Արուսիկ Տիգրանյանը՝ եթերային դադարի ընթացքում գտած նոր հետաքրքրության և չնկարահանվելու մասին. tert.am.life (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արուսիկ Տիգրանյանը՝ եթերային դադարի ընթացքում գտած նոր հետաքրքրության և չնկարահանվելու մասին. tert.am.life

Լրագրող, հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանը տևական ժամանակ է՝ չի երևում հեռուստաէկրաններից և դադար է վերցրել նկարահանումներից: Tert.am Life-ի հետ զրույցում նա կիսվել է այս շրջանի նոր զբաղմունքների, ծրագրերի ու նորաստեղծ բիզնեսի մասին:

«Վերջին տարիների ընթացքում ակտիվ գործունեություն էի ծավալել ու ունեի դադարի կարիք, – ասաց նա ու նշեց, որ աշխատանքի արդյունքում չէր ստացվում այն, ինչ ինքն էր ուզում: -Չեմ ուզում ինչ-որ բան անել ուղղակի անելու համար, պետք է լավ որակ տամ»:

Արուսիկի խոսքով՝ սա լրագրողական ոլորտը թողնելու որոշում չէ: Իր գիտելիքները և փորձը կիրառում է անձնական էջերում: «Հիմա վարում եմ իմ անձնական բլոգը, նկարում եմ վլոգներ, որոնք նույնպես համարվում են ժուռնալիստիկայի մի ճյուղ: Ուղղակի այս շրջանում չեմ համագործակցում հեռուստաալիքների հետ: Հեռուստադիտողն ինձ կհասցնի տեսնել եթերում, բայց դեռևս չեմ բացահայտի, թե ինչ ձևաչափով»,- ասաց նա:

Արուսը հնարավորություն է ունեցել իրեն փորձելու նաև որպես դերասանուհի, բայց այժմ ցանկություն չունի հանդես գալ այդ ձևաչափով:

«Դա այդքան էլ իմ ֆորմատը չէ: Փորձել եմ, ինչ-որ բաներ հավանել եմ, բայց այս պահին սիթքոմներում նկարահանվելու ցանկություն և ծրագրեր չունեմ,- ասաց նա և ընդգծեց, որ այս պահին առաջարկներ ևս չկան: -Իրականում սերիալներն ու սիթքոմները որևէ աղերս չունեն ինձ հետ, և դա նկատելի է: Դրանով պայմանավորված էլ բարեբախտաբար չեն առաջարկում նոր նախագծեր: Որպես դերասանուհի ներկայանալու փորձերից առանձնացնում եմ «Մեր բակը»: Եթե ընտրելու հնարավորություն ունենայի, նորից կընտրեի այնտեղ նկարահանվելը»:

Այս շրջանում Արուսիկն ունի նոր հետաքրքրություններ: Դեկտեմբերին Եվրոպայում մասնակցել է հոգեբանության թրեյնինգի: «Հոգեբանությունն այս պահին ինձ համար հոբբի է, ուսումնասիրում եմ այն: Ինչ-որ փուլում ունեցել եմ մտքեր այդ ոլորտում բարձրագույն կրթություն ստանալու մասին, բայց այս պահին դա դիտարկում եմ որպես ինքնազարգացման հետաքրքիր տեսակ, ոչ թե մասնագիտություն, որով կարող եմ գումար աշխատել»,- ասաց նա:

tert.am.life