Երեխաների պատվաստումը Covid 19-ի դեմ
Advertisement 1000 x 90

Երեխաների պատվաստումը Covid 19-ի դեմ

Վերջին երկու տարիներին կորոնավիրուսը դարձավ առողջապահական լուրջ մարտահրավեր, որը փոխեց բոլորիս  կյանքը՝ թիրախավորելով նաև երեխաներին: Եթե Հայաստանում 2020 թվականին  Covid 19-ով ընդհանուր հիվանդացության 4.1%-ն էր բաժին հասնում երեխաներին, ապա այդ ցուցանիշն այժմ աճել է 3%-ով՝ կազմելով շուրջ 7%: Մանկաբույժ Տիգրանուհի Հովհաննիսյանի հետ մենք խոսել ենք այն մասին, թե ինչպես է դրսևորվում Covid-19-ը երեխաների մոտ, ներկայումս ո՞ր տարիքից է կարելի պատվաստել նրանց և ինչպե՞ս է ընթանում այդ գործընթացը:

Ներկայումս մեր երկրում Covid 19-ը որքա՞ն հաճախ է հանդիպում երեխաների մոտ:

Եթե 2020 թվականի սկզբում այն ավելի քիչ էր թիրախավորում երեխաներին, ապա 2021 թվականին երեխաների հիվանդացության տոկոսը բավականին բարձրացել է  հատկապես վերջին մուտացիաների արդյունքում: Նշեմ նաև, որ նախորդ տարի մասնավորապես հակահամաճարակաբանական սահմանափակումներից ելնելով հանդիպում էին միայն կորոնավիրուսով պայմանավորված հիվանդություններ և դիտվում էր սեզոնային հիվանդությունների նվազում, սակայն 2021-ին պատկերը ճիշտ հակառակն է` սեզոնային և կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունները կա՛մ զուգորդում են միմյանց, կա՛մ հանդիպում են միմյանց հետ:

Կորոնավիրուսը ո՞ր տարիքից սկսած է թիրախավորում երեխաներին և ի՞նչ կլինիկական դրսևորումներ ունի: 

Covid-19-ը հանդիպում է բոլոր տարիքային խմբերում, անգամ վաղ մանկական շրջանում՝ մինչև մեկ տարեկան երեխաների մոտ, և ներկայիս մուտացիաները կարող են նույնիսկ այդ տարիքում զարգացնել թոքաբորբեր: Իհարկե, որքան երեխայի տարիքը մեծ է, բարդությունները ավելի հաճախ են դիտվում:  Ի տարբերություն մեծահասակների, երեխաների մոտ հիմնական բարդությունները կարող են ավելի արագ զարգանալ: Այսպես օրինակ՝ երեխայի մոտ շնչառական համակարգի ախտահարումները ավելի արագ ընթացք կունենան, քանի որ նրա շնչուղիները ավելի կարճ են և բորբոքման պրոցեսը արագ կզարգանա:  Երեխաներն ավելի արագ կարող են ջրազրկվել, քան մեծահասակները: Տարբեր են նաև ապաքինման առանձնահատկությունները: Երեխաների օրգանիզմի վերականգնողական հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մեծահասակներինը:Հետևաբար հիվանդությունը հաղթահարելու ընթացքը երեխաների մոտ շատ ավելի հեշտ է:

Իսկ ի՞նչ հետկորոնավիրուսային բարդություններ են հանդիպում երեխաների մոտ: 

Բարդություններից կարող ենք նշել հոդամկանացավերը, թոքաբորբերը, համի և հոտի զգացողության կորուստները: Սակայն ամենավտանգավոր հետկորոնավիրուսային բարդություններից է կավասակիանման համախտանիշը (բազմաօրգան բորբոքային համախտանիշ, ընթանում է մանր և միջին տրամաչափի անոթների բորբոքումով տարբեր օրգան համակարգերում, ամենախոցելի օրգանը սիրտն է, որի դեպքում կարող է զարգանալ սիրտը սնուցող անոթների բորբոքում, ինչը  հետագայում կարող է խթանել անեվրիզմայի առաջացումը), որի դեպքում հիմնական թիրախային խումբը հենց երեխաներն են: 2020 թվականից մինչև հիմա այս համախտանիշի զարգացման ավելի քան 80 դեպք է գրանցվել երեխաների մոտ:

Վերջին մուտացիաներից հետո դիտվում են բարդություններ հենց կորոնավիրուսի ընթացքում, այդ թվում նյարդաբանական,  շնչառական համակարգի, աղեստամոքսային տրակտի ախտահարումներ: Վերջինիս դեպքում կարող են դիտվել փսխումներ, արյունային կղանք, իսկ շնչառական համակարգի ախտահարումների դեպքում կարող են դիտվել լարինգոտրախեիտ, ավելի վաղ մանկական տարիքում՝ բրոնխիոլիտներ: Երբեմն ունենում ենք նաև դեպքեր, որոնք ոչ միայն հոսպիտալացման, այլ նաև վերակենդանացման բաժանմունքում վերահսկողության կարիք են ունենում: Առողջապահության նախարարության տվյալներով կան ավելի քան 30-ից ավել հոսպիտալացված երեխաներ և 3-4 երեխա, որոնց վիճակը բավականին ծանր է գնահատվում:                              Առանձնացնեմ նաև, որ եթե կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից հետո 3-6 շաբաթվա ընթացքում ծնողը նկատում է չկառավարվող ջերմություն, կարմիր աչքեր, ցան, բորբոքված շուրթեր, լնդեր, այտուցներ, պարանոցային ավշահանգույցների մեծացումներ, ապա անպայման պետք է դիմել մանկաբույժին:

Այժմ կորոնավիրուսի դեմ պատվաստում են նաև երեխաներին: Կնշե՞ք, թե Հայաստանում եղած պատվաստանյութերը որքա՞ն անվտանգ են երեխաների համար և ինչպես է մեզ մոտ ընթանում երեխաներին պատվաստելու գործընթացը:

Երբ մոդեռնա պատվաստանյութը հասանելի դարձավ Հայաստանում, ունեցանք թույլտվություն պատվաստել նաև 12-ից բարձր տարիքով երեխաներին: Այս ամենը նոր է գործում, սակայն ունենք մոտ 50 երեխա, որոնք ստացել են պատվաստանյութի առաջին դեղաչափը: Կան երկրներ, որտեղի պատվաստանյութերը թույլատրելի են անգամ երեք տարեկանից, կան երկրներ, որտեղ դա կդառնա պարտադիր և տարատեսակ խմբակներ ու կրթական հաստատություններ այցելելիս անցաթղթի դեր կունենա: Մեզ մոտ դեռևս պատվաստումը ըստ ցանկության է և  բարեբախտաբար արդեն կան 50-ից ավել պատվաստված երեխաներ:

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելն ունի՞ կողմնակի ազդեցություններ:

Բոլոր պատվաստանյութերը ունեն կողմնակի ազդեցություններ: Դրանք կարող են լինել ջերմության բարձրացումով, հոդամկանացավերով ընթացող, տեղային ախտանշաններով՝ օրինակ կարմրություն, ջերմության զգացում, մարմնի այն հատվածում, որտեղ կատարվել է ներարկումը: Այս կողմնակի ազդեցությունները կարող են դիտվել նաև կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո, սակայն դրանք հակացուցում չեն պատվաստման համար:

Այնուամենայնիվ, կան ծնողներ, որոնք հակված չեն պատվաստել երեխաներին, քանի որ թերահավատորեն են մոտենում պատվաստման արդյունավետությանն ու անվտանգությանը: Ի՞նչ կարելի է ասել սրա հետ կապված:

Պետք է գիտակցել, որ մեզանից ամեն մեկը կանգնած է վարակի շղթան կտրելու կիզակետում, այդ թվում՝ երեխաները: Ինչու՞ հենց «իմ» երեխան, քանի որ յուրաքանչյուրս պետք է սկսի իրենից: Բացի այս թե՛ ամբողջ աշխարհի, թե՛ Հայաստանի վիճակագրությունը ցույց տվեց, որ երեխաների մոտ միշտ չէ, որ կորոնավիրուսը թեթև ընթացք է ունենում և ոչ ոք չի կարող բացառել, որ հենց իր երեխայի մոտ այս վարակը կարող է ծանր ընթացք ունենալ: Այս ամենից զատ չմոռանանք, որ երեխան կարող է վարակել խոցելի խմբում գտնվող ընտանիքի անդամներին և այլ մարդկանց: Հետևապես պատվաստվելը (եթե չկան բացարձակ հակացուցումներ) կգործի ոչ միայն լոկալ, այլ նաև գլոբալ ձվով:

doctors.am