Ինչ խնդիրների կարող է հանգեցնել նախաճաշից հրաժարվելը
Advertisement 1000 x 90

Ինչ խնդիրների կարող է հանգեցնել նախաճաշից հրաժարվելը

Ճիշտ նախաճաշն օրվա լավ սկզբի կարևորագույն գործոնն է, քանի որ ապահովում է ակտիվ օրվա համար անհրաժեշտ էներգիայով, ուստի սննդամթերքի ընտրությանը հարկավոր է լրջորեն մոտենալ, սակայն խնդիրն այն է, որ մարդիկ շատ հաճախ հրաժարվում են նախաճաշից, ինչը կարող է դառնալ ոչ միայն էներգիայի պակասի, այլև առողջական մի շարք խնդիրների զարգացման պատճառ։

Ինչպես նշել է ներզատաբան Ալեքսեյ Կալինչևը URA.RU-ի հետ զրույցում, լիարժեք նախաճաշից հրաժարվելը կարող է հանգեցնել աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների։

«Նախաճաշից հրաժարվելը կամ սննդի ընդունման ժամերի միջև մեծ դադարներ անելը խթանում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների սրումը», – նախազգուշացրել է մասնագետը։

Նրա խոսքով՝ առավոտյան առանց նախաճաշելու շտապ մի բաժակ սուրճ խմելը կարող է նպաստել գաստրիտի զարգացմանը։ Ընդ որում՝ խնդրի զարգացման հավանականությունն էլ ավելի է բարձրացնում ծխախոտի գործածությունը։ Շատ կարճ ժամանակում այս սովորությունը կհանգեցնի տհաճ ախտանշանների ու ցավային համախտանիշի զարգացման։

Ինչպես ընդգծել է ներզատաբանը, ներկայում մեծահասակների շրջանում գրեթե հնարավոր չէ գտնել որևէ մեկին, որի մոտ դեռ դպրոցական տարիքից առկա չլինի որևէ մարսողական խնդրի, այդ թվում՝ գաստրիտ կամ անգամ ենթաստամոքսային գեղձի քրոնիկ բորբոքում։ Նախաճաշից հրաժարվելը, անկանոն սնվելն ու դատարկ ստամոքսին անհամապատասխան մթերքի կամ ըմպելիքների գործածությունը միայն էլ ավելի է սրում այս խնդիրը։

Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետը հորդորում է երբեք չհրաժարվել նախաճաշից, ճաշից կամ ընթրիքից, իսկ դրանց միջև անպայման որևէ թեթև բան ուտել քաղցը հագեցնելու համար։

tert.am