«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթը՝ Աշոտ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ապրում էինք Սիսիանում, վարձով։ Ու մեր վարձով տանը ամեն երեկո քրոջս դատավոր էինք կարգում ու երկու եղբայր «մրցում էինք» բանաստեղծություններով։ Գրում էինք բանաստեղծություններ, ժամանակը որոշված էր մեկ գլանակի ավարտով։ Մինչ մեկ գլանակ ծխելը, այն պետք է պատրաստ լիներ։ Դա ձեռքի, մտքի, լեզվի, բառապաշարի հրաշալի վարժանք էր, հղկում։
Ու մի երեկո ես այսպես գրեցի.
Լծենում երկու պոետ կա, երկուսն էլ Մինասյան գրվող,
Ոչ մի կարգին գործ չեն գրել, բայց իրենց կարծում են գրող,
Աշոտը խոհեմ է, կարգին իրեն չի գովաբանում,
Աղվանին խոսքը տալիս ստերի տոպրակն է բանում։
Եվ պատմում ինչ-որ լսել է, ասում է, որ ինքն է արել,
Ասում է՝ անվախ կռվել է, եզան հետ սարում վար արել,
Մտել է արջի բույնը, դուրս արել քոթոթներին,
Այնինչ, իր պարսատիկով քար նետել ճնճղուկներին…
Ու այսպես շարունակվում էր բանաստեղծությունը։ Երբ կարդացի՝ Աղվանը ժպտալով լսում էր, բայց զգացվում էր, որ «նեղացել է»։ Ես ու քույրս ծիծաղում էինք.
– Բանաստեղծի «ինքնասիրությունը» վիրավորված է։ Մեջլիսում պարտվեց բանաստեղծը, վարպե՛տ, տուր սազդ,- այսպիսի արտահայտություններ, ծիծաղ… Երանելի օրեր։ Գիշերն արդեն կիսվել էր։ Եղբայրս էլ ոչ մի տող չգրեց։ Ես ու Աղվանը նույն սենյակում էինք քնում։ Ես կատակեցի. «Ախպերս, այսուհետ մեղմ կմոտենամ» ու ծիծաղով պառկեցի քնելու։ Առավոտյան վաղ արթնացա, որ գնամ աշխատանքի։ Ես աշխատում էի, Աղվանը սովորում էր։ Տեսա, որ Աղվանի անկողինը բացված չէ, գիշերը չի քնել։ Ձայն տվեցի քրոջս։ Քույրս ասաց, որ Աղվանը ողջ գիշեր խոհանոցում գրում-ջնջում էր։ «Դեռ լույսը չբացված՝ մի բանաստեղծություն դրեց քո կողքի պահարանին ու դուրս եկավ»,- ասաց քույրս։ Ես վերցրի բանաստեղծությունը, կարդացի ու մի անբացատրելի կարոտ զգացի՝ որտե՞ղ ես, իմ բանաստե՛ղծ եղբայր, իմ պուճո՛ւր ախպեր։ Կարդացի քրոջս համար։ Երկուսս էլ ժպտում էինք, լուռ էինք։ Բանաստեղծություն էր գրվել։ Հնչեց հեռախոսը, Աղվանն էր։ Առավոտի լռության մեջ հնչեց մի զվարթ ձայն.
– Կարդացի՞ր, հը՞, ո՞նց էր… Էլի ծիծաղո՞ւմ եք…
– Որտե՞ղ ես, Աղվան։
– Քաղաքում եմ, գնում եմ դասի։
– Տոտ Գրետի սրճարանի մոտ սպասիր,- ասացի ու շտապ դուրս եկա տնից:
Առավոտը նոր էր բացվել։ Խանութները, հիմնարկները դեռ փակ էին։ Սիսիանում մի կանաչ սրճարան կար՝ տոտ Գրետն էր աշխատում։ Բանաստեղծությունը վերցրի ու գնացի տոտ Գրետին արթնացրի։ Եկավ սրճարանը բացեց, ու երկուսով նստեցինք սրճարանում ու որոշեցինք գինով կատարենք բանաստեղծության շնորհանդեսը.
– Հը, ո՞նց էր,- նորից հարցրեց Աղվանը։
Ես հիացած ժպտում էի։ Հիմա ծիծաղելու հերթն իրենն էր.
– Լծենում երկու պոետ կա, երկուսն էլ Մինասյան գրվող…
Երկուսս էլ ծիծաղում էինք բարձրաձայն։ Հետո ես գրպանիցս հանեցի բանաստեղծությունը, որը գրվել էր գիշերը ու սկսեցի կարդալ.
Աշոտին
Դու ինքդ հիմա քեզ տիտղոսներ ես տալիս՝
Անքնության,Խղճի,Անզորության,Ցավի,
Տես,որ մարդիկ հանկարծ քեզ ոտքի տակ չառնեն,
Տես՝ չմատնեն քեզ էլ ճիրաններին դավի:
Երեսուն ես արդեն, բայց չես գտել ճամփադ,
Համոզմունքներ ունես անզոր արմատներով,
Դեռ ուզում ես դառնալ Արդարության պահակ,
Արդարությունը,տես,կապկապել ես թելով:
Սրան-նրան անվերջ դուր ես գալիս,ապրես,
Մեկը քեզ դուր չեկա՞վ,որ որոնես նրան,
Սովորել ես անվերջ հանճարներից խոսել,
Իսկ գրածդ միայն անում է բուք-բորոն:
Քեզ փշով ծակելիս,ճիշտ է, լռում ես քիչ,
Սակայն հետո կաթ-կաթ քար ես ծակում,
Ուրիշներին ցավ ես պատճառում մահացու,
Հետո բարություն ես մազերիցդ թափում:
Հին իլիկն ես նորից պտտում իմ գլխին,
Եվ պատմում ես դարձյալ մոնտաժ արված բաներ,
Մի լավ խոսք կա հնուց , ես էլ քեզ եմ ասում
«Քաչալին ճար լիներ՝ իր քաչալին ճար կաներ»:
Կասես «Աչքերը քո, եղբայր, շուտ բացվեցին,
Բայց գլխումդ էլի կռվում են գիժ հորթերը»:
Պատասխանս սա է.
Արևի Աստվածը համբուրեց լեշը,
Եվ լեշից ծնվեցին որդեր:
Հետո մեզ միացան մեր ընկերները: Իսկական գինեձոն էր: Ի՜նչ ուրախություն էր, ի՜նչ հրճվանք: Դա եղբորս հետ անցկացրած երջանիկ օրերից մեկն էր իմ կյանքում:
Կարդում էի, եղբայրս ծիծաղում էր, ես ծիծաղում էի, ու նոր բացվող առավոտի հետ գինի էինք վայելում։ Իրոք, վայելքի օր էր բացվել, և կարծես նկատելի էր Իշխանասարի թագն ու լսելի՝ Որոտանի հառաչը»:
Տպագրվել է Հայ զինվոր թերթում