ՄԱՇՏՈՑԻ ՊԱՐԹԵՎԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Բուզանդը պատմում է, որ Վրթանես (Գրիգոր Լուսավորչի որդին) կաթողիկոսի (333-341) որդուն՝ Հուսիկին, փոքր հասակում ամուսնացրել են Տիրանի աղջկա հետ։ Վերջինս լույս աշխարհ է բերել երկվորյակների՝ Պապին ու Աթանագինեսին։ Ըստ պատմիչի՝ եղբայրներն անառակ կյանք վարելով ծաղրում էին հոգեւորական կյանքն ու չէին կամենում ժառանգել հայրապետական աթոռը։ Պապի կինը՝ Վարազդուխտը, անզավակ է մահացել։ Կնոջ մահից հետո նա Տարոնի Հացեկաց գյուղում ապրող հարճից զավակ է ունեցել՝ Վրիկ անունով։
Ստեփանոս Մալխասյանցը կարծում է, թե Վրիկը Մեսրոպ Մաշտոցի հայր Վարդանն է։ Ստացվում է, որ Մաշտոցը Գրիգոր Լուսավորչի տոհմից է՝ պարթեւների ցեղից (Գրիգոր-Վրթանես-Հուսիկ-Պապ-Վրիկ (Վարդան)-Մաշտոց)։ Եթե Մալխասյանցի ենթադրությունը ստույգ է, իսկ ականավոր հայագետը գրում է՝ «այս տեսությունը արդարանում է իրականությամբ, չկա որեւէ առարկություն, ավելի է, քան լոկ ենթադրություն», ապա Մաշտոցն ու Սահակ Պարթեւը արյունակից ազգականներ են՝ Պապի ու Աթանագինեսի թոռները։ Աթանագինեսը՝ Ներսես Մեծի հայրն է, իսկ Ներսեսի որդին՝ Սահակ Պարթեւը, որը հայրապետական աթոռին Լուսավորիչների տոհմի վերջին ներկայացուցիչն է։
Պապ-Վրիկ (Վարդան)-Մաշտոց
Աթանագինես-Ներսես Մեծ-Սահակ
Տես՝ Ստ. Մալխասյանց, «Մաշտոցի ծագման մասին»
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից