Չեչնիայի ներքին գործերի նախարար Ռուսլան Ալխանովը Ուկրաինայում չեչեն մարտիկների տեղակայման վայր կատարած այցի ժամանակ խոստացել է, որ Կիևում ռազմական շքերթ կանցկացվի, որը կնշանավորի ռուսական զորքերի հաջողությունը «նենգ թշնամու նկատմամբ», ասել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
«Չեչնիայի Հանրապետության ներքին գործերի նախարար Ռուսլան Ալխանովն այցելել է ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի բնակչությանը բանդերովցիներից և նացիստական խմբավորումներից, ինչպես նաև այլ թափթփուկներից փրկելու հատուկ գործողությանը մասնակցող մարտիկների գտնվելու վայրն Ուկրաինայում»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով` Ալխանովը նշել է, որ «ռուսական զորքերի հաջողություններն Ուկրաինայի բոլոր ճակատներում և Չեչնիայի Հանրապետության ուժային կառույցների ներկայացուցիչների շոշափելի ներդրումը նենգ թշնամու դեմ հաղթանակում» կհանգեցնեն արդյունքի՝ ռազմական շքերթ Կիևում, «որին կմասնակցեն նաև մեր հատուկ տեխնիկայով չեչեն մարտիկները»։