ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:
Այս անգամ փորձել ենք պարզել` ի՞նչ անել, եթե սեռական հարաբերության ընթացքում չի ստացվում հասնել օրգազմի:
Կանանց օրգազմի խանգարումներ Կանացի օրգազմը, ի տարբերություն տղամարդու «պարզ» օրգազմի, իրականանում է չափազանց բարդ մեխանիզմներով՝ ընդգրկելով գլխուղեղի բազմաթիվ կենտրոններ, կեղևային և ենթակեղևային շատ ստրուկտուրաներ:
Սեքսոլոգիայում նորմա է համարվում, երբ կինը օրգազմ է ապրում 50-100 տոկոս դեպքերում և ստանում է հոգեսեքսուալ բավարարվածություն: Վերջինս առավել կարևոր գործոն է և կնոջ հիմնական ստիմուլն է հաջորդ մերձեցումը ունենալու համար:
Երբեմն օրգազմ ապրելու հմտությունը կնոջ մոտ լիարժեք ձևավորվում է ծննդաբերությունից հետո: Յուրաքանչյուր կին յուրովի է նկարագրում այն զգացողությունները, որոնք նա ապրում է օրգազմի ժամանակ և դրանք երբեք չեն համընկնում այլ կանանց նկարագրածին:
Օրգազմի բացակայությունը (անօրգազմիան) կամ հազվակի օրգազմը ու օրգաստիկ զգացողությունների թուլացումը (հիպոօրգազմիան) բավականին հաճախ հանդիպող սեքսոլոգիական խնդիր են և յուրաքանչյուր դեպքում խորը և համապարփակ վերլուծման անհրաժեշտություն ունեն:
Բազմաթիվ և տարատեսակ գործոնները կարող են պատճառ դառնալ խնդրի առաջացմանը՝ կնոջ հոգեէմոցիոնալ ոչ դրական տրամադրվածություն, զույգերի միջև միջանձնային լարվածություն, սեռական կյանքից սպասումների և ռեալ իրականության հակադրություն, սեռական գուրգուրանքների թույլատրելիության շրջանակի անհամապատասխանություն, վախ սեռական հարաբերությունից, վախ հղիանալուց, ցավոտ հարաբերություն, կնոջ և/կամ ամուսնու սեռական փորձառության բացակայություն, ամուսնու սեռական խնդիրներ՝ էրեկցիայի թուլություն, վաղաժամ սերմնաժայթքում, և բազմաթիվ այլ գործոններ:
Մշտական անօրգազմիան կնոջ համար սեռական կյանքը վերածում է զուտ այսպես կոչված ամուսնական պարտականության, ինչը անխուսափելիորեն հանգեցնում է սեռական ցանկության նվազման և բացակայության:
Կարծես բացակայում է հաջորդ հարաբերություն ունենալու ստիմուլը: Ուստի միանշանակ զույգերին խորհուրդ է տրվում կարևորել այս խնդիրը և իրականացնել արդյունավետ սեքսոլոգիական բուժում, վերականգնել սեքսուալ ներդաշնակությունը: