետագայում Դիանայի կերպարն ինչպես կզարգանա, ինչ բնավորության գծեր ի հայտ կգան, բայց դեռևս նա ամբողջությամբ չար մարդ է, նա սառը կին է, ով չունի ոչ մի զգացմունք, շատ անտարբեր է ու դաժան բոլոր լավ ու գեղեցիկ երևույթների և ամենաշատը երեխաների հանդեպ»,- պատմեց Ռոզին:
Մեր նկատառմանը, թե դժվար չէ՞ր արդյոք առաջին անգամ մարմնավորել բացասական հերոսուհու, նկատեց.
«Ես խայտառակ շատ էներգիա եմ ծախսում նկարահնումների ընթացքում: Այս ընթացքում հասկացա, որ չար մարդիկ շատ էներգիա են ներդնում: Ես մեծ հետաքրքրությամբ եմ նկարահանումներին մասնակցում, քանի որ բացասական կերպարները շատ գույներ են ունենում ու դերասանին մեծ հնարավորություն են տալիս անգամ այն սուղ պայմաններում, որ առկա է հեռուստասերիալների նկարահանումների ժամանակ: Հաճույքով եմ մարմնավորում իմ վատ հերոսուհուն` միաժամանակ իր միջոցով ձեռբազատվելով իմ մեջ կուտակված բացասական էներգիաներից»:
Դերասանուհին չի վախենում, որ մարդիկ կնույնացնեն իրեն իր հերոսուհու հետ ու կսկսեն չսիրել նրան.
«Կարծում եմ` ես այնքան եմ բարի հերոսուհիների մարմնավորել, որ հազիվ թե մեկ բացասական կերպարով սկսեմ չսիրվել: Դա երևի կլինի միայն այն դեպքում, երբ շատ-շատ դիպուկ ու լավ մարմնավորեմ կերպարս և մարդիկ ընկալեն ինձ միայն այս կերպարով»,- հավելեց նա:
Անդրադառնալով դերասանուհու այլ ծրագրերին` տեղեկացանք, որ «Սահմանին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի երկրորդ մասում նրան այլևս չենք տեսնի, փոխարենը դերասանուհին մի շարք այլ ծրագրեր ու առաջարկներ ունի, որոնց մասին նախընտրում է խոսել ավելի ուշ:
Խոսելով Ռոզի Ավետիսովայի անձնական կյանքից` դերասանուհին չցանկացավ իր կյանքի այդ կողմի մասին մանրամասնել` նորություններ չլինելու պատճառով, բայց նաև նշեց.
«Անձնական կյանքումս խաղաղություն է տիրում»:
Լուսանկարը՝ erit.am
Ամբողջությամբ՝ life.panorama.am